суббота, 18 мая 2019 г.

Լինում է իրավիճակ, երբ անզոր ես ինքդ տնօրինելու (596-րդը)


Երեկոյան մեզ մոտ եկավ ալբանացիների մեծ քույրը՝ որպես արդեն ծանոթի, այնուհետև  եկան գյուղապետն ու Մարկը։ Նրանք անցան կաթսայատուն, պտուտակները ևս մի քանի անգամ պտտեցին աջ ու ձախ կողմերի, ապա, անհույս ուսերը վեր քաշելով, դուրս եկան, նստեցին ընդհանուր սենյակում՝ փորձելով ծագած խնդրին լուծում գտնել։ Ի վերջո, որոշում կայացրին ցրվել իրենց տներով։ Ես էլ իմ կողմից ալբանուհու միջոցով ևս մեկ անգամ շտապեցի հիշեցնել բանալու մասին՝ վազքով ցույց տալով դուռը։ Գյուղապետը անզոր գլխով արեց, իսկ Մարկը, ցրտից սրթսրթալով, բաճկոնը կոճկեց մինչև վերջ։
Սոմալու հետ միասին, նորից մնացինք յուրաքանչյուրս յուրովի խռոված աշխարհից և իհարկե խափանված ջեռուցումից։ Սոմալին ավելի երկար սկսեց խոսել հեռախոսով, գուցե այն նրան տաքացնու՞մ  էր, իսկ ինձ իսկապես նյարդայնացնում։
Տաքանալու հույսով առավոտյան վեր կացա, գնացի քաղաք։
Դռան զանգը տվեցի, բացեց Ազոն։
-          Նե՛րս եկեք, հիմա Կաման կարթնանա, դեռ քնած է,- ասաց նա՝ նայելով իմ մրսած տեսքին,-Շատ մրսած եք երևում, ի՞նչ է՝ այդքան ցու՞րտ է դրսում։
-          Մենք ջեռուցում չունենք, ես վաղուց եմ մրսել, ոչ այսօր,- առանց նախաբանի՝ պատասխանեցի նրան։
-          Դուք ո՞ւմ եք պետք, որ ջեռուցում տան,- պատասխանեց Ազոն և սկսեց ծիծաղել իր արտահայտած մտքի վրա, այնուհետև ձայն տվեց կնոջը,- Կամա՜, Ջանոն է եկել։
Խոհանոցի դռանը երեևաց դեռ քնատ Կաման,- Չե՞ս կարող մի քիչ կամաց, երեխաները քնած են,- նախատեց ամուսնուն, երևի նաև ինձ։
-          Իբր դու քնած չէիր,- պատասխանեց Ազոն՝ ծամածռելով դեմքը, ապա անցավ լոգարան,- Կամա՛, ինձ էլ սուրճ դի՛ր։
Քունը դեռ գլուխը՝ եկավ Լինան՝ նրանց մեծ դուստրը։
-          Բարև ձեզ,- բարևելուց հետո, կանաչ աչքերը հառեց ինձ վրա,- Գիտե՞ք՝ ես շուտով մանկապարտեզ եմ գնալու։
-          Ուրախ եմ քեզ համար, Լինա ջան։
-          Հա լավ, անցիր լվացվի՛ր,- միջամտեց Կաման, և փոքրիկ աղջնակը կաշկանդված անհետացավ։ Ինքս էլ ակամա լրջացա և ինքնաբերաբար տեղից վեր կացա։
-          Ո՞ւր, նստե՛ք, դեռ հաց պիտի ուտենք,- ասաց Կաման։
-          Շնորհակալ եմ, պետք է գնամ։
Կամայի տանը տաքացածը դեռ երկար զգում էի, երբ դուրս եկա։ Գնումեր կատարելուց հետո, մնացի կանգառում մինչև ավտոբուսի ժամը։ Աշխատելով խուսափել Ազոի կծու կատակներից՝ նորից չվերադարձա այնտեղ։ Մի քանի անգամ ավտոկայանը լցվեց ու դատարկվեց դպրոցականներով։ Վերջապես, չորս ժամ սպասելուց հետո եկավ նաև գյուղի ավտոբուսը։
Մութն արդեն ընկել էր, երբ տեղ հասա։ Հոգնած ու ջարդված մտա սենյակ՝ շարունակելով մրսել, առանց ընթրելու կուչ եկա մահճակալին մինչև հաջորդ առավոտ, իսկ Սոմալին հեռախոսով խոսում էր ու խոսում և թվում էր՝ շատախոսությունը տաքացնում էր նրա մարմինը։

Комментариев нет:

Отправить комментарий