вторник, 14 мая 2019 г.

Նա գնաց տխուր ու լացած աչքերով (596-րդը)


Արթնացա դռան զանգից, մինչև ուշքս գլուխս հավաքելը, Ֆաթիման թակեց իմ դուռը՝ բացեցի, նա ձեռքով ինձ կանչեց դուրս։ Երկու անծանոթ տղամարդիկ կանգնած էին մուտքի մոտ։ Մոտեցանք, նրանք մեզ ինչ որ բան էին հասկացնում, բայց երբ ամեն ջանք ապարդյուն անցավ, պարզապես ինձ ու Ֆաթիմային հրավիրեցին դրսում կանգնած մեքենայի մոտ, նրանցից մեկը ցույց էր տալիս թափքից երևացող հագուստն ու կոշիկները։ Մեծ մասը բաժանեցին մեզ, իսկ մնացածը ետ տարան։ Մենք էլ մեր հերթին  ուրախացած տեղավորվեցինք բազմոցին՝ փորձելու։ Պարզվեց՝ հագուստի հիմնական մասը մեզ էր հասել քսաներրորդ դարից, այսինքն որքան էլ ինքս փափագեի տաք հագուստի մասին, ոչ մեկը հարմար չէր հագնելու մեր օրերում, ուստի այդ պահից այլևս  մոռացա, երբ ամեն անգամ ինձ մերժում էին ճամբարի փոքրիկ եկեղեցում հագուստ բաժանելիս։ Իմ մեջ մնաց միայն անտեսված լինելու վիրավորանքը։
Չնայած Ֆաթիմայի հագն ու կապը բավականին ժամանակակից էր և թարմ, բայց  նա առանձնացավ անծանոթ տղամարդկանց տված հագուստի հետ։ Շուտով ետ եկավ՝ կանացի կոստյումը թևին գցած, մեկնեց ինձ։
-          Ո՛չ, չեմ ուզում,- հասկացրի նրան։ Նա թոթովեց ուսերը, այն մի քանի հագուստի հետ կախեց միջանցքի կախիչից, որոնք այդպես էլ մնացին կախված Սոմալիի բանալու կողքին։
Ֆաթիման վերադարձավ իր սենյակը, սկսեց բարձրաձայն լաց լինել։ Թվում էր՝ լաց լինելը աստիճանաբար սովորություն էր դառնում նրա մոտ։ Ամեն անգամ նրա լացի ձայնից հոգիս պաղում էր և անզորությունից մտովի մեղադրում էի՝ ինձ այնտեղ ուղարկողին, բայց միայն թաքուն։
Քանի որ, արդեն հարազատներ ունեի Գերմանիայում, սիրով, թեկուզ մի քանի օրով, կանհետանայի այդ հարկից, բայց բանալի չունենալն ինձ ստիպում էր սպասել սոցիալի  որոշմանն առ այն՝ արդյոք ինձ բանալի հասնու՞մ է, թե ոչ։ Անորոշ վիճակից հաճախ գամվում էի մահճակալին և այնտեղից երկար դիտում աշխարհին։ Լինում էին պահեր, երբ երկնքում ամպի նշույլ չէր երևում, և աշխարհին էի նայում արևի աչքերով։ Միայն հաճախ վեր խոյացող ինքնաթիռները երկինքը խզմզում էին ծխե երկա՜ր շիթերով, իսկ հետո կտրատվում էին՝ վերածվելով ամպի քուլաների, այնուհետ աննկատ կորչում։ Տանիքների վրայով հաճախ թռչում էին բադերի երամները, և նրանց կռինչն արձագանքում էր հե՜ռու, հեռուներում։
Առավոտյան Ֆաթիման պատրաստվեց դուրս գալ։
-          Ու՞ր- տեսնելով հարցրի նրան։
-          Աղջկաս մոտ,- պատասխանեց նա և գնաց տխուր ու լացած աչքերով։
Իհարկե, դեմ չէի նրա մեկնելուն, քանի որ այդ կինը տառապում էր բառի ամենաիսկական իմաստով, միայն թե այլևս չէի վախենում մենակությունից, այլ սարսափում էի այդ հսկա ու մութ հարկում, ուստի միայն լռեցի՝ քաշվելով իմ սենյակում, որտեղից գոնե կցկտուր երևում էր աշխարհից մի կտոր։ Որքան էլ դրսում ցուրտ լիներ, պատուհանը բաց էի թողնում, որպեսզի գոնե դրսից լսվող ձայները խանգարեն իմ մենությունը։

Комментариев нет:

Отправить комментарий