суббота, 1 июня 2019 г.

Էրիթրիացի ընտանիքը (596-րդը)


Առավոտյան գյուղապետը եկավ՝ տանելու իմ մաքրած շենքի բանալին, սակայն այդպես էլ չիմացա՝ արդյոք գո՞հ էր իմ աշխատանքից։
Ըստ Սոմալիի՝ ավելի շատ գյուղապետն էր մեր խնդիրների պատասխանատուն, քան սոցիալը։ Քանի որ ջեռուցման պատճառով սենյակում օդ չէր լինում շնչելու, և միշտ կիսատ շնչածի պես փնտրում էի հագեցնելու օդի քաղցը, ուստի ակամա ես էլ էի կիսում Սոմալիի կարծիքը և ամեն անգամ, երբ նա գալիս էր մեզ մոտ, անպայման հիշեցնում էի այդ մասին, իսկ նա անզորությունից կամ ուսերն էր թոթովում կամ խոստանում էր հաջորդ անգամ օգնել։
Ամեն օրվա պես եկեղեցու զանգի բարձր ղողանջը երկար ժամանակ արձագանքում էր Արենիրով մեկ, խլացնելով սլացող մեքենաների շարժիչների աղմուկը։ Սոմալին դեռ քնած էր։ Դուրս եկա համրաքայլ՝ աշխատելով չխանգարել նրա խաղաղ քունը՝ մեկնելու Մանեի մոտ՝ հույսով՝ ճանապարհը լավ ազդեցություն կարող էր ունենալ իմ ինքնազգացողության վրա։
Օրը բավականին ցուրտ էր։ Հագել էի ճամբարում՝ Նեդայի տված բաճկոնը, ուստի ինչպես միշտ, յուրաքանչյուր կանգառում հասցնում էի այնպես սառչել, և երբ հերթական ավտոբուսն էի բարձրանում, այն ինձ համար հինգ աստղանի հյուրանոց էր թվում։ Նման հյուրանոցային զգացումով վերջապես հասա այն փոքրիկ քաղաքը, որտեղ մարդիկ իրար ճանաչում էին դեմքով։  Նման սառած պահերին հիշում ու կարոտում էի գիշերուզօր ջեռուցվող Արենիրի տոթ հարկը։
Մի քանի օր էր, ինչ Մանեի մոտ էի։ Այդ ընթացքում  հասցրեցի երկու անգամ օգտագործված հագուստի կետ գնալ, որտեղ կտրոնով ազուլներին հագուստ էր բաժանվում։ Մի քանի տոպրակ բերեցի՝ ընտրեցի, դասավորեցի իմ մշտական ընկեր դարձած ճամպրուկի մեջ։ Դեռ չէի հասցրել մարդավարի ուրախանալ ձեռք բերված հագուստով, երբ  Արենիրից  զանգահարեց Սիլվան, հայտնեց, որ նոր բնակիչներ են բերել առաջին հարկը, որտեղ ես էի ապրում, ուստի նորից տքնաջան կերպով, փոխելով մի քանի տրանսպորտ, վերջապես երեկոյան, ուժասպառ ու սառած, հայտնվեցի ինձ  տրամադրված սենյակում։ Քանի որ դուռը ինքս բանալիով բացեցի, այլևս հետաքրքիր չէր, թե ովքեր են նոր բնակիչները, բայց երբ հատակը ցնցելով միջանցքով սկսեցին վազվզել և աղմկել երեխաները, հազիվ թե անտարբեր մնայի եկվորների հանդեպ։ Դուրս եկա միջանցք։ Երկու՝ երեքից չորս տարեկան երեխաներ այնպիսի արագությամբ էին շարժվում՝ սեղանը հրելով, աթոռը շուռ տալով, բաժակը շպրտելով, լուսամուտներին  ձեռքներն ընկած խաղալիքներով հարվածելով։ Քանի որ իմ նկատողությունով կարող էի ոտնահարել երեխաների իրավունքը, ուստի երանությամբ հիշեցի Ֆաթիմայի լացն ու Սոմալիի ականջ ծակող հարցականները, քաշվեցի սենյակ, ուղիղ նստեցի անկողնուն, նայեցի դուրս՝ սպասելով անակնկալի՝ իմ դեպքում խաղաղության, բայց այդպես չեղավ։ Երեխաներից մեկը մտավ ներս, սկսեց խոսել, որն իհարկե անկարող էի հասկանալ արաբերենին չտիրապետելու պատճատով, բայց եկավ նրա մայրը, քաշեց աղջնակի թևից՝ դուրս տանելու նպատակով, երեխան արդարացիորեն համառեց՝ շարունակելով խոսել։
-          Ի՞նչ է ուզում,- հարցրի երեխայի մորը։
-          Նա բոլորից կոնֆետ է ուզում,- բացատրեց մայրը։ Ես սիրով նրան տվեցի նեղ օրվա համար միշտ առակա կոնֆետնեիրց մի քանիսը, նա ուրախացած թռչկոտեց՝ ցույց տալով եղբորը, իսկ նա, քրոջ ձեռքից խլելու փոխարեն, եկավ ինձ մոտ։
Երբ երեխաներն ուրախացած շարունակում էին վազվզել ընդհանուր սենյակում, իսկ նրանց հայրը բացել էր երկու լուսամուտները, նստած գոգին ծխում էր։
-          Ինչու՞ քո ամուսինը դուրս չի գալիս դրսում ծխելու,- հարցրի կնոջը։
-          Նա իմ ամուսինը չէ, եղբայրս է։
-          Որտեղի՞ց եք եկել։
-          Էրիթրեայից։
Նրա պատասխանից մի հայացք էլ գցեցի ոչ մի կերպ չհանգստացող երեխաներին, և ծուխն ամենուր փչող երեխաների քեռուն։
-          Սենյակը հարմա՞ր է,- հետաքրքրվեցի, քանի որ գիտեի՝ թեկուզ ամենամեծ սենյակն է տրամադրվել նրանց, բայց մեկ սենյակում հազիվ թե կարողանային մարդավարի տեղավորվել երկու չարաճճի երեխաները, նրանց մայրը և չափահաս քեռին։- Իսկ մինչև հիմա որտե՞ղ էիք։
-          Ընկերների մոտ, բայց էլի կգնանք։
Այդ պահին տղան վազելով փաթաթվեց մոր ոտքերին, նա բռնեց երեխային և ձեռքը դրեց վզին՝ փորձելով սաստել, հասկացնելով, եթե շարունակի չարություն անել, ապա դանակով կկտրի նրա վիզը։ Տղան մի պահ զգաստացավ, ապա ուժով դուրս պրծավ մոր ձեռքից, վազեց թաքնվեց քեռու ոտքերի արանքը՝ լեզու ցույց տալով մոր կողմը։
-          Մենք այստեղ չենք մնալու, սա մարդկային պայմաններ չէ,- զզվանքով ցույց տալով շուրջը՝ մոտեցավ քեռին՝ ծխախոտի ծուխը փչելով նվաստիս դեմքին, որից ստիպված էի երկար ժամանակ հազալ, ապա անցավ լոգարան, ցույց տվեց խցանված կոյուղին, որից զուգարանի ջուրը բարցրանում էր ու կեղտի հետ մնում կանգնած, տարածելով գարշահոտություն։
-          Իսկ ու՞ր եք գնալու,- հազալուց հետո, հարցրի նրան։
-          Իտալիա,- պաշտոնական հայտարարեց նա, ապա անցավ ընդհանուր սենյակ, վառեց հաջորդ սիգարետը, իսկ երեխաները շարունակում էին աղմկել, և քանի որ աղմուկին դիմանալու համար քաջ առողջություն էր հարկավոր, ուստի առողջության  կիսաբացակայության պատճառով, ինձ մնում էր մի պահ դուրս գալ շենքից։

Комментариев нет:

Отправить комментарий