среда, 15 мая 2019 г.

Սոմալին չէր տրտնջում, չէր տխրում(595-րդը)


Պարտադրված համրությունն ինձ ստիպում էր սովորել գերմաներենը, որքան էլ դժվար, սակայն կարողանում էի հիշել ու արտասանել որոշ բառեր, որոնք անհրաժեշտ էին առօրյաում, սակայն երբեք չէի կարողանում տեղին արտասանել այդ բառերը, ուստի շուտով նորից մոռանում էի։ Նույն կերպ վարվում էր Ֆաթիման, և մենք կարողանում էինք փոքրիշատե շփվել իրար հետ, բայց Սոմալիի համար անչափ դժվար էր գեթ մեկ բառ արտասանելը, չնայած փորձում էր։
  Գումար ստանալու օրը, մենք երեքով, նորից մտանք սոցիալ։ Առաջինն ինձ հետաքրքրում էր բանալու հարցը և ստիպված էի նրանց նորից հիշեցնել այդ մասին, սակայն նորից  չարժանացա սոցիալի հայացքին։ ներսում գտնվելու ողջ ընթացքում աշխատակիցը հայացքը չկտրեց համակարգչից։ Այնտեղից դուրս եկա  կոտրված սրտով՝ ինձ զգալով ավելի նվաստացած, քան ճամբարում՝ որպես 596-րդ։
Ֆաթիմայի լացը հետզհետե վերածվեց աղոթքի։ Նա երկար ժամերով փակվում էր սենյակում և աղոթում՝ բարձրաձայն լաց լինելով, այնուհետև նույն կերպ շարունակում էր հեռախոսով։ Հաճախ ինձ թվում էր՝ լացը նրա տարերգն է, իսկ ես ակամա ունկնդիրը մարդկային ողբերգության։
Իմ սենյակի մյուս կողմը Սոմալին էր՝ նա երբեք չէր տրտնջում, չէր տխրում՝ առավոտից իրիկուն պառկում էր անկողնուն և բարձրաձայն խոսում հեռախոսով, մինչև նրա  զրուցակիցը հոգնում էր ու քնում հեռու մի քաղաքում։
-          Ու՞մ հետ է այդքան երկար խոսում Սոմալին,- մի անգամ հարցրի Ֆաթիմային, քանի որ Սոմալին չէր կարող հասկանալ իմ հարցը։
-          Ամուսնու։
-          Իսկ ինչու՞ միասին չեն ապրում,- զարմացա ես։
-          Ամուսինը չորս տարի է, ինչ Գերմանիայում է, Ֆրանկֆուրտում է ապրում։
Ֆաթիմայի ասածից ինձ համար պարզ դարձավ՝ Սոմալին, ինչպես անվանում էի նրան, երբեք էլ կարճ չէր խոսելու հեռախոսով, ցածրաձայն՝ առավել ևս, ուստի ինձ մնում էր համակերպվել։

Комментариев нет:

Отправить комментарий