пятница, 10 мая 2019 г.

Ինձ համար, Գերմանիան մի երկար միջանցք էր և մի փոքրիկ սենյակ (596-րդը)


Որքան էլ տարօրինակ հնչի, արթնացա տիրող լռությունից։ Շրջեցի սրահով ու երկար միջանցքով, հրեցի Ֆաթիմայի դուռը, այն կողպված էր։ Մնացի մենակ այդ մեծ ու մութ հարկում։ Թվում էր՝ պատերն ինձ վրա էին գալիս։ Սկսեցի ապրել, որոհետև դեռ շնչում էի, իսկ նոր Գերմանիան ինձ համար մի երկար միջանցք էր և փոքրիկ մի սենյակ։
Օրերն անցնում էին։ Ոչ ոք չէր ուզում հիշել ինձ։ Անվերջ թվացող գիշերները երբեմն սարսափելի մղձավաջի էին վերածվում, ուստի ժամերով մնում էի լուսամուտից դուրս նայելով։ Նստում էի գիշեր, նստում էի ցերեկ։ Գնալու տեղ չկար, այսինքն ու՞ր գնայի։ Ինձ փրկում էր ստեղծագործելը, սակայն այդ դեպքում էլ հաճախ միտքս ավիրում էր սրտիս դողը։
Հնչեց  հեռախոսի զանգը, մեծ զարմանքով վերցրի այն։
-          Բարև Ջանո,- լսվող ձայնն անծանոթ թվաց։
-          Բարև, ո՞վ է։
-          Սևդան է, արդեն մոռացե՞լ եք,- ինչպես ճամբարում, նույնկերպ ուրախ պատասխանեց նա,- Ինչպե՞ս եք, լա՞վ է ձեր տեղը։
-          Ոչ այնքան, անտես, անծանոթ մի գյուղ է և պատկերացնու՞մ ես՝ այն սպիտակ գլխաշորով արաբուհու հետ միասին մի շենքում եմ, նա էլ քանի օր է այստեղ չէ, եթե ճամբարում հոգեպես էի մենակ, այստեղ և հոգեպես եմ մենակ և ֆիզիկապես։ Որպես մարդ սարսափելի է, իսկ որպես ազուլ տոկում եմ,- վերջում փորձեցի կատակել, բայց հակառակ սպասածիս, որից պետք է Սևդան քահ-քահ արձագանքեր, նա ավելի տխուր արձագանքեց․
-          Վա՜յ, ինչ վատ է տեղդ, որքան լավ կլիներ՝ գոնե նույն քաղաքում լինեինք, կգայիք մեր տանը կապրեիք։
-          Ուրախ եմ ձեզ համար, գոնե դուք գոհ եք։
-          Շնորհակալ եմ,-  պատասխանեց նա, և մենք երկար զրույցելուց հետո հրաժեշտ տվեցինք իրար։
Նույն օրը երեկոյան նորից հնչեց հեռախոսի զանգը։ Նշեմ, որ յուրաքանչյուր զանգի հետ թվում էր՝ վերադառնում եմ կյանք, ուստի, ինձ կարևոր մարդ զգալով, հեռախոսը ոչ թե վերցնում էի, այլ խլում պատասխանելու համար։
-          Ալո, բարև- այս անգամ ձայնն ավելի անծանոթ թվաց։
-          Բարև, ո՞վ է,- նորից նույն հարցը կրկնեցի ես։
-          Կաման է, մոռացե՞լ եք արդեն։
-          Ոչ, չեմ մոռացել, բայց հույս չունեի, թե ինձ կհիշես, ինչպե՞ս ես կարողացել զանգահարել։
-          Սևդան տվեց հեռախոսիդ համարը, պատմեց, թե որտեղ եք հայտնվել։
-          Այո, Սևդան սրտացավ է, այս էլ քանի անգամ է զանգահարում է, նա ճամբարում էլ էր զանգահարում։
-          Այո, ինձ էլ է առաջինն ինքը զանգահարել տեղափոխվելուց հետո։ Մենակ մնացել եք, որպես ի՞նչ, վեր կացեք, եկեք մեզ մոտ, այստեղ լավ է, քաղաք է, տները մեծ են, ազատ սենյակ կա,- պատմելով հանդերձ՝ առաջարկեց նա։ Այդ պահին չգիտեի ուրախանայի, թե ավելի տխրեի։ Վերջապես կողմնորոշվեցի և ավելի տխրեցի իմ վիճակի համար, ուրախացա հնչող զանգերի համար։

Комментариев нет:

Отправить комментарий