четверг, 30 мая 2019 г.

Գյուղապետի կարծիքը կարևոր էր ինձ համար(596-րդը)


Ըստ պայմանավորվածության՝ առավոտյան  պետք է երեքով գնայինք մաքրություն անելու, բայց, արի ու տես, Ֆաթիման, ինձ տեսնելով, բռնեց փորը, սառեցրեց հայացքը՝ ցույց տալով նաև ոտքի մատերից մեկը, ստույգ չեմ հիշում թե որը, սկսեց նվվալ․
-          Ամեն տեղս ցավում է։
Հուսահատված ծեծեցի Սոմալիի դուռը՝ հիշելով նրա երեկվա կայտառ տրամադրությունը, բայց նա ևս, ինձ տեսնելով, փորը բռնեց՝ առանց ոտքի մատը ցույց տալու։
Մնացի մենակ երեք հարկանի շենքի հետ։ Հուսահատված էի։ Ոչ այնքան չէի ուզում գնալ, որքան չգիտեի՝ ինչից կարելի է սկսել, բայց քիչ հետո, զգաստացա  և որոշեցի փորձել մենակ աշխատել։
Սկզբում, մուտքի դուռը բացել, մնացել էի շվարած կանգնած, այնուհետև հավաքեցի ինձ, առաջին հերթին շրջեցի հարկերով։ Շենքը անմխիթար վիճակում էր՝ հին կեղտը խառնվել էր վերանորոգումից մնացած թափոնին։ Վեր տանող աստիճանների մուգ գույնի ուղեգորգը պատված էր սպիտակ շան մազով։։
Մաքրությունն սկսեցի երրորդ հարկից։ Չգիտեմ՝ որքանով ստացվեց, բայց կարողացա մաքրել միայն մեկ հարկը։ Վերադարձա ոչ այքան հոգնած, որքան վատ ինքնազգացողությամբ։ Երբ ներս մտա, դռնից լսվում էր Ֆաթիմայի ու Սոմալիի ձայները, ինչպես միշտ, նրանք բարձրախոսները միացրած խոսում էին հեռախոսով։
Երեկոյան նորից եկավ գյուղապետը։ Ֆաթիման լսելով գյուղապետի ձայնը՝ անջատեց հեռախոսը, ձեռքը փորին դրած՝ դուրս եկավ սենյակից՝ մոռանալով կաղալը։ Մի կերպ բացատրեցի գյուղապետին՝ կարողացել եմ միայն մեկ հարկը մաքրել։ Նա լուռ անցավ ընդհանուր սենյակ, լսեց Ֆաթիմայի գանգատը։
-          Քաղաքում բնակարան գտեք, ինձ տեղափոխեք այնտեղ, որդուս էլ բերք ինձ մոտ։
Այդպես էլ չիմացա՝ գյուղապետը զարմանքի՞ց էր գլխով անում, թե՞ համաձայնվում էր օգնել, իսկ գուցե պարզապես, որպես մարդ, շփոթվա՞ծ էր․․․ Գուցե․․․
Սոմալին երևաց ավելի ուշ, կանգնեց պատի տակ՝ աշխատելով կծկված դիրք ընդունել, սակայն գլխի չընկա՝ արդյոք նկատվե՞ց նրա ջանքը գյուղապետի կողմից։  
Գյուղապետը նկատելի տխրեց,  տեղից վեր կացավ։
-          Գոնե առաջին հարկի զուգարանները մաքրեիք, շենքը դեռ ոչինչ, ասացի առիթ կա,-  կիսաձայն ավելացրեց նա։
-          Վաղը կշարունակեմ,- թե ինչու՞, բայց նորից համաձայնվեցի, թեկուզ այն գյուղապետին չոգևորեց, նա հրաժեշտ տվեց նույն տրամադրությամբ, բայց հույսով։
Գյուղապետի գնալուց հետո երկու կանայք մոռացան փորացավի մասին, նորից միացրին հեռախոսներն, այս անգամ միայն Սոմալին անցավ իր սենյակը, Ֆաթիման մնաց նստած բազմոցին։ Ես էլ թաքնվեցի իմ բաժին անկյունում՝ տխուր ու հիասթափված, քանի որ կարծում էի՝ նրանք կփոխեն իրենց որոշումը և գոնե մյուս անգամ կօգնեն ինձ ավարտել շենքի մաքրությունը, սակայն այդպես չեղավ։
Հաջորդ առավոտյան, արթնացել էի վաղ ծեգին Ֆաթիմայի լացի ձայնից, նա այդ օրն ավելի մոլեռանդ էր նամազն անում, ուստի, որքան էլ անձրևը հեղեղեր, վաղ դուրս եկա՝ գեթ մեկ անգամ ազատվելու  պարտադրված ունկնդիր լինելուց այդ կնոջ վայնասուին։

Комментариев нет:

Отправить комментарий