пятница, 17 мая 2019 г.

Սպասում էի մարդու վճռին, միաժամանակ խուսափելով մարդուց․․․(596-րդը)


Ինչպես առաջին օրերը, ջեռուցման համակարգը խափանվելուց հետո էլ, արդեն մի քանի շաբաթ էր, ինչ  քնում և ապրում էի զուտ հագնված, ուստի, երբ  առավոտյան  եկավ Մանֆրեդը, ընդհանուր դուռը բացելու համար հարկ չեղավ հագնվելու։
-          Hallo,- արտաբերեց նա և սկսեց ինչ որ բան բացատրել։ Չնայած ուղիղ նայում էի նրան, բայց  ոչինչ չէի կարողանում հասկանալ,- TV,- արտասանեց նա, որից հետո վերջապես հասկացա նրա գալու պատճառը։ Ինձ մնում էր նրան ուղեկցել ընդհանուր սենյակը։ Նա, ցրտից սրթսրթալով և իհարկե ձեռքերն իրար շփելով, մոտեցավ հեռուստացույցին։
Հեռուստացույցը երկար զննելուց հետո, հուսահատված նայեց ինձ, ապա անխոս քայլեց դուրս։ Նորից նրան հիշեցրի բանալու և ջեռուցման մասին՝ յուրաքանչյուրը ցույց տալով ձեռքով։ Նա գլխով արեց ու, կարծես անզոր իմ խնդիրների դեմ, դուրս եկավ՝ մեծ սիրով «Tschüss» բառն արտասանելով։
Շաբաթները գլորվում էին։ Մոռացված բոլորի կողմից՝ միայնակ կոփվում էի՝ պայքարելով ցրտի դեմ։ Վերջապես վերադարձավ Սոմալին։ Մնաց միջանցքում կանգնած, իմանալով կատարվածի մասին, ապա, վերադառնալու համար թևաթափ ու փոշմանած, մտավ մեծ սենյակը։ Ես էլ, որ կիսասառած ու համարյա միշտ շվարած էի, հետևելով Սոմալիի օրինակին՝ անցա իմ սենյակը։
Շուրջս տիրող ամեն ինչից, նյարդերս հաճախ էին տեղի տալիս, և ամեն անգամ ուզում էի դուրս գալ ու փախչել դեպի անհայտություն, որտեղից ոչ ոք չի վերադառնում։ Երազում էի ճամփորդության մասին, որն էլ ինձ կտաներ դեպի անվերջություն։ Չէի ցանկանում ինչ որ տեղ հասնել, ինչ որ մեկին հանդիպել։ Ինձ համար մարդը խնդիր էր՝ իր աղտոտելով, փչացնելով, աղմուկով՝ ո՜չ, քավ լիցի, իմ երազանքը մութ ու ցուրտ անյունը չէր՝  ես այն երկար տարիներ ճաշակել էի իմ հայրենիքում։ Հիմա այլ բան էի փնտրում՝ խաղաղ ու լուսավոր, ջերմ ու լուռ մի հավերժություն, սակայն խեղճությունն իմ որոշումից թե երազանքից առաջ էր ընկնում և ինձ գամում էր անկողնուն կամ լուսամուտի դիմաց՝ ճամբարում, արաբուհի Նեդայի նվիրած հնամաշ բաճկոնը միշտ հագիս, սպասելով սոցիալի վճիռին՝ արդյո՞ք ինձ բանալի հասնու՞մ է, թե ոչ․․․Սպասում էի մարդու վճռին, միաժամանակ խուսափում էի մարդուց․․․
Երբ արդեն հույսս կտրել էի, թե մեկը կարող էր հիշել ինձ և համոզված էի, որ այլևս ոչ ոք չէր շտապում կարգավորել խափանված ջեռուցումը, նորից բարձրացա երկրորդ հարկ՝ իմանալու պատճառը։ Դուռը բացեց Սիլվան․
-          Համեցե՛ք ներս։
-          Եկա իմանալու՝ ձեր ջեռուցումը կարգավորեցի՞ն։
-          Այո՛, հենց նույն օրվա հաջորդ առավոտյան եկան լիցքավորեցին, յուղն էր վերջացել։
-          Իսկ ինչու՞ առաջին հարկն էլ չկարգավորեցին,- մնացի վրդովված ու խռոված, բայց ումի՞ց․․․
-          Չգիտեմ, եկե՛ք ներս, հյուրեր ունեմ, ներսում կզրուցենք,- պատասխանեց Սիլվան և մտավ ներս, ես էլ հետևեցի նրան։
Ներսում մարդաշատ էր։ Ավելի ստույգ երեխաները աղմկում էին բոլորը միանգամից։ Բազմոցին նստած տղամարդը կուչ էր եկել, հազիվ նկատելի էր նրա նիհար ու մազածածկ դեմքը։ Ընդհանուր բարևեցի, մնացի դռանը կանգնած։
-          Բարև,- ոտքի կանգնեց նա։
-          Արմե՞ն,- տեսնելով ճամբարի և ինձ հետ «տրանսֆեր» եղած Արմենին՝ մնացի զարմացած,- Դուք այս կողմերն ի՞նչ եք անում։
-          Բարեկամներ ենք։ Մարսելը՝ Արմենի կինը, իմ մորաքրոջ աղջիկն է,- բացատրեց Սիլվան խոհանոցից՝ միաժամանակ ճաշ պատրաստելով։
-          Ուրախ եմ,- այս անգամ ձեռքով բարևեցի նրան։
-          Բարև ձեզ,- երկրորդ հարկի ննջարանից եկավ ինքը՝ Մարսելը, հակառակ ամուսնու՝ նկատելի գիրացած, անսպասելիորեն գրկեց ինձ։
-          Բարև, անչափ ուրախ եմ նորից հանդիպելու ձեզ։ Դե գնամ ձեզ չխանգարեմ,- այդպես ասացի, քանի որ իսկապես տունը փոքր էր, իսկ չորս անդադար վազվզող երեխաների համար ես բավականին տեղ էի զբաղեցնում։
-          Նստե՛ք, միասին սրճենք, կգնաք։ Համ էլ ձեր հարկում Սիբիր է, գնում եք՝ ի՞նչ անեք, մնացեք մի քիչ տաքացեք,- առաջարկեց Սիլվան՝ սուրճը սեղանին դնելով։
Այն խմելուց հետո, դուրս եկա ավելի վրդոհված, թե խռոված իմ բաժին անտարբեր սոցիալից՝ իմանալով՝ երկրորդ հարկը վաղուց ջեռուցվում էր, իսկ ես՝ երբեմն էլ Սոմալին շարունակում էինք քնել՝ ավելի ստույգ ապրել միշտ հագնված ու կանգնած։

Комментариев нет:

Отправить комментарий