суббота, 18 мая 2019 г.

Առաջնայինը սիրիացիներն են․․․(596-րդը)


Օրերի սպառվելու հետ սպառվում էր նաև ծով համբերություն ունեցող Սոմալիի համբերությունը, և նա նորից, լուռ ու աննկատ, մեկնեց ընկերների մոտ՝ տաքանալու։ Դարձյալ մնացել էի մենակ, այս անգամ վախին խառնվել էր ցուրտը, և այդ երկու երևույթների առկայությունն իմ մեջ հաճախ վեր էր ածվում հուսահատության, որից կուչ էի գալիս՝ ճանկռոտելով պատերը, որպեսզի ինքնասպան չլինեի։
Առավոտյան հնչեց դռան զանգը, ուրախացած շտապեցի բացել՝ մտածելով ջերմություն բերողն է, և իսկապես ներս մտան գյուղապետն ու Մարկը։
-          Hallo,- ինչպես բոլորը, նրանք էլ արտասանեցին այդ բառը, ապա, ցրտից սրթսրթալով, առաջ գնացին, երեք դռներին տեղադրեցին հատակին ընկած բռնիչները, հետո, սուրբ պարտքը համարելով ևս մեկ անգամ մտնել կաթսայատուն, պտտեցին պտուտակները, նայեցին ինձ, ուսերը թոթովելով՝ դուրս եկան։ Իհարկե դրանից հարկը չտաքացավ, ոչ էլ ինձ համար էական նշանակություն ունեցավ։
Ցրտից հոգնած՝ մինչ որոշում էի ինչ անել, օրվա երկրորդ կեսին եկան երեք հոգի՝ մեկը նորից  գյուղապետն էր, իսկ մյուսներն անծանոթ կին և տղամարդ էին։ Նրանք լուռ սկսեցին  շրջել հարկով։ Նրանց անտարբերությունն իմ հանդեպ, ստիպեց ինձ քաշվել իմ անկյունը։
Երևի տեսնելով ինձանից բացի շունչ կենդանի չկա հարկում՝ ի վերջո գյուղապետը մոտեցավ ինձ։
-          Մենա՞կ ես։
-          Այո՛։
-          Որտե՞ղ է արաբուհին։
-          Հյուր է գնացել որդուն։
-          Այս մարդիկ եկել էին դպրոցի համար;
-          Իսկ ինձ չի՞ կարելի։
-          Դե ՜ առաջնայինը սիրիացիներն են,- ծոր տվեց նա։
Իհարկե նրա պատասխանը ավելի հուսահատեցնող էր, բայց երևի իրականությունն էր այդպիսին։
-          Վաղն այս տղամարդը կգա ձեր հետևից՝ դպրոց տանելու, մյուսներին էլ կասեք,- հրահանգեց նա՝ ցույց տալով ութսունը բոլորած ծերունուն, ծերունին էլ իր հերթին ներկայացավ ինձ։
-          Վոլֆ,- ապա տվեց թղթի վրա գրված իր հասցեն և հեռախոսահամարը։
Նրանք գնացին։ Թեկուզ ինձ էլ ընդգրկեցին դասաժամերի մեջ, բայց երկրորդականի ու խորթի զգացումը էլ ավելի ավիրեց հոգիս։
Առավոտյան եկավ Վոլֆը, ինչպես պայմանավորվել էինք նախորդ օրը՝ ինձ ու երկրորդ հարկում ապրող  ալբանացի երեք աղջիկների մորը, որին առաջին անգամ էի տեսնում, մեքենայով տարավ դասի։ Դասարանում նստածները՝ արաբներ ու աֆղաններ էին, միայն ես և ուսուցչուհին էինք քրիստոնեա։ Ընդհանուր թվով քսան աշակերտ էինք։ Չնայած հերթով ներկայանում էին, սակայն ոչ ոքի անունը մտապահել չէի կարողանում և ակամա հիշում էի ճամբարի անանուն դեմքերը։ Դասի տևողությունը չորս ժամ էր, բայց երբ  վերադարձա, կարծես ոչ մի դասի էլ չէի գնացել՝ բառ անգամ չէի հիշում, նորից ուղեղս սկսեց աշխատել, թե ինչպես անել, որպեսզի շատ չմրսել։

Комментариев нет:

Отправить комментарий