воскресенье, 5 мая 2019 г.

Աֆղանները և կաթսաները (596-րդը)


Ինչպես արդեն գիտենք, վրանում միշտ ցուրտ էր։ Յուրաքանչյուրը յուրովի փորձում էր փակել սավանապատ կացարանի անցքերը, սակայն ոչինչ չէր ստացվում, քանի որ ցուրտը պարզապես փչում էր հատակից, իսկ այն համարյա փակ տեղ չուներ։ Բոլորի ելքը մեկն էր՝ երեկոյան վաղ պառկել, առավոտյան ուշ վեր կենալ, սակայն, ըստ բնության օրենքի, ստամոքսը բոլորին ստիպում էր ոտքի ելնել ավելի վաղ և ամեն առավոտ՝ գզգզված ու անլվա, հերթ կանգնել ճաշարանում։ Շատերն ալարկոտ, մեկ ոտքից տեղափոխվում էին մյուսի վրա՝ վայր չընկնելու նպատակով։ Նրանք վերադառնում էին վրան, լուռ ու զսպված ծամում իրենց բաժին հացը, իսկ հոգու խորքում թաքնված աղերսանքը վեր էր ածվում բարձրաձայն աղոթքի և նախաճաշից հետո, յուրաքանչյուր մուսուլման գտնում էր իր անկյունն աղոթելու համար։
Վերջին շաբաթները ճամբարում մեծամասնություն էին կազմում աֆղանները։ Նրանք, հոծ խմբերով լրացնում էին փախստականների շարքերը և պատեհ պահը բաց չէին թողնում  տաքուկ անկյուն գտնելու, հայրենասիրական երեգեր երգելու կամ մոլեռանդ նամազ անելու։ Հաճախ, ճամբարի փեշին տեղադրված կանաչ վրանում, մեծ կաթսաներին հարվածելով, բարձրաձայն երգում էին։ Նրանց տարօրինակ շարժումներն ինձ ստիպում էին  հեռու քայլել և մնալ աննկատ։ Նման դեպքերում  լուռ շտապում էի վրան, կարծես խուսափելով մեծ աղետից։ Երբ հոգնում էին թմբկահարել ճաշի համար նախատեսված կաթսաներին, նույն խմբով տեղափոխվում էին Ճաշարան, որտեղ մուսուլմանների համար պատրաստված էր հանգստի անկյուն։ Այնտեղ այդ երիտասարդները «ղայլան» էին ծխում կամ թավալում փափուկ ներքնակներին։ Լուսաբացին նույն տանջված կաթսայով բրինձ ու հավի միս էին տապակում և ախորժակով ըմբոշխնում․․․

Комментариев нет:

Отправить комментарий