четверг, 23 мая 2019 г.

Աշխարհի թափոնը մեքենան է, իհարկե պոլիէթիլենից հետո (596-րդը)


Վիտլիխի կանգառում երկար սպասելուց հետո, վերջապես եկավ  ավտոբուսը։ Մրսած ու ոգևորված նստեցի, երբ ուշքի եկա, պարզվեց՝ սխալ երթուղի էի նստել։ Վազքով, բոլորին դիպչելով, ընթացքից մոտեցա վարորդին։
-          Ես Վիտլիխ եմ գնում,- այնպես դիմեցի, կարծես նա էր ինձ ուժով նստացրել այդ ավտոբուսը, բայց հասկանալով  իմ խուճապը, կտրուկ արգելակեց և ինձ իջեցրեց պատահական գյուղի պատահական մի կանգառում՝ հասկացնելով՝ պետք է ետ գնալ, իհարկե ինքս էլ էի գիտակցում, բայց ինչպե՞ս, ինչո՞վ։ Դա արդեն վեր էր իմ իմացությունից։
Անծանոթ կանգառում երկար սպասեցի, իսկ գուցե ոչ այնքան երկար, որքան թվում էր ինձ, բայց յուրաքանչյուր անցնող րոպե իսկապես ժամ էր թվում: Խուճապահար շուրջս էի նայում։  Այդ ընթացքում միայն երեք հետիոտն անցան, իսկ մեքենաներն, ինչպես ամենուր, անվերջ սուրում էին իրար հետևից։ Վախվորած, երբեմն ձեռքս վեր էի բարձրացնում՝ իբր մեքենա կանգնեցնելու, բայց նրանք այնպես էին անցնում, և նորից ինձ թվում էր՝ ես անգո եմ՝ ոչ ոք չի կարող ինձ  տեսնել։
Աշխարհի թափոնը մեքենան է, եթե անտեսենք պոլիէթիլենը։ Քաղաքները փռշտում են մեքենաների ծխից։ Յուրաքանչյուր ընտանիքի յուրաքանչյուր չափահաս անդամ մեքենա է վարում՝ որոշ դեպքերում նաև անչափահասները, իսկ ես, որպես մոլորյալ հետիոտ, դողում էի ցրտից այդ նույն աշխարհի մի անկյունում։ Ոչ այնքան մոլորվածությունից, որքան մարդու անտարբերությունից հոգիս լացում էր, իսկ սիրտս ճզմվում՝ արդյունքում հազիվ էի կարողանում զսպել լացս և մնալ ոտքի վրա։ Արտասունքս կուլ էի տալիս և կարծես այն վեր էր ածվում ցրտի՝ սողոսկելով մինչև ոսկորներս։ Վերջապես երևաց ավտոբուսը, ճամպրուկը քարշ տալով՝ առաջացա։ Պարզվեց՝ նույն վարորդն է, նույն ավտոբուսով։ Ինձ տեսնելով՝ նա տարուբերեց գլուխը։ Բարձրացա ավտոբուս, հոգնությունից ընկա նստարանին։ Մինչև ավտոկայան, հասցրեցի մի քիչ տաքանալ, բայց ավտոկայան հասնելով, նորից սկսեցի մրսել, քանի որ մի ամբողջ ժամ ուշացել էի գյուղի ավտոբուսից։ Մնացի նստած կանգառում։
Արդեն մթնել էր։ Ավտոկայանում ընդամենը երեք ավտոբուս էր մնացել, իսկ կողքի նստարանին մի քանի նորաթուխ երիտասարդներ, գարեջրի ազդեցության տակ, աղմկում էին, այնուհետև նրանց աղմուկը վերածվեց ծեծկռտուքի։ Նրանց անտարբեր հետևում էին երեք ավտոբուսների երեք վարորդները և քթների տակ մրմնջում։ Ավելի անտարբեր էին մի քանի հեծանվով մարդիկ, նրանք հերթով ստուգում էին աղբամանները՝ շիշ գտնելու ակնկալիքով՝ միաժամանակ պտտվում էին կարգազանց երիտասարդների շուրջը, հույսով տիրանալու նրանց ձեռքի գարեջրի շշերին։
 Վառվեցին  փողոցային լույսերը, իմ վհատությունը հասավ գագաթնակետին, բայց այն կործանարար չեղավ, քանի որ վերջապես եկավ փոքրիկ բուսը, ինչն այդ պահին  ամենաշատն էի սպասում ու փափագում աշխարհում։ Ինձ գցեցի ներս, ցույց տվեցի անհաջող տոմսը, նստեցի։ Վարորդը մոտեցավ, հարցրեց․
-          Որտե՞ղ եք ապրում,- ուղիղ նայում էի նրան՝ լսում, սակայն չէի հասկանում, չնայած այդ նախադասությունը բազմիցս լսել եմ, և միտքը վաղուց հասկանում էի։ Ախր հազար անգամ կարդացել եմ այն և անգիր սերտել։ Մի քանի անգամ կրկնելուց հետո, պատասխանեցի։
-          Արենիր։
Ավտոբուսը շարժվեց։ Քանի որ ավտոբուսի միակ ուղևորն էի, ուստի վարորդը տեղ հասցնելով ետ դարձավ Արենիրից։ Վերջապես ներս ընկա իմ սենյակ, և որքան էլ ցուրտ լիներ,  այդ պահին այն ինձ համար այնքան ջերմ ու հարազատ թվաց, իհարկե, մինչև սթափվելը և իմ առաջին գործը եղավ անհաջող տոմսը ծվեն ծվեն անել, նետել աղբամանը։

Комментариев нет:

Отправить комментарий