понедельник, 27 мая 2019 г.

Իմ մասին լավ բաներ կգրեք (596-րդը)


Քիչ հետո ներս մտավ կարճահասակ, ածուխի պես սև մազերով, կանաչ աչքերով, ժպտերես մի երիտասարդ կին։
-          Քույրս է, ծանոթացիր,- ներկայացրեց Կաման։
-          Բարև ձեզ, անունս Լուսինե է, սա էլ իմ որդին է,- ներկայանալուց հետո, ձեռքով ցույց տվեց իր հետ ներս մտած խոշորամարմին, խոժոռ դեմքով տղային, իսկ նա առանց այլևայլության փռվեց բազմոցին։ Մայրը սկսեց կշտամբել որդուն, որպեսզի մտնելուց բարևի, բայց զարմանալիորեն այն ինձ վրա ոչ մի ազդեցություն չունեցավ, ինչպես և որդու։
-          Ու՞ր, սպասեք հաց կուտենք, հետո կգնաք,- առաջարկեց Կաման, երբ պատրաստվեցի դուրս գալ։
-          Ո՛չ, միայն սուրճ բավական էր, շնորհակալ եմ։
-          Գիրքդ ավարտեցի՞ր,- հարցրեց Ազոն։
-          Դեռ ոչ։
-          Դու էն ասա, ես կամ այնտեղ։
-          Դեռ չեմ հասել քեզ, հետո կերևա։
-          Իմ մասին լավ բաներ կգրեք։
-          Օրինակ ի՞նչ։
-          Դե՜, որ ես լավ տղա եմ,- ծոր տվեց նա,- Տան գործերն անում եմ, լավ եմ երգում,- թվարկելու հետ՝ Ազոն սկսեց բարձր ծիծաղել՝ միաժամանակ ծամելով հացն ու երշիկը։ Այնուհետև անսպասելի անհետացավ խոհանոցից՝ վերցրելով իր բաժին սուրճը։ Արդեն դուրս էի գալիս, Ազոն դեռ զուգարանում սրճում էր ու երգում։
Հրաժեշտ տալով Կամայի ընտանիքին, տոպրակները հազիվ քարշ տալով՝ հասա ավտոկայան, որտեղ արդեն սպասում էին իմ բախտակից ազուլները։ Մինչև ավտոբուսի ժամը, հեծանիվներով նույն մարդիկ մի քանի անգամ տնտղեցին նույն աղբամանները, գուցե մտածում էին՝ լավ չե՞ն տնտղել անցած անգամը։ Գուցե։
Երեկոյան ավտոբուսը շարժվեց բացառապես ազուլ ուղևորներով։ Տուն մտա հոգնած ու կրծքավանդակի տարօրինակ ցավով։ Թվում էր այդ ծանր տոպրակները ողջ ուժով ձգել էին իմ թևերի մկանները։ Դեռ չէի ընկել անկողնուն, երբ ներս մտան Սոմալին և Ֆաթիման։ Լուռ, զարմանքով նրանց նայեցի, քանի որ նրանք ավտոբուսում չէին, իսկ ինչո՞վ էին եկել։ Մեկ անգամ ևս հոգուս խորքում նախանձեցի մուսուլման ազուլներին և առանց ընթրելու տապալվեցի անկողնուն, մինչև հաջորդ օրը։

Комментариев нет:

Отправить комментарий