понедельник, 20 мая 2019 г.

Երեխային կյանք տալ, դեռ չի նշանակում ծնող լինել՝ առավել ևս լավ ծնող (596-րդը)


Երևացող եկեղեցու բարձր գմբեթները, թվում էր՝ ոչ թե երկրից էին բարձրանում վեր, այլ երկնքից էին իջնում։ Հին ամրոցները, բարձրաբերձ ժայռերին թինկ տված, խորհրդանշում էին այս երկրի մի քանի հարյուրամյա պատմական անցյալը։
Տարվա այս եղանակին (ձմռանը) տեսել եմ միայն ձյունապատ կամ քարակերտ ու գորշ լեռներ, սակայն մարդու ձեռքը վիրահատել էր լեռները՝ ենթարկելով իրեն, հազարավոր հեկտարներով խաղողի այգիներ հիմնելով։ Լեռներն էլ կարծես գոհ էին իրենց կարգավիճակից, քանի որ մարդը խիճ ու ավազից խաղող էր քամում։ Պարզվեց՝ աշխարհի ցանկացած անկյունում մարդը քարից ինչ որ բան քամում է և քարից հաց քամող ազգը միայն իմ հայրենիքում չէ։
Աստիճանաձև վեր էին բարձրանում այգիները, իսկ  մեկընդմեջ երևում էին կիսաավեր աշտարակները։
Աշխարհի նվաստ մահկանացուս, սուրում էի գնացքով և չէի դադարում զարմանալ գերմանացու շենացնող, բայց  աներևույթ ձեռքով։
-          Կարծես դրա՜խտ լինի,- հիացմունքս չթաքցնելով, բացականչեցի, աչքս հառած խնամված բնությանը։
-          Այստեղ, ամենուր այսպես է,- պատասխանեց Մաքսը,- Մի թիզ հող անգամ անմշակ չես գտնի, չնայած երկրի այսքան հսկայածավալ տարածությանը։
-          Նախանձել կարելի է,- նորից նայելով դեպի լեռները բարձրացող մանրաքարերից կառուցված  աստիճաններին, որ տանում էին դեպի խաղողի թեք այգիները, շարունակեցի հիանալ։
Սկսեցին ավելի հաճախ երևալ եկեղեցիները, երկինք խոյացող գմբեթներով։
-          Որքա՞ն շատ են եկեղեցիները, հետո էլ ասում են Հայաստանում  է շատ։
-          Հայաստանում շատ ժամանակ հինը չի վերանորոգվում։ Տարբերությունը նրանում է, որ այստեղ հիմնականում հին են եկեղեցիները, համարյա նորը չի կառուցվում, պարզապես հները գործում են ու միշտ պաշտպանված են եղել թե մարդու թե պետության կողմից, ինչպես նաև շատ բակելի շենքեր։ Քար ու քանդ չեն արվել ժողովրդի կողմից, ինչպես մեզ մոտ,- բացատրեց Մաքսը։
Հինգերրորդը և այդ ճամփորդության համար վերջին ավտոբուսը կանգ առավ փոքրիկ քաղաքի փոքրիկ ավտոկայանում։
Անծանոթ քաղաքի շեները, ինչպես շատ բնակավայրերում, հիմնականում հին ժամանակներից էին հասել ժամանակակից մարդուն, ուստի չկային բարձրահարկ շենքեր։ Կենտրոնի շինությունները պարզապես վերանորոգված էին և քաղաքին տալիս  էին խայտաբղետ, միաժամանակ պատմական տեսք։ Ոչ միայն այդ քաղաքում, ամենուր ինձ  զարմացնում էին սալիկապատ ու կանաչապատ փողոցները։ Գուցե շատ գյուղերում չկար խանութ, դպրոց, բուժկետ, բայց չկային նաև ցեխոտ փողոցներ, իսկ իմ կարգավիճակում գուցե գերադասելի՞ էր ցեխոտ փողոցը՝ խանութի, բուժկետի և դպրոցի առկայությամբ։ Գուցե։
Նեղ փողոցի բնակարաններից մեկում  ընտանիքով ապրում  էր Մանեն։ Նա ուրախացավ իմ գնալու համար, իսկ փոքրիկ Էռնան, որ առաջին քայլերն էր անում՝ լուռ, թևերը տարածած, մոտեցավ փարվեց ինձ։ Թվաց տուն՝ հարազատ օջախ եմ վերադարձել, սակայն կոտրվածի, հոգուս մեջ ինչ որ փշրվածի զգացողությունը կախվեց մնաց իմ սրտից։ պարզվեց, այն ճամբարային երեք ամիսներն ինձանից անվերադարձ տարել էին ինչ որ կարևոր բան, որն անուն չուներ, և ահա առանց այդ անանուն կարևորի անկարող էի առաջվանը լինել։
Ջեռուցման առկայությունը բավականին ուրախալի էր, սակայն բնակարանը փոքր էր ու անհարմար, բայց քանի որ, դեռ ամիսներ առաջ կորցրել էի մարդավարի ապրելու և՛ ձևը, և՛ հնարավորությունը, ուստի ցանկացած պայմանի հարմարավում էի։ Նման դեպքերում ինձ թվում էր՝ այդ ամենի միջով անցնելն իմ պարտականությունն է՝ ազուլի պարտականությունը։
-          Հարմարվե՞լ եք,- հետաքրքրվեցի ես։
-          Այո, չհարմարվելը մեզանից կախված չէ, քանի որ սրանից վատ պայմաններում էինք, երբ նոր էինք եկել այստեղ։
-          Ինչպե՞ս՝ ավելի վատ։
-          Ընդամենը մի սենյակում էինք ապրում, եփում, թափում, միայն զուգարան-բաղնիքն էր առանձին։
-          Ինչու՞․․․
-          Մենք էլ չէինք հասկանում, բայց հետո կարծիքները մի քիչ փոխեցին, երբ մեզ ճանաչեցին, անգամ տեղափոխեցին այստեղ, թեկուզ սա էլ է անհարմար, բայց գոհ ենք։
Ես լուռ գլուխս կախեցի, որպես մոր և ծնողի՝ նման դեպքերում միշտ ինձ մեղավոր համարելով, քանի որ մեր դաժան իրականությունում երեխայի ապագան ապահովելը պետք է մի մասն էլ ընկնի ծնողի վրա, բայց ես ի՞նչ էի արել, որպեսզի իմ միակ երեխան չտանջվեր։ Ոչինչ՝ ոչինչ էլ չէի արել, թեկուզ երկրից երկիր աշխատանք էի փնտրում ու գտնում, որպեսզի կարողանայի նրան ոտքի կանգնեցնել, բայց պարզվեց դա քիչ է և շատ քիչ։ Նստած հին ու մաշված բազմոցին, իմ մեջ հանգեցի տխուր մի եզրակացության՝ երեխային կյանք տալ, դա դեռ չի նշանակում ծնող լինել,առավել ևս լավ ծնող։
Սիրտս ցավեց, տեսնելով, մաշված ու հին սպիտակեղենն ու կահ կարասին, իսկ Էռնայի հագուստն ու սպիտակեղենը՝ բոլորը ուրիշի օգտագործած էր։ «Ո՞վ եմ ես, ինչու՞ եմ ապրում»․ հարցս խեղդեցի իմ մեղավոր հոգում և այլևս ոչինչ չհարցրեցի, տեսնելով աղքատ իրականությունը։

Комментариев нет:

Отправить комментарий