вторник, 7 мая 2019 г.

Դանիելը երկու քույրիկ ունեցավ (596-րդը)


Ճամբարում, սիրիացիներն այլևս մեծամասնություն չէին կազմում՝ աֆղաններն էին  ու տարբեր երկրներից եկած աֆրիկացու արտաքինով մարդիկ։ Երբեմնի գունազարդ ու ինձ համար կյանքի խորհրդանիշ դարձած բնությունը խորթացել էր, այն կարծես սառույցից շինված լիներ։ Համարյա ճաշարան չէի մտնում։ Իմ բաժին ուտելիքը վերցնում էր հիմնականում Դանիելը՝ նա  նաև իմ զրուցակիցն էր և, որպես քաղցրասերի, նրան հյուրասիրելու համար միշտ ունենում էի մի որևէ քաղցրավենիք։
-          Ես ևս երկու քույրիկ ունեցա,- ներս մտնելով ասաց Դանիելը՝ առանց ուրախության։
-          Շնորհավորում եմ, իսկ ինչու՞ ես տխուր։
-          Այո, բայց նրանք չեն գալու այստեղ, կմնան հիվանդանոցում։
-          Ուրեմն դուք կհանդիպեք ճամբարից դուրս, այսինքն ձեր նոր տանը։
-          Կարծու՞մ եք,- ժպտաց տղան։
-          Չեմ կարծում, հաստատ այդպես  կլինի,- փորձեցի ոգևորել նրան, բայց և իրականում այդպես էլ նախատեսված էր։
-          Այաշկան ամեն գիշեր լացում է, մամային է ուզում, իսկ հայրիկը չի կարողանում  հանգստացնել,- ավելի տխրեց Դանիելը։
-          Այո՛, լսում եմ, ափսոս, ոչնչով օգնել չեմ կարողանում։
-          Տվեք գնամ ձեր ճաշը բերեմ,- առաջարկեց նա։
-          Իսկ հայրիկդ չի՞ զայրանա։
-          Ոչ, նա ինքն է վերցնում մեր ճաշը, ինձ չի վստահում, արդեն երկու անգամ կորցրել եմ քարտերը,- ծիծաղելով ասաց նա։
-          Դե լավ այսօր ես կգնամ,- փորձեցի նրբանկատորեն մերժել տղային։
-          Դուք է՞լ չեք վստահում,- անսպասելի հարցից շփոթվեցի և, առանց բառ ասելու, նրան տվեցի սննդի քարտը։
Երկար սպասելուց հետո ավելի շուտ անհանգստացա տղայի համար, քան ճաշի, ուստի գնացի ճաշարան՝ այն տնքում էր բազմությունից, հերթը վեր էր ածվել մեծ խմբի, իսկ Դանիելին հազիվ կարողացա գտնել նրանց մեջ, ինձ տեսնելով՝ մոտեցավ։
-          Նրանք իրար հրում են, թույլ չեն տալիս առաջ գնալ,- բացատրեց նա։
-          Արի՛ միասին կանգնենք,- իմ առաջարկից նա շփոթվեց։
-          Ո՛չ, ես արդեն մոտիկ եմ, գնացե՛ք, ինքս կվերցնեմ,- կարծես չցանկանալով թույլ երևալ՝ առարկեց նա և սպասեց այնքան մինչև դուրս եկա ճաշարանից։
Իհարկե շարունակում էի անհանգստանալ, երբ վերջապես նա եկավ ճաշի հետ։
-          Ահա՛, վերցրեք, այսօր նաև բանան են տվել,- ցույց տվեց, հետո դրեց սեղանին։
-          Բանանը վերցրու քեզ, - ուզեցի հյուրասիրել նրան։
-          Ո՛չ, չեմ ուզում, ինձ մի հատիկ քաղցր կոնֆետ կտա՞ք,- մատով ցույց տալով մեկը՝ հարցրեց նա։
-          Իհարկե, կտամ,- ուրախացած նրան տվեցի մի քանի հատ և նա երջանկացած հեռացավ, ես էլ խաղաղված սկսեցի ճաշել։

Комментариев нет:

Отправить комментарий