четверг, 30 мая 2019 г.

Աշխատելը վիրավորական չէր, այլ վարձատրությունը (596-րդը)


Հնչեց դռան զանգը, դուրս եկա բացելու, Ֆաթիման արդեն բացել էր։ Ներս մտավ գյուղապետը։
-          Ինչպե՞ս եք,- սկսեց նա։
-          Գութ, դանքե,- միաբերան պատասխանեցինք մենք, այնուհետև առաջին հերթին նրան ցույց տվեցի խափանված՝ գիշերուզօր վառվող ջեռուցումը։
-          Օգնեք, որպեսզի անջատեն,- մի կերպ կարողացա իրար կպցնել բառերը։ Իմ խնդրանքից խեղճ գյուղապետը տարակուսած գլխի շարժումով համաձայնվեց օգնել, թե հաղորդել համապատասխան մարմիններին, ինձ համար այնքան էլ պարզ  չէր, բայց որ նա անձամբ անզոր էր հարցը կարգավորելու, ակնհայտ էր։
-          Իմ տղան և ես ուզում ենք միասին ապրել, օգնեք քաղաքում տուն գտնել,- այս նախադասությունն էլ իր հերթին իրար կպցրեց Ֆաթիման։ Քիչ հետո մեզ միացավ նաև Սոմալին։
-          Ես էլ եկել էի ձեզանից օգնություն խնդրելու,- անսպասելիորեն, մեր բոլոր խնդիրների և խնդրանքի փոխարեն, պատասխանեց գյուղապետը։
-          Ի՞նչ օգնություն,- զարմացած հայացքներս հառեցինք նրան։ Քանի որ գերմանացին ի՞նչ օգնություն պետք է ակնկալեր անճարակ ազուլից, ուստի քնած հպարտությունն իրեն զգացնել տվեց իմ մեջ։
-          Մի շենք կա մաքրելու,- անվստահ ասաց նա։
Երեք ազուլներով իրար նայեցինք, համարյա միաժամանակ հնչեց հարցը իմ ու ֆաթիմայի բերանից, իսկ Սոմալիի հայացքից, քանի որ նա ոչ մի բառ չէր խոսում Գերմաներեն․
-          Ի՞նչ շենք է։
-          Գյուղի կենտրոնում է, շուտով այնտեղ պետք է ամերիկացիներ գան։
-          Ամերիկացինե՞ր,- մի տեսակ վրդոհված ծոր տվեց Ֆաթիման,- մեզ բերել եք այստեղ, իսկ լավ տները տալիս եք ամերիկացիներին, դեռ մենք էլ պետք է մաքրե՞նք։
-          Ինչ արած,- ուսերը թոթովեց գյուղապետը՝ տխուր ժպտալով,- հենց այնպես չեմ ասում մաքրեք, կվճարեմ։
-          Որքա՞ն եք վճարելու,- ավելի շուտ ձեռքի օգնությամբ հետաքրքրվեց Ֆաթիման։
-          Ժամը մեկ եվրո,- պատասխանեց գյուղապետը, որից Ֆաթիման բացասաբար գլուխն օրորեց։
-          Մե՞ծ է շենքը,- հետաքրքրվեցի ես։
-          Երեք հարկ է, ահա՛, բանալիները, եթե համաձայնվեք, հենց վաղվանից էլ սկսեք, քանի որ երկու շաբացից նաև առիթ կա նշելու այդ շենքում։
-          Գութ,- համաձայնվեցի առաջինը։
Ֆաթիման ու Սոմալին, իմ որոշումից վրդովմունքը հազիվ թաքցնելով, ցասումը հայացքի վերածած, նայեցին ինձ։ Ես էլ իմ կողմից ձևացրի, թե չեմ նկատում նրանց դժգոհած  դեմքերը։
Չնայած դժկամությամբ, բայց իմ համաձայնությունից հետո Ֆաթիման և Սոմալին ևս համաձայնվեցին, և մենք երեք ազուլներս գյուղապետի հետ միասին գնացինք գործին ծանոթանալու։Շենքը երեք հարկանի էր։ Մեր ապրելու տեղից այնքան էլ հեռու չէր։ Քանի որ մենք գյուղին ծանոթ չէինք, ըստ գյուղապետի՝ շենքը գտնվում էր գյուղի կենտրոնում։ Հաջորդ օրվա համար պայմանավորվելուց հետո, վերադարձանք առանց գյուղապետի՝ մեզ հետ բերելով միայն շենքի բանալիները։

Комментариев нет:

Отправить комментарий