пятница, 3 мая 2019 г.

Բարի մարդու կամքը (596-րդը)


Երեկոյան կանգնած էի բուժկետի մոտ, սպասում էի իմ հերթին, երբ ինձ մոտեցավ երիտասարդ կին-սեքյուրիթին՝ նրան առաջին անգամ էի տեսնում։
-          Բարև ձեզ,- բարևեց ռուսերեն։
-          Բարև,-ուրախացած պատասխանեցի, ապա զարմացած նայեցի նրան։
-          Անունս Մոնիկա է,  եթե օգնության կարիք ունենաք ասեք,- առանց սրտաճմլիկ նախաբանի, առաջարկեց նա։
-          Իսկ որտեցի՞ց գիտեք իմ մասին։
-          Յուրան է  պատմել, ճանաչու՞մ եք նրան, նա միշտ երեկոյան է հերթապահում։ Անհրաժեշտության դեպքում դիմեք նաև նրան,նա բարի է։
-          Արդեն համոզվեցի։ Մի անգամ օգնել է ինձ թարգմանելու հարցում։
-          Հիմա էլ ես կօգնեմ,- Ժպտաց Մոնիկան և առանց հերթի ներս մտավ, հետո ինձ կանչեց։
Հերթապահ բժիշկը նույնպես անծանոթ էր՝ (աշխատակիցները հիմնականում կամավորներ էին, ուստի հերթով գալիս ու գնում էին)։ Փարթամ միրուքով, կապույտ աչքերով, միջին տարիքի բժիշկը, առաջին հայացքից մեծ եղբորս հիշեցրեց, որից թաքուն հուզվեցի։ Նա չափեց ճմշումս՝ այն անցել էր երկու հարյուրի սահմանը, տվեց անծանոթ մի հաբ։ Այնուհետև խոսեց  Մոնիկայի հետ, և մենք միասին դուրս եկանք։
-          Մեկ ժամից կգաք, նորից նա կչափի ձեր ճնշումը։ Ես իհարկե արդեն այստեղ չեմ լինի, անհրաժշտության դեպքում կդիմեք Յուրային, նա գիշերային հերթափոխի է։
-          Դուք ինձ շատ օգնեցիք՝ շնորհակալ եմ,- երախտապարտ ժպնացի նրան։
-          Ինչի՞ համար, որքան էլ նրանք արհեստականորեն բաժանեն մեզ, որպես տարբեր երկրների կամ ազգերի՝ միևնույն է մեր ժողովուրդները արդեն դարերով բարեկամներ են և աշխարհի որ անկյունում էլ հանդիպենք ակամա ուրախանում ենք, որպես հայրենակիցներ․․․
-          Այո, չեմ կարող չհամաձայնվել․․․
-          Դե, իմ աշխատանքային ժամն ավարտվեց,- ժամին նայելով, ասաց նա,- Մինչ վաղը։
Ես նույնպես հրաժեշտ տվեցի և քայլեցի վրան։ Ինչպես միշտ, վրանում աղմուկին օգնության էր եկել աղաղակը և ժխորը վեր էր մարդկային ընկալումից։ Միաժամանակ վերևից փչող տաք օդը, հատակից փչող ցուրտը նպաստեց իմ ինքնազգացողության վատացմանը, որպեսզի տեղ հասնելով, ընկնեմ անկողնուն։
Գիտակցության եկա, Սևդան նստած էր կողքս, Յուրան կանգնած էր մուտքին, իսկ երկու երիտասարդներ բժշկական արտահագուստով, երևի ինձ ուշքի էին բերում։
 Երիտասարդ բժիշկը  չափեց ճնշումս, լսեց գանգատս և ինձ ոտքի կանգնեցրեց, ապա բռնեց երկու թևերիցս և ձգեց վեր, կարծես մի ծանր քար ընկավ իմ սրտից։
-          Կգնա՞ք հիվանադանոց,- հարցրեց Յուրան։
-          Ո՛չ,- առանց հապաղելու պատասխանեցի ես։ Բժիշկները գնացին, իսկ Յուրան և Սևդան մնացին։
-          Ինչու՞ չուզեցիք հիվանդանոց գնալ,- հարցրեց Յուրան։
-          Իսկ մեկ կանչը որքա՞ն արժե,- հետաքրքրվեցի ես։
-          Միայն կանչը, արժե չորս հարյուր եվրո։
-           Օ՜, թանկ արժե,- ակամա բացականչեց Սևդան։
-          Այո, քանի որ այս երկրում մոնոպոլիա է, իսկ պետությունը պարզապես հսկում է նրանց և պահանջում է ժամանակին մուծել հարկերը,- բացատրեց Յուրան,- ուստի, գնայիք էլ թանկ արժեր, չգնայիք էլ․․․
-          Նա վախենում է «տրանսֆերից» ուշանա,- իմ փոխարեն պատասխանեց Սևդան։
-          Այսպես, թե այնպես նրանք ձեզ այստեղ չեն պահելու,- հետևություն արեց Յուրան։
-          Մենք՝ բոլորս «տրանսֆեր» ունենք, իսկ նա ոչ,- կարծես բողոքեց Սևդան։
-          Կլինի, և այս ամենը հուշ կդառանա, մի՛ շտապեք,- պատասխանեց նա և ոտքի կանգնեց,- Պիտի գնամ, իսկ Ձեզ առողջություն եմ մաղթում։ Ես ամեն գիշեր այստեղ եմ, եթե պետք է լինում դիմեք, բա ո՞ր օրվա հայրենակիցներ ենք,- բարեկամաբար ասաց նա և ժպտալով դուրս եկավ։
Գիշերվա կեսը վաղուց հատվել էր, երբ Սևդան գնաց։ Երկար ժամանակ քնել չէի կարողանում, բայց արդեն ոչ վատ զգալուց, այլ զարմանալուց, թե որքա՜ն բարի մարդիկ կան աշխարհում և ինձ համար հանգեցի հետևյալ եզրակացությանը․ «Աշխարհն ու մարդկությունը դեռ երկար կգոյատևեն, քանի դեռ գոյություն ունեն Սևդաները, Յուրաները, Մոնիկաներ և նման շտապ օգնություն»։ Ոչ մի քաղաքագետ չի կարող խաթարել խաղաղությունը և բարեկամությունը, քանի դեռ գոյություն ունի բարի մարդու կամքը՝ լինի զինվոր, թե հասարակ քաղաքացի։

Комментариев нет:

Отправить комментарий