воскресенье, 19 мая 2019 г.

Կարծես մարդկությունը գնացել էր անհայտ ուղղությամբ (596-րդը)


Երեկոյան վերադարձավ Ֆաթիման։ Նորից որդու հետ էր։ Մայր ու որդի կարծես տաժանակրությունից վերադարձած լինեին՝ այնքան տառապանք կար նրանց դեմքերին։
-          Ի՞նչ է պատահել,- հարցրի իմ կցկտուր գերմաներենով, երբ նրանք ավարտեցին մթերքը տեղավորել երկու սառնարաններում, որից հետո Ֆաթիման եկավ իմ սենյակ։
-          Որդիս բաժանվեց կնոջից,- լաց լինելով սկսեց նա։
-          Ինչու՞։
-          Նա երեեխայի է սպասում։  Որդիս նրան արգելեց ծխելը, իսկ նա ասաց՝ ինքն էլ չի ուզում, որպեսզի որդիս շփվի ինձ հետ,- Ֆաթիման սկսեց բարձրաձայն լաց լինել, նրա արտասունքները կարծես ներսում սնվում էին կուտակված դառնությամբ և դուրս հորդում։ Երկա՜ր լաց եղավ։ Այդ ընթացքում որդին հասցրեց այնքան ծխել, երբ դուրս եկանք միջանցք, ընդհանուր սենյակում որդին չէր երևում ծխե ամպի մեջ։
-          Նա ոչինչ չի ուտում, միայն ծխում է,- բողոքեց Ֆաթիման՝ կարծես ավելի շուտ փորձելով արդարացնել որդու պահվածքը, այնուհետև մի պահ նայեց սպիտակ քուլաներով պատած սենյակին, լուռ անցավ խոհանոց։
Ֆաթիմայի որդին այդպես մնաց բազմոցին, հագնված գիշերեց այնտեղ, որտեղ ողջ օրը նստել էր ու ծխել։ Նա բարձրահասակ էր, թավ մորուքով, սակայն ցուրտը ստիպել էր նրան պառկած տեղը կուչ գալ, դառնալ մի բուռ։
Տևական ցուրտը, հուսահատեցնելուց բացի, մարդու մեջ կարող է սպանել ամեն սպասում։  Առավոտյան, բանալու համար նորից գնացի սոցիալ՝ ճամբարում՝ վրացուհի Նաթոի տված ծածկոցներից թողնելով, բազմոցին կուչ եկած Ֆաթիմայի որդուն։
Սոցիալի երկու կանայք տեղում էին, ինչպես միշտ նրանցից մեկ, որ ավելի տարիքով էր՝ իմ կողմը չնայեց, իսկ մյուսը՝ անգամ ժպտաց, բացի բարևին պատասխանելուց, նաև լսեց իմ կցկտուր բողոքը։ Այնուհետև հիշեցրի ջեռուցման մասին՝ ձեռքով ցույց տալով կնոջ կողքի համակարգը, բայց  դուրս եկա ավելի հուսահատված։ Մի քանի օրվա գնումներ կատարելուց հետո, մի կերպ քարշ տվեցի Կամայի տուն՝ տաքանալու և մի քիչ շունչ առնելու նպատակով։ Դեռ ճամփին էի, զանգեցի նրան, չպատասխանեց, բայց և այլընտրանք չունեի, պետք է մի տեղ գտնեի հանգիստ առնելու և տաքանալու։ Դռան զանգը տվեցի, բացեց Ազոն։
-          Կաման տանը չէ, բայց եկեք,- ասաց նա և օգնեց ներս տանել իմ տոպրակներից մեկը,- էս ի՞նչ եք առել, այսքան ծանր, կարծես քար տեղափոխեք,- այն դրեց մուտքի դռան ետևը,- Հանվեք, հիմա Կաման կգա,- ասաց նա, անցավ հյուրասրահ,- Որքան զանգում եմ, զանգիս չի պատասխանում,- քիչ հետո գանգատվեց նա։
-          Ես էլ մի անգամ փորձեցի ճամփին, նույնպես չպատասխանեց, երևի հարմար չէ։
-          Բարև ձեզ,- դեռ խոսում էինք Կամայից, նա եկավ։
-          Ճիշտն ասած, եկա մի քիչ տաքանալու և ճամփից հանգստանալու,- կարծես  փորձեցի արդարանալ ոտքի կանգնելով։
-          Նստե՛ք, ու՞ր,- ասաց նա, հանեց հեռախոսը, նայեց,- Վա՜յ, զանգել ե՞ք, չեմ լսել։
-          Ինչու՞ պիտի լսեիր,- կշտամբեց Ազոն,- Ջանո, երբ զանգում ես, նա միտումնավոր չի պատասխանում, երևի այսօր էլ նույնն է։
Ոչինչ չէի կարող ասել, ինձ զգացի նսեմացած ու ոչնչացված։ Մի քիչ էլ նստելուց հետո դուրս եկա, և իմ մեջ այնպիսի տպավորություն էր, կարծես մարդկությունը գնացել էր անհայտ ուղղությամբ՝ ինձ թողնելով լքված փողոցի մի անկյունում, նման զգացողությամբ կուչ եկա դատարկված ավտոկայանի նստարանին։

Комментариев нет:

Отправить комментарий