суббота, 4 мая 2019 г.

Աղջիկը, ի նշան երախտագիտության տեղափոխվեց իմ մահճակալին (596-րդը)


Դեռ չէի հասցրել հասկանալ Մուրադի տխրության պատճառը, երբ թակեցին սեղանը, դուրս նայեցի, սպիտակ գլխաշորով կնոջ՝ սպիտակ գլխաշորով դուստրն էր՝ ամուսնու հետ։
-          Hallo,- ինչպես ընդունված էր ճամբարում, բարևեցին, ապա կինն սկսեց ձեռքերի օգնությամբ ինչ որ բան հասկացնել՝ ցույց տալով իմ սավանապատ «առանձնատան» խորքը, որից ոչինչ չհասկանալով, ստիպված էի նրան ներս թողնել։ Կինը, կարծես, իմ խոսքին էր սպասում, արագ ներս ընկավ, չոքեց  հատակին, սկսեց ինչ որ բան փնտրել, նա ձեռքը երկարացրեց պարսիկի մահճակալի տակ, ապա ոտքի կանգնեց՝ ուրախացած ցույց տալով ոսկյա մատանին։ Այլևս կարիք չկար բացատրելու՝ նրա մատանին գլորվել էր մահճակալների տակ։ Այնուհետև նույն երջանիկ դեմքով «hallo»-ին հետևեց՝  «danke» և «Tschüs» արտահայտությունները։ Նրանք երջանկացած անհետացան սավանների արանքում, որոնք, կողքից դիտելիս, առագասներ էին հիշեցնում՝ այս դեպքում առագաստները հատակի վրա։
Անորոշ տրամադրությամբ նստել էի սեղանի մոտ, դեռ չէի հասցրել բացել տետրը, երբ Այան գլխիվայր կախվեց իմ սեղանին և սկսեց բարձր ծիծաղել՝ միաժամանակ քաղցրավենիք ծամելով։
Օրեր շարունակ Նաիրիի անկողինը նույնությամբ մնում էր, անգամ հյութն էր այնտեղ՝ բարձի վրա դրված, բայց միշտ անհանգիստ էի, թվում էր՝ մինչև իմ տեղափոխությունը, նրանք մի օր ինձանից կտանեն այդ մահճակալը, քանի որ մի քանի մենեջերներ էին աշխատում։ Շատ դեպքերում աշխատում էի չերևալ, հատկապես, երբ նոր փախստականներ էին բերում անծանոթ մենեջերի ուղեկցությամբ և համարյա միշտ մնում էի լարված ու նյարդային։
Մի անգամ սեղանը նորից թակեցին՝ սիրիացի ծերունու դուստրն էր։ Նա կանգնած էր մի երիտաասարդի հետ, հայացքը սևեռած ինձ
-          Նա ասում է՝ ճիշտ չի հասկացել ձեզ, ուստի ներողություն է խնդրում և ուզում է երկրորդ հարկում քնել,- աղջկա խոսքերն ինձ համար թարգմանեց անծանոթ երիտասարդը ռուսերենով։
-          Իհարկե, ինչպես ցանկանում է։ Հակառակ կողմից հարմար է, անգամ չեմ զգա նրա ներկայությունը,- համաձայնվեցի, բայց ինձ ավելի շատ հետաքրքրեց ռուսախոս երիտասարդի ով լինելը։
-          Ռուսաստանի՞ց եք։
-          Ո՛չ, Սիրիայից եմ։
-          Բավականին լավ եք տիրապետում ռուսերենին։
-          Մի քանի տարի ուսանել եմ այնտեղ։
-          Իսկ այստեղ, որտե՞ղ եք ապրում, առաջին անգամ եմ ձեզ տեսնում։
-          Այ այն անկյունում,- նա ցույց տվեց վրանի հեռավոր անյկունը, որտեղ տեղադրված երկհարկանի մահճակալն ամբողջովին սավանապատ էր, իսկ որպես մուտք, միայն մի փոքրիկ անցք էր թողնված։
-          Ահա՜, թե ինչպե՜ս,- ակամա ծոր տվեցի՝ տեսնելով խնամքով փաթաթած մահճակալը։
-          Հիմնականում մնում եմ պառկած, սպասում եմ տեղափոխության, ծնողներիս հետ էի, նրանց տեղափոխեցին, ինձ՝ ոչ։
-          Հետաքրքիր է՝ ինչու՞։
-          Տեղափոխողների մեղքը չէր, ես մի քանի օր ուշ եմ եկել ճամբար, բայց դիմեցի, ասացին՝ սպասիր այստեղ մի քանի շաբաթ ևս, որպեսզի տեղափոխվես ծնողներիդ մոտ, դե ես էլ պետք է սպասեմ, ուստի ինձ համար մի քանի շաբաթ «տրանսֆեր» չկա։
Մինչ զրուցում էի իմ նոր գտած ռուսախոսի հետ, արաբուհին արագ տեղափոխվեց իմ երկրորդ հարկը՝ ի նշան երախտագիտության իմ վաղուց արած առաջարկի։
Ակամա տխրեցի,  երբ Նաիրիի թողած հյութը հայտնվեց աղբամանում։

Комментариев нет:

Отправить комментарий