суббота, 25 мая 2019 г.

Պատերա՞զմը, թե՞ օտարությունը նրան ստիպեցին գիշեր ու զօր աղոթել (596)


Ներսում, հատակին նամակ կար, վերցրի, առաջացա։ Հասցրել էի միայն դուռը բանալ, եկավ Ֆաթիման՝  մի բաց նամակը ձեռքին․
-          Սոցիալը մեզանից գումար է գանձել էլեկտրականության և ջեռուցման համար,- հասկացրեց նա՝ իր սովորած գերմաներեն բառերով։ Իհարկե հավատացի, նամակի բովանդակությունը չհասկանալու պատճառով։
Քիչ հետո, մի նամակ ձեռքին, նրան միացավ նաև Սոմալին՝ դեմքի նույն արտահայտությամբ։ Ես էլ բացեցի իմ բաժին նամակը՝ պարզվեց՝ երեք նամակների բովանդակությունն էլ նույնն էր։ Մի պահ երեքով իրար նայեցինք։
-          Դու այստեղ շատ ես մնացել, դու պետք է վճարես,- սկսեց Ֆաթիման։ Ես տարակուսած նայեցի իմ բաժին նամակին։
-          Սոմալին ամբողջ օրը խոհանոցում է, գիշերները դուք լույսերը վառն եք թողնում,- տարակուսանքից անցա հարձակման։
-          Ցուրտ է, լավ ենք անում,- արդարացիորեն հակահարված տվեց Ֆաթիման։
-          Երկու սառնարան ես աշխատեցնում,- իմ այս պատասխանից արաբուհին բորբոքվեց, մտավ իմ սենյակը, ձեռքը դրեց ոչ թե տաք, այլ այրվող ջեռուցմանը, բղավեց․
-          Սա ի՞նչ է։
-          Դա Սոմալին է հանել, երբ գրավել էր իմ սենյակը- հանգիստ պատասխանեցի նրան՝ հույսով՝ նա հասկացավ իմ միտքը։
-          Nein,- վերջապես, մատը թափ տալով ինձ վրա, բղավեց Սոմալին։
Որպեսզի վեճն ավելի խորը բնույթ չստանար և երկու արաբախոս կանանցից անվնաս պրծնեի, ինձ մնում էր զանգահարել Մանեին։ Երբ տառ առ տառ կարդացի նամակը, նա հասկանալով բացատրեց հետևյալը․ «Այդ նամակից բոլորն էլ ստանում են, այն ձեր եռամսյա ընդհանուր ծախսերն է»։ Լսածից միայն լուռ նայեցի Ֆաթիմային, իսկ նա սպասողական հայացքը հառել էր ինձ վրա։ Այլևս անկարող էի բացատրել, նամակը մի կողմ շպրտեցի՝ մտքում նախատելով լեզուներ հնարողին։
-          Ի՞նչ,- հարցրեց նա՝ ավելի անհանգստացած և սպասողական։
-          Gut,- իմ պատասխանից նրանք լքեցին իմ սենյակը՝ յուրաքանչյուրը հարցական հայացքը հառած ձեռքի նամակին։
Այլևս դուրս չեկա սենյակից, չնայած առավոտից ոչինչ չէի կերել, բայց տրամադրությանս հետ փչացել էր նաև ախորժակս, ուստի գիշերը, կիսաքուն, կիասաարթուն, ինձ համար վերածվեց մղձավանջի։
Առավոտյան արթնացա Ֆաթիմայի լացի ձայնից՝ նա լուսաբացի նամազն էր կատարում։ Քիչ հետո երևաց Սոմալին հագնված։
-          Ու՞ր,- տեսնելով հարցրի նրան, քանի որ նա երեկ էր եկել ընկերների մոտից։
-          Ընկերներ,- պատասխանեց նա և փափուկ քայլերով դուրս եկավ։
Քիչ հետո իմ դուռը թակեց ֆաթիման։ Ներս մտավ երկու բաժակ սուրճով։
-          Խմենք,- ասաց նա և նստեց միակ կահավորանք համարվող մահճակալին՝ մի բաժակը դեպի իմ կողմը հրելով։ Ինձ ոչինչ չէր մնում անել, քան հաշտվել անհանգիստ հարևանուհուս հետ։
-          Սիրիայում լավ էր,- սկսեց նա՝ մի տեսակ երազկոտ ու կարոտած հայացքը հառած դեպի  անորոշություն։
-          Իսկ ինչու՞ եկար այստեղ։
