четверг, 2 мая 2019 г.

Եվս մեկ ծանոթություն (596-րդը)


Ճաշարանը ևս փոխվել էր, այլևս չկային սեղաններն ու աթոռները, այնտեղ մի անկյունում մուսուլմանների համար անկյուն էր պատրաստված, որտեղ նրանք կարող էին ժամանակը սպանել «ղայլան» ծխելով, կամ այլ զբաղմունքով, որոնց մասին իհարկե ես գաղափար չունեի։ Հերթը երկարել էր մի դռնից մյուսը։ Երբ ներս մտա, թվաց՝ առաջին անգամ եմ լինում այնտեղ։ Այնքան անծանոթ էին շարք կանգնած դեմքերը։
-          Կովկասի՞ց եք,- ռուսերեն հարց տվեց դեպի ինձ շրջված, լայն դեմքով, միջին հասակի, ածուխի պես սև մազերով մի երիտասարդ։
-          Այո՛, իսկ դուք որտեղի՞ց եք։
-          Ադրբեջանից եմ, այսուհետ ընկերներ կլինենք,- ուրախացած պատասխանեց նա,- ընտանիքո՞վ եք։
-          Ո՛չ, մենակ եմ, իսկ դու՞ք։
-          Ես ևս մենակ եմ, կնոջս թողել եմ Ադրբեջանում, մտածեցի կտեղավորվեմ, հետո  կբերեմ։
-          Այո՛, հնարավոր է, բայց մի քիչ դժվար տարբերակ է։
-          Մի քիչ չէ, բավականին,- ժպտաց նոր «ընկերը» և նախաճաշի հետ դուրս եկավ։ Նրա հետևից էլ ես դուրս եկա։ Վրանի դիմաց մի քանի տղամարդ կանգնած զրուցում էին, նրանց միացավ ադրբեջանցին։
-          Բարև ձեզ,- մոտեցավ Կամայի ամուսինը՝ Ազոն, նրա հետ ևս մի փոքրամարմին, նկատելի կուչ եկած տղամարդ։
-          Բարև, ինչպե՞ս եք, դուք դեռ այստե՞ղ եք,- սկսեց Ազոն։
-          Բարև ձեզ, անունս Արմեն է- ներկայացավ անծանոթը։
-          Տեսնում եմ՝ մեզ մոռացել են, այստեղ բոլորն արդեն մեզանից հետո եկածներն են,- գանգատվեց Ազոն։
-          Մենք բոլորս միասին ենք գնալու այստեղից,- միջամտեց Արմենը,- դուք նույնպե՞ս վաղուց եք այստեղ։
-          Մեզանից մեկ շաբաթ է ուշ եկել,- իմ փոխարեն պատասխանեց Ազոն։
-          Դե լավ մի ուրիշ անգամ կխոսենք,- քամհարանքով ասաց նոր ծանոթը և Ազոյի հետ անցան վրանի հետևը։
-          Հայրենակիցներդ են, բայց կարծես օտար լինեն,- կարծես գետնի տակից բուսնեց Խալեդը։
-          Ինչ արած,- չիմանալով ինչ պատասխանել՝ ուսերս թոթովեցի, հետո քայլեցի դեպի վրանի կողմը։
-          Չնայած ցուրտ է, բայց լավ եղանակ է, արի քայլենք,- առաջարկեց նա։
-          Իսկ դու արդեն նախաճաշե՞լ ես։
-          Ո՛չ, բայց նախ պետք է այն վերցնեմ,- պատասխանեց նա և մտավ ճաշարան․․․

Комментариев нет:

Отправить комментарий