среда, 8 мая 2019 г.

Այդ պահին ինձ երջանկացնում էր իմ չիմացությունը (596-րդը)


Հինգերրորդ ավտոբուսում էին՝ Կամայի, Մուրադի, Արմենի ընտանիքները, ես և Մեհտին՝ մյուսներն արաբներ, քրդեր ու աֆղաններ էին։ Սպասածից ավելի վաղ հասանք Վիտլիխ քաղաքը։ Առնվազն ինձ համար, այն խորհրդանշում էր ողջ Գերմանիան։ Ուրախությունից սիրտս թրթռում էր։ Չէ՞ որ գնում էի մարդկային կենցաղով ապրելու։
Անծանոթ քաղաքը, հիմնականում, բաղկացած էր քառահարկ շենքերից։ Փողոցները պատված էին մանրաքարերից։ Կանաչի թարմությունն ինձ այնքան զարմանք չպատճառեց, որքան փոշու բացակայությունը։ Տանիքներն ու մայթերը կարծես քիչ առաջ լվացված լինեին։ Հրապուրվել էի ոչ այնքան գեղեցիկ, որքան մաքուր  ու կանաչ փողոցներով։
Ավտոբուսը կանգ առավ կանաչ պուրակով շենքերից մեկի բակում։ Վարորդը կարդաց իջնողների թիվը՝ նրանց մեջ մի քանի արաբ երիտասարդներ էին, Կաման՝ իր ընտանիքով , Մուրադը՝ երկու երեխաներով, սպիտակ գլխաշորով կինը և ես։ Մինչև մեր ներս մտնելը, տեղ հասավ նաև ճամբարում մնացած բեռների կեսը։ Ահա, թե որն է գերմանական ճշտապահությունը։ Բեռների տերերը տեսնելով, խորը շունչ քաշեցին։
Յուրաքանչյուրն՝ իր բեռը քարշ տալով՝ մտանք շենք։ Մուտքի մոտ մեզ մոտեցավ աշխատակցուհին, հրահանգեց՝ բեռները թողնել առաջին հարկում, հետևել իրեն։ Նա բոլորին ուղեկցեց երրորդ հարկ։
Այնտեղ մեզ դիմավորեց մի ուրիշ կին և առաջարկեց սպասել նախասրահում, ինքը գնաց։
Տևական ժամանակ հետո, մեզ մոտեցավ միջին տարիքի, կարճ խուզած, կիսաճերմակած միրուքով մի տղամարդ։ Նա հերթով, յուրաքանչյուրիս կանգնեցնում էր պատի տակ, չափում էր մեր հասակը, այնուհետև փոքրիկ լուսանկարչական ապարատով լուսանկարում։
Գերմանուհին նորից ետ եկավ, յուրաքանչյուրիս տվեց փոքրիկ թղթի մի կտոր։ Բոլոր թղթերին մեծ տառերով  նույն  բառ էր գրված՝ Վիտլիխ, իսկ հաջորդը՝ մի մասինը «Land»  էր, մյուսինը «Stadt»։ Իհարկե, ոչ ոք ոչինչ չէր հասկանում, ես՝ առավել ևս։ Պարզապես հոգով գլխապտույտ էի ապրում, քանի որ  այլևս 596-րդ չէի լինելու, այլ մարդ՝ իմ իսկական անունով  և մարդկային կենցաղով։
Եթե մարդը քիչ բան է հասկանում, ավելի շատ ուրախանալու պատճառ է ունենում։ Այդ պահին ինձ երջանկացնում էր իմ չիմացությունը։
Տղամարդն, ավարտելով լուսանկարելը, հեռացավ՝ հրահանգելով սպասել նույն տեղում։ Իհարկե, երկար սպասելը դժվար էր, սակայն անհամեմատ ավելի դժվար էր երեխաների և նրանց ծնողների համար։ Երեխաները միշտ լացում էին, իսկ ծնողները փորձում էին հասկանալ՝ ինչու՞։ Իսկ գուցե հոգնա՞ծ էին կամ ուտել էին ուզում․․․ Գուցե։

Комментариев нет:

Отправить комментарий