воскресенье, 19 мая 2019 г.

Արագիլն իմ երկրում բույն է հյուսում բարդու կատարին (596-րդը)


 Օրն անցել էր, երբ հասա «տուն»։ Վանող ու սառը օդը, որում արդեն մի քանի օր էր իշխում էր ծխախոտի ծուխը, ստիպեց արագ անցնել սենյակ և մնալ այնտեղ, խուսափելով երկար հազից։
-          Ջու՜լի,- առավոտ վաղ, ձայն տալով, Ֆաթիման թակեց սենյակի դուռը։
-          Ի՞նչ կա,- իմ հարցին պատասխանելու փոխարեն, նա ձեռքով ցույց տվեց Մանֆրեդին ու Անդրեյին։ Նրանք աշխատանքային արտահագուստով և գործիքներով էին։
-          Schlüssel,- արտաբերեց Մանֆրեդը՝ ցույց տալով դուռը։ Իհարկե կռահելով խոսքը բանալու մասին է, ուրախացա, իսկ նրանք սկեցին արագ տեղադրել նոր կողպեքները։ Ֆաթիմայի համար միևնույն էր, իսկ ես վաղուց էի սպասում հասկանալի պատճառով։
Րոպեների ընթացքում նոր կողպեքներ տեղադրելուց հետո, յուրաքանչյուրիս մի-մի բանալի տվեցին և ինչպես արագ աշխատել էին, նույն կերպ արագ էլ հավաքվեցին, գնացին։
Բանալու առկայությունը բավականին ուրախություն պատճառեց ինձ, ուստի նույն պահին որոշեցի հաջորդ առավոտյան ճամփա դուրս գալ։ Առավոտյան, բացի ծածկոցից՝ վերմակը ևս թողնելով Ֆաթիմայի որդուն,  ճամփա ընկա Մանեի մոտ։
Առաջին անգամը բավականին դժվար էր մենակ  ճանապարհ գնալը։ Օտար երկիր, օտար ճամփաներ։  Անգամ չգիտեի ու՞ր և որքան երկար պիտի գնայի։ Բարեբախտաբար, Մանեի խնդրանքով, Մաքսը սպասում էր ինձ Վիտլիխ  քաղաքի կայարանում։
Տարօրինակ ու կարոտագին մի զգացումով լցվեցի, երբ նստեցի գնացքը՝  առավելապես, երբ այն սլանում էր մութ ու երկար թունելներով։ Նորից հոգուս խորքում խռովեցի իմ երկրի անկուշտ տերերից, քանի որ այնտեղ  էլ, որպես լեռնային երկիր, կարող էին գնացքները սլանալ նման երկար թունելներով, բայց եղած երկաթգծերը կամ հանված էին կամ էլ պատված տարիների  ժանգով՝ հիշեցի թե ինչպես, անգամ քաղաքի տրամվայը յուր գծերով հանձնվեց  պարսիկներին, որպես մետաղի ջարդոն։ Հոգուս աչքերը թրջվեցին սրտիս արտասունքով։ Գնացքի լուսամուտից երևաց Մոսել գետը։ Այն լայնությամբ և խաղաղությամբ ակամա հիշեցնում էր Խաղաղ Դոնը։ Մյուս ափին՝ կանաչ դաշտում տարբեր թռչուններ էին երևում, բայց իմ ուշադրությունը գրավեց սպիտակ արագիլը։ Արագիլն իմ երկրում բույն է հյուսում բարդու կատարին, իսկ ահա, այստեղ, այդ հույսի ու կարոտի բարեբերը հանգիստ կափկափում է միշտ կանաչ մարգագետնում։ 

Комментариев нет:

Отправить комментарий