воскресенье, 12 мая 2019 г.

Սիլվան (596-րդը)


Լսվեց դռան զանգը, երբ այն կրկնվեց՝ հասկացա Ֆաթիման չի բացելու, իսկ նրա որդին երբեմն էր բազմոցից վեր կենում։ Դուրս եկա, դուռը բացեցի։
-          Բարև ձեզ,- մուտքի մոտ կանգնած երիտասարդ, կապուտաչյա, երկար, խարտաշյա գանգուրներով կինը բարևեց հաերեն և ինձ մեկնեց մի ծրար,- Այս նամակը ձերն է, մեր արկղում էր,- ասաց նա և մինչ կպատասխանեի, նրա փոքրիկը մոր ոտքերի արանքով ներս մտավ։
-          Երևի երկրորդ հարկում եք ապրում, այո՞,- ենթադրեցի ես և պարզվեց չեմ սխալվում։
-          Այո, լսել էի, այստեղ հայ են բերել, բայց ժամանակ չէի ունենում իջնելու։
-          Ներս եկեք։
-          Իմ որդին արդեն ներսում է,- ծիծաղեց նա և ներս մտավ, իսկ փոքրիկն արդեն վազվզում էր երկար միջանցքով։ Մենք մնացինք բարի սեղանին հենված,- Անունս Սիլվա է,- ասաց նա և շուրջը նայելով շարունակեց,- Այստեղ նախկինում գնչուի մեծ ընտանիք է ապրել։
-          Բայց, կարծես երբեք մարդ չի ապրել։
-          Նրանք վաղուց են գնացել, իսկ սենյակները հետո են կարգի բերել։
-          Դուք վաղու՞ց եք այստեղ,- հետաքրքրվեցի ես։
-          Արդեն երկու տարի է՝ Ֆրանսիայից ենք եկել։ Երկու երեխաներն էլ այնտեղ եմ ունեցել, հիմա սպասում եմ երրորդին,- ժպտաց նա։
-          Եկեք ներս, սուրճ խմենք,- առաջարկեցի հայրենակցիս։
-          Ոչ, չեմ ուզում,- հրաժարվեց նա և նայեց հյուրասրահի կողմը,- Սրանց հետ ինչպե՞ս եք յոլա գնում։
-          Լռությամբ և համոզված, որ այս ամենը երկար չի տևի։
-          Դուք պետք է դիմեք, այլապես այսպես էլ կմնաք այստեղ։
-          Տեսնենք․․․
Երբ փոքրիկը մտավ հյուրասրահ, նա սարսափահար վազեց, թևից բռնեց ետ բերեց,- Պետք է գնամ, նա արդեն խելոք չի մնում։
-          Շնորհակալ եմ նամակի համար։
-          Դուք փոստ էլ չունեք,- նայելով դռանը ասաց նա, բայց փոստը դռան վրայի անցքից ներս էր շպրտվում՝ հատակին։ Սիլվան դուրս եկավ, երբ Ֆաթիման սկուտեղով ուտելիք էր տանում որդու համար։
Ֆաթիման որդուն տեղավորել էր ընդհանուր սենյակում։ Նա ծխում էր այնտեղ, քնում էր այնտեղ, ուտում էր այնտեղ, ուստի սենյակը միշտ պատված էր ծխե ամպով։ Քանի որ ծխից և այլ սուր հոտերից սկսում էի հազալ, ինձ մնում էր երկար ժամերով փակված մնալ սենյակում, այս դեպքում օրերով։ Ֆաթիման հոգ էր տանում որդու մասին, ինչպես փոքր երեխայի՝ նա խոհանոցում ուտելիքը պատրաստում էր և արագ հրամցնում  բազմոցին միշտ նստած կամ պառկած որդուն։ Օրեր հետո նրա որդին մեկնեց։ Նորից նա մնաց տխուր ու լալագին։
-          Ինչու՞ տխրեցիր,- հարցրի նրան, որքան էլ իմանայի տխրության պատճառը։
-          Որդիս մեկնեց ուրիշ ու հեռավոր քաղաք, իսկ աղջիկս էլ մի ուրիշ տեղ է «Transfer», ինձ էլ բերել են այստեղ, ինչպե՞ս չտխրեմ,- պատասխանելիս սկսեց լաց լինել։
-          Իսկ ամուսի՞նդ։
-          Ամուսին չունեմ, մահացել է, երբ դեռ քսան տարեկան էի։ Մենակ եմ մեծացրել երկու զավակներիս,- նրա լացը վերածվեց ողբերգության։ Անգիտակցաբար  կպել էի Ֆաթիմայի ցավոտ տեղին, և մեծ ջանք պահանջվեց նորից հանգստացնելու նրան։

Комментариев нет:

Отправить комментарий