суббота, 25 мая 2019 г.

Կա չգրված օրենք (596-րդը)


Վերջապես Ֆաթիման լռեց, դուրս եկավ, թակեց իմ դուռը, բացեցի, նա ոչ այնքան ասաց, որքան հասկացրեց ձեռքերի օգնությամբ․
-          Դու պետք է մաքրես խոհանոցը։
Իհարկե տխրեցի՝ հրաժարվելով կատարել բախտակցիս հրամանը՝ հիշելով բանակի չգրված օրենքը․ « Եթե մեկ անգամ թույլ գտնվեցիր, միշտ սխալ կհանեն քեզ և, որպես պատիժ, վրայովդ կքայլի անգամ՝ ամենաստահակը»։
-          Ո՛չ, չեմ մաքրի, քանի որ այնտեղ հիմնականում դու և Սոմալին եք ճաշ պատրաստում, ավելի ստույգ առավոտից մինչ երեկո,- իմ իմացած բոլոր գերմաներեն բառերի և ձեռքերիս օգնությամբ կարողացա  հակադարձել նրան։
Նա, ձեռքի տողորման արագ պտտելով, անցավ ընդհանուր սենյակ՝ ի նշան դժգոհության և ըմբոստության։
Քանի որ Սոմալին վերադարձել էր ուշ երեկոյան՝ արթնացավ ավելի ուշ։ Ֆաթիմայի հետ անցան ընդհանուր սենյակը, սկսեցին շշուկով խոսել, կարծես եթե բարձրաձայն խոսեին, ընդունակ էի որևէ բառ հասկանալու արաբերենից։ Այնուհետև ֆաթիման սկսեց մաքրել հատակը, իսկ Սոմալին՝ անտարբեր նրա փութաջանությանը, մտավ սենյակ և միացրեց հեռախոսը։ Ֆաթիման նյարդայնացավ Սոմալիի արարքից և նույնպես մտավ իր սենյակը, սկսեց խոսել հեռախոսով։ Նրանք խոսում էին բղավելով, իսկ ինձ մնում էր մի քանի ժամ սպանել ընդհանուր սենյակում, քանի որ իմ սենյակը նրանց սենյակների արանքում էր գտնվում։
Սոմալին քաղաքում շատ սոմալեցի ընկերներ ուներ, ուստի ամեն անգամ նրան օգնում էին մթերքը ծանոթ գերմանացու մեքենայով տեղ հասցնել, եթե տոների պատճառով երկար ժամանակ ավտոբուս չէր աշխատում գյուղերում։ Այսպիսով նա միշտ սնունդ էր ունենում։   Ամեն օր առավոտից Սոմալին ճաշ էր պատրաստում՝ տարածելով ախորժալի բույրը, իսկ ինձ մնում էր սպասել մինչև տոներն ավարտվեին, որպեսզի քաղաք գնայի մթերք գնելու, և ստացվում էր՝ հաճախ անելիք չէի ունենում խոհանոցում, բացի թեյ տաքացնելուց։
Միայն տոներից հետո ավտոբուսը սկսեց աշխատել։ Գնացի քաղաք՝ գումար ստանալու և մթերք գնելու։ Սոցիալի աշխատողները փոխվել էին՝ նախկին երկու կանանց տեղը նստած էին երկու տղամարդ և ա՜յ քեզ զարմա՛նք՝ քիչ չէր պատասխանեցին իմ բարևին, անգամ  նայեցին իմ կողմը։ Իհարկե, այն ոգևորիչ էր և ուրախալի։ Նրանցից մեկն ինձ տվեց արդեն պատրասի երկու թուղթ, որի համար առաջներում պետք է սպասեինք միջանցքում՝ գոյացնելով մեծ հերթ։ Սակայն գումարի պակասեցնելը տխրեցրեց ինձ։ Ոչինչ չգնեցի, գյուղ չվերադարձա։ Հետևեցի Ֆաթիմայի օրինակին՝ մեկնեցի Մանեի մոտ։
Կա չգրված օրենք և ըստ այդմ մարդը անգամ ծանր ու անելանելի պահերին տոկում է հանուն իր պաշտելիի՝ մեկի համար այն կարող է լինել հարստությունը, մյուսի համար կարիերան, երրորդի  համար պարզապես հարազատ մեկը և ահա ինձ համար այդ մեկը Մանեն էր, որին հակառակ իմ սպասածի, գտա Գերմանիայի խուլ անկյուններից մեկում։ Նրա ներկայությունն ստիպեց ինձ այլևս չարտասվել՝ պարզապես քարշ գալ ընթացող կյանքի հետևից։  

Комментариев нет:

Отправить комментарий