вторник, 7 мая 2019 г.

596-րդը կար (596-րդը)


Եկավ հերթական գումար ստանալու օրը։ Նստած սպասում էի՝ ավելի ճիշտ ռիսկ չէի անում հերթ կանգնել։
-          Ինչու՞ չեք գնում գումարը ստանալու,- ներս մտնելով, զարմացած հարցրեց Ազոն։
-          Դուք արդեն ստացե՞լ եք,-սրտի թրթիռով ակամա ոտքի կանգնեցի՝ հայացքս հառած նրան։
-          Այո։
-          Ե՞վ․․․
-          Եվ ի՞նչ, կարծում եմ՝ այս շաբաթ մենք էլ կտեղափոխվենք,- ուրախ պատասխանեց նա,- Գնացե՛ք, գուցե ձեր գումարն էլ պակաս տան։
Հերթի մեջ բոլորն ուրախ աղմկում էին՝ ոմանք նոր էին, ուրախ էին գումար ստանալու համար, ոմանք համոզված էին, որ վերջին անգամ են հերթ կանգնել։ Առջևից երևում էին գումար ստացողների երջանիկ դեմքերը՝ հատկապես, երբ նրանք այնտեղից հեռանում էին նոր ճամպրուկներով։ Այն փաստում էր նրանց տեղափոխությունը։ Ճամպրուկով դուրս եկողների մեջ էին Մուրադը, Մեհմետը, Արմենը՝ նրանք դեռ մեկ ամիս չկար ճամբարում էին։ Երբ հերթն ինձ հասավ, բարեհամբույր գերմանուհին իմ առջև դրեց ցուցակը, ստորագրեցի 596-րդի դիմաց, ստացա չորս եվրո և մի քանի ցենտ։ Այնտեղից դուրս եկա նույն զգացողությամբ, եթե ոչ ավելի տխուր։ Տեսափոխվելու առկայությունն ինձ համար այլևս ուրախալի չէր, վերադառնալով, նորից թաքնվեցի սավանապատ մահճակալում։
Վաղ առավոտյան «Transfer»-ի ցուցակներն փակցված էին կարմիր պատին, որտեղ արդեն մեծ հերթ էր։ Ինձ առաջ գնալ չհաջողվեց։ Մի կողմ քաշվեցի՝ սպասելով։ Հավաքվածների միջից դուրս եկավ Մուրադը՝ ժպիտը դեմքին, տեսնելով, մոտեցավ ինձ։
-          Մենք էլ ենք տեղափոխվում,- ուրախությունը չթաքցնելով արտաբերեց նա,- Ձեր անունը կա՞։
-          Չգիտեմ, առաջ գնալն անհնար է, սպասում եմ։
-          Դե ես գնամ, երեխաներին մենակ եմ թողել, այլապես ձերն էլ կնայեի,- ասաց նա, քայլելու հետ մեկտեղ միացրեց հեռախոսը։ Լսելի էր, թե նա որքան մեծ ուրախությամբ էր հաղորդում տեղաթոխության լուրը հիվանդանոցում, երկվորյակների հետ սպասող կնոջը։
-          Բարև ձեզ,- շարունակում էի հայացքով հետևել Մուրադին, երբ հերթից դուրս եկավ հերթական ծանոթ դեմքը,- Պատկերացնու՞մ եք, երբ կարդացի ցուցակները, հետո միայն հավատացի իմ տեղափոխությանը, թեկուզ գումարն արդեն ստացել էի,- շարունակեց ադրբեջանցի Մեհտին,- Իսկ դու՞ք, ձեր անունը կա՞ ցուցակներում։
-          Չգիտեմ, սպասում եմ, գուցե հետո կարողանամ առաջ գնալ, նայել։
-          Հիմա ես կնայեմ,- ասաց Մեհտին, կորավ բազմության մեջ, քիչ հետո ետ եկավ։
-          Ձեր համարը վերջին ցուցակում է, գրված է Վիտլիխ Լանդ։
-          Անգամ չգիտեմ՝ դա ինչ է։ Արդյո՞ք լավ տեղ է, թե վատ։
-          Այստեղից լավ կլինի,- ոգևորված պատասխանեց նա։ Քիչ հետո մեզ միացան Ազոն և Արմենը, նրանց հետևից երևացին նրանց ընտանիքները։
-          Վերջապե՜ս,- ուրախացած բացականչեց Կաման։
-          Բարև ձեզ,- ժպտալով մոտեցավ Արմենի կինը, որին պարզվեց  մի քանի անգամ տեսել էի, երեխաներին զուգարան տանելիս։
Նախաճաշի ժամին ցուցակների մոտ մարդ չմնաց։ Մնացի մենակ, մոտեցա կախված ցուցակներին՝ իսկապես 596-րդը կար, իսկ դիմացը գրված էր Արմեն, այն վերջին ցուցակում էր,  Վիտլիխ Լանդ՝ անծանոթ անուն էր։ Ո՛չ ուրախ էի, ո՛չ էլ տխուր։ Մնացի այնտեղ այնքան ժամանակ, մինչև ճաշարանը դատարկվեց, քայլեցի նախաճաշի հետևից։
Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, դեռ լույսը չբացված, նորից մոտեցա ցուցակներին, և նորից համոզվեցի՝ 596-րդը տեղում էր, սակայն տխրեցի, քանի որ, ոչ  մարդավարի անուն ունեի այնտեղ, ոչ էլ ազգություն։ Որտեղի՞ց էին հնարել Արմենը՝ ո՞վ էր Արմենը՝ ազգային պատկանելիությու՞նս էր, թե՞ անունս․․․

Комментариев нет:

Отправить комментарий