-          Որդուս պատճառով։ Նա արդեն եկել էր, եկա նրան տիրություն անեմ՝ շատ միամիտ է, իսկ նա այնպիսի մի կին բերեց, որ ինձ տեսնել անգամ չի ցանկանում,- նորից սկսեց լաց լինել։
-          Վերադարձիր հայրենիք։․
-          Չեմ կարող, բայց երբ պատերազմն ավարտվի, որդուս կառնեմ կգնամ։
-          Կարծես խաղաղվել է, էլ առաջվա պես չեն կրակում։
-          Ո՛չ, թվում է, թե խաղաղվել է։ Իսլամիստները փնտրում են, տներից դուրս են հանում երիտասարդներին, տանում են ճամփեքին գնդակահարում, վախենում եմ որդուս համար։
-          Հարազատներ ունե՞ս այնտեղ մնացած։
-          Բոլորն էլ այնտեղ են, միայն ես եմ դուրս եկել Սիրիայից։
-          Որտե՞ղ են ապրում հարազատներդ։
-          Դամասկոսում, այնտեղ պատերազմ չկա, չորս եղբայր ունեմ, նրանք հարուստ էին, մի եղբայրս մեքենաների բիզնես ուներ, բայց պատերազմն ավիրեց ամեն ինչ։
-          Իսկ ծնողնե՞ր։
-          Նրանք նույնպես Դամասկոսում են, երազում եմ այնտեղ վերադառնալ, մենք լավ էինք ապրում, ամեն օր լոգանք էինք ընդունում, ահա՛, մեր նկարներն են,- ասաց նա և բացեց հեռախոսը, ցույց տվեց թանկարժեք հագուստներով, գեղեցիկ մարդկանց՝ ճոխ սեղանների շուրջը նստած,- Անկեղծ ասած նման կյանքից ոչ մի պատերազմ չէր կարող ինձ տեղահան անել, եթե որդիս ընկերներին չգերագնհատեր, և ընդհանրապես իսկական փախստականը Եվրոպա չի հասնում, այլ հարևան երկրներից է ապաստան խնդրում կամ Դամասկոս է գնում,- եզրակացրեց նա, նորից տուրք տվեց արտասունքներին։։
Պարզվեց՝ այդ տառապած կինը որդու զոհն էր։
-          Ամեն օր նրանց հե՞տ ես խոսում հեռախոսով։
-          Այո՛, հիմնականում մայրիկիս,- հեկեկալով պատասխանեց նա։
-          Իսկ ինչու՞ որդիդ Դամասկոս չգնաց մինչև պատերազմի ավարտվելը։
-          Ասում եմ չէ՞՝ նրան ընկերները խելքահան արեցին, հիմա էլ ամսեկան իր գումարից ուղարկում  է Հալեպ՝ օգնելու նրանց, որպեսզի արտագաղթեն, անգամ իմ գումարն ինձ չի մնում, ինձանից էլ է պահանջում։ Վերջին կոպեկները հավաքեցինք, ուղարկեցինք, որպեսզի հարսնացուն կարողանար գալ, և ահա՛,- ձեռքերը տարածեց նա, ապա հպեց դեմքին՝ շարունակելով լաց լինել։
-          Մի ժամանակ չէի՞ր աղոթում, թե ես էի անուշադիր։
-          Չէի աղոթում, բայց հետո սկսեցի աղոթել իմ երկրի խաղաղության, երեխաներիս հաջողության և վերջապես, որպեսզի շուտ կարողանամ վերադառնալ հայրենիք կամ միանալ երեխաներիս։
-          Այստեղ վա՞տ է։
-          Սա ի՞նչ կյանք է։ Oրեր ու ամիսներ մենակ ու մենակ, գոնե ինձ տեղափոխեին երեխաներիս մոտ,- նորից նա կարոտագին մի հայացք հառեց պատուհանից դուրս։
-          Այդ մասին ասե՞լ ես նրանց։
-          Այո, համարյա միշտ այդ հարցով եմ սոցիալ գնում։
Ինձ մնում էր լուռ համաձայնվել և գլխով արեցի, որպես հավանություն, քանի որ ինքս նույնպես երազում էի ապրել իմ աղջկա քաղաքում՝ երեխաների մոտ։ ֆաթիման դուրս եկավ՝ սուրճի դատարկ գավաթներով, գուցե, և թեթևացած սրտով։ Գուցե, ո՞վ իմանա, բայց նրա պատմությունից իմ սիրտը ծանրացավ՝ առավել ևս, եթե ոչնչով օգնել չէի կարող։

Комментариев нет:

Отправить комментарий