четверг, 23 мая 2019 г.

Մոլորյալը երբեք էլ ուշքի չի գալիս (596-րդը)


Գիշերեցի հյուրասրահի բազմոցին, և քանի որ բազմոցը բաղկացած էր մի քանի մասերից, գիշերվա կեսին այն բաժանվում էր իրարից, և ես հայտնվում էի հատակին, իսկ այլընտրանքը վերադառնալն էր, ոչ միայն իմ կաշին փրկելու, այլ բազմոցն ազատելու։ Վերադառնալն ավելի հեշտ էր, քանի որ կանգառներում այնքան երկար չէի սառչում, որքան գնալու ժամանակ։ Միայն թե կողմնորոշվելն էր դժվար։
Առավոտյան դուրս եկա շտապելով։ Ավտոբուսում տոմս ստանալիս՝ պարզվեց՝ դրամապանակը մոռացել էի, իջա, ետ վազեցի՝ հետս քարշ տալով ճամպրուկը։ Կին վարորդը, հայացքով հետևում էր, մինչև անհետացա շենքի անկյունում։ Շտապ վերցրի դրամապանակը, ետ շտապեցի՝ մտածելով գուցե ավտոբուսը դեռ  սպասու՞մ է, և չէի սխալվել։ Որքան էլ պահպանվի երկրի կարգը, Մարդը մնում է Մարդ՝ Այս դեպքում ավտոբուսի վարորդը։
Հաջորդ քաղաքում նստեցի ուրիշ ավտոբուս։ Վարորդը երկար զննում էր առաջին ավտոբուսից գնված տոմսը և վերջապես թույլ տվեց նստել։ Կեսօրին արդեն Կոբլենցում էի։ Գնացքին բավականին ժամանակ կար։ Ինձ մնում էր այդ ժամանակը սպանել այս ու այն կողմ քարշ տալով իմ մշտական ուղեկից  և միակ սեփականություն համարվող ճամպրուկը՝ այն և իմ տունն էր և անձնական իրերը և առհասարակ կենցաղը։ Վերջապես եկավ գնացքի ժամը։ Յուրաքանչյուր վագոնում ուղևորների թիվը կարելի էր հաշվել մեկ ձեռքի մատների վրա։ Կային նաև դատարկ վագոններ։ Հիմնականում այդպես է, քանի որ  տեղացին նախընտրում է տեղաշարժվելու ավելի մատչելի տարբերակը՝ սեփական մեքենան։ Իսկ իմ կարգավիճակը դեռ երկար ժամանակ ինձ կստիպի օգտվելու թանկ հաճույք համարվող հասարակական տրանսպորտից։ Վագոնում, ինչպես շատ դեպքերում, շվարած շուրջս էի նայում։ Երեք երիտասարդ ազուլներ նստած էին դիմացի սրահում, միացա նրանց, նորից մի ետ հայացք գցեցի՝ զարմացա՝ տեսնելով երկրորդ հարկի դատարկ ու գեղեցիկ սրահը։ Զարմանալու հետ էլ որոշեցի օգտվել իմ բարձր ճաշակից՝ տեղափոխվելով այնտեղ։ Տեղավորվել էի հարմարավետ, կաշվեպատ նստարանին։ Պարզվեց երկրորդ հարկից բնությունն ավելի կատարյալ էր նայող աչքի համար։
Ինքնամոռաց ևս մեկ անգամ զարմանքս խառնել էի հիացմունքիս, երբ սկսեցին երևալ հուռթի դաշտերն ու լեռնապատ այգիները։
Կանգառներից մեկի ժամանակ վագոն մտան ևս երկու տղամարդիկ, նրանց արտաքինը  հուշում էր պաշտոնյա լինելու մասին և ինձանից գոհ, որ վարվեցի ինչպես պաշտոնյաները, ավելի հարմար տեղավորվեցի։ Շարունակում էի հիանալ իմ կայացրած որոշումով և գեղատեսիլ բնությամբ, երբ վագոն մտավ հսկիչը՝ պաշտոնյաներից պահանջելով տոմսերը։ Նրանց ցույց տված տոմսը նկատելի տարբեր էր իմից, իսկ գուցե ինձ թվա՞ց։ Գուցե։ Բոլոր դեպքում որոշեցի աննկատ վերադառնալ իմ կարգավիճակին՝ առաջին հարկ։ Պարզվեց՝ ուշ է։ Հսկիչը մոտեցավ, նրան մեկնեցի «Ռայնլանդ պֆալց» տոմսը, այն զննեց, ապա վերադարձրեց՝ պահանջելով տոմսի վրա ավելացնել անունս, իհարկե կատարեցի հսկիչի արդարացի պահանջը՝ հույսով՝ այն իմ միակ սխալն էր, բայց արի ու տես՝ ո՛չ։  Այդ կնոջից բավականին ժամանակ պահանջվեց, որպեսզի կարողանար բացատրել ինձ՝ սխալ տեղ եմ նստել։
Վերջապես հասկանալով՝ մեկ անգամ ևս հարմար տեղից նայեցի ետ սլացող բնությանը, ճամպրուկս քարշ տալով հետևեցի նրան, հասնելով ելքին՝ նա ցույց տվեց դռան վրա գրված մեկ թիվը, այսինքն՝ առաջին դաս։
Լուռ, գլխահակ վերադարձա առաջին հարկ։ Պարզվեց՝ ներքևի դասում էլ գնացքը սլանում էր նույն արագությամբ և նույն ուղղությամբ։ Ինձ մնում էր միայն վատ զգալ  չհասկացված լինելուց։
Կողմնորոշվելով փորձեցի օգտվել զուգարանից։ Դուռը հրեցի, այն բացվեց, բայց ներսում տղամարդ կար։ Այնուհետև, երբ ներս մտա, պարզվեց՝ պարզապես դուռը խափանված էր։ Իհարկե, ինձ համար դժվար էր և՛ դուռը պահել, և՛ օգտվել զուգարանից, ուստի այդ ընթացքում այն փորձեց բացել ևս մի տղամարդ, ինձ մնում էր անզորությունից բղավել՝ դուռն ամուր պահելով։
Առաջին դասի այն երկու պաշտոնյաները կանգառում ինձ հետ միասին դուրս եկան գնացքից և դրսում ոչ ոք չիմացավ, թե մեզանից ով էր առաջին դասում։

Комментариев нет:

Отправить комментарий