пятница, 10 мая 2019 г.

Դժվարությունները մարդու համար են, քանի որ ինքը՝ մարդն է ստեղծում այն (596-րդը)


Ջերմությունը թուլացրեց իմ լարված նյարդերը։ Առավոտյան դուրս եկա բակ։ Լուսամուտների տակ ծածկված էր անխնամ խոտով, որը Գերմանիայում հազվադեպ երևույթ է։ Այնտեղ կարելի էր տեսնել անձրևից, ձյունից արդեն սևացած խալի, կապրոնե բաժակ, աման, ջարդված սպասք, լաթի կտոր, հագուստի արդեն փթող մասնիկներ։ Այս ամենը ծածկում էր անմշակ վեր բարձրացած և արդեն գետնին փռված խոտը։ Այն իր մեջ էր պահում նաև ամեն տարվա չորացող խոտը, ուստի այնտեղից փչում էր տիղմահոտը։ Կանաչ տարածքից հետո, սկսվում էր ճանապարհը։ Ճամփի հակառակ կողմը՝ մեր շենքի դիմաց կանգնած էին երկու տներ, այնուհետև երևում էին գյուղի տանիքներն ու ծխնելույզները։ Պարզվեց ես հայտնվել էի գյուղում․․․
Մեր բախտը բերել էր միայն մեկ դեպքում՝ յուրաքանչյուրս ուներ իր բաղնիք-զուգարանը։ Իմ բաժինն ավելի մեծ էր, քան իմ զբաղեցրած սենյակը, ուստի չգիտեի՝ դա լա՞վ էր, թե՞ վատ։
Մինչ հաջորդ իրիկուն ողջ հարկն արդեն ավելին էր տաքացել, քան պետք էր։ Նվազեցնել այն պարզվեց՝ վեր է մեր իմացությունից, քանի որ, ինչպես իմացանք, կարգավորիչներն առաջին անգամ պտտելիս, նոր տեղադրվածները մնացել էին իմ ձեռքի մեջ՝ աշխատում էին միայն հին կարգավորիչները և իմ զբաղեցրած սենյակինը։ Միակ ելքը՝ ինձ մնում էր համակերպվել իրականության հետ, որի մեջ մտնում էր նաև նոր հարևանը՝ սպիտակ գլխաշորով արաբուհին։
Չեմ թաքցնի՝  սարսափելի վախենում եմ մթությունից, բայց մթության սարսափը խամրեց, երբ գիշերվա կեսին լսվեց բարձր լացի ձայն։ Տեղից վեր թռա, մի պահ մնացի նստած՝ կողմնորոշվելու, թե որտե՞ղ եմ, այնուհետև խելքս գլուխս եկավ, հասկացա՝ լաց լինողը կողքի սենյակում էր։ Շտապեցի այնտեղ՝ Ֆաթիման բարձր լաց լինելով՝ խոսում էր հեռախոսով։ Նման դեպքում իմ ներկայությունն ավելնորդ համարելով՝ վերադարձա, բայց այլևս անհնար էր քնել։
Անցնող օրերի հետ Ֆաթիման  հետ լուռ ու մունջ մաքրեցինք ողջ հարկը՝ ներառյալ ընդհանուր խոհանոցը, բայց մենք ոչ այնքան լուռ էինք, որքան հուսահատ։ Եկավ գումար ստանալու օրը, հույսով լցված պատրաստվեցինք մեկնել քաղաք։
«Transfer»-ից  հետո առաջին անգամ էինք դուրս գալիս։ Առաջին խնդիրը եղավ կանգառը գտնելը, և այն մեզ համար բավականին դժվար էր՝ չգիտեինք՝ գյուղը մե՞ծ էր, փո՞քր էր, ո՞ր կողմը քայլեինք, որպեսզի հայտնվեինք կանգառում։ Մնացինք շվարած՝ մեր շուրջը նայելով՝ հույսով մեկից հարցնելու, բայց շունչ արարած չգտնելով, ճանապարհով  քայլեցինք դեպի ներքև, և ա՛յ քեզ հաջողություն՝ երևաց կանգառի նշանը։ Ֆաթիմայի հետ ուրախացած իրար նայեցինք, որը մեր իմացած միակ լեզուն էր իրար հետ շփվելու համար, ապա կանգնեցինք ուղիղ կանգառի ցուցատախտակի տակ։
Քիչ հետո երևաց մեծ, կարմիր ավտոբուսը։ Այն մտովի համեմատեցի իմ երկրի հին ու փոշեկոլոլ գազելների հետ, որոնք մի կերպ ընթանում են գյուղերի քանդված ու մեծ փոսերով ճամփաներով, մշտապես գերբարձված և ահա այս երկրում առաջին անգամ մարդավարի ավտոբուս նստեցի, որպես ուղևոր։ Զբաղեցրի առաջին նստատեղը՝ մի կողմ քաշվելով Ֆաթիմային տեղ տալու համար, բայց նա, իմ ջանքը ջուրը գցեց, անտարբեր անցավ ետևի մասը։ Ետ նայեցի՝ նա նստեց գլխաշորով մի ազուլի կողք, իսկ ավտոբուսում հիմնականում մի քանի ազուլներ էին և երկու գերմացի թոշակառուներ։
Մինչև առաջին բնակավայրն ավտոբուսն անցնում էր զառիվեր ու վար ճանապարհով, անտառներով ու ձորերով։ Ուշադիր զննում էի տեղերը, բայց այդպես էլ ոչ մի ծանոթ դրվագ չէր երևում, մի՞թե տաքսին այլ ճանապարհով էր մեզ բերել այդ գյուղը։
Երբ վերջին կանգառում իջանք, մոլորվածի պես դարձյալ շուրջս էի նայում, իսկ Ֆաթիման քայլեց ավտոբուսում հանդիպած կնոջ հետ։  Քիչ հետո ետ նայեց։
-          Ջուլի՜,- ձայն տվեց նա, ապա ձեռքով կանչեց ինձ։ Ես չքայլեցի, այլ վազեցի նրա հետևից, քանի որ քաղաքին անծանոթ էի, իսկ ինքը քայլում էր արդեն քաղաքին ծանոթ մարդու հետ։
Ֆաթիմայի հայրենակցուհու հետ գնացինք մինչև սոցիալ, որտեղից պետք է գումար ստանաինք։ Միջանցքում հերթ էր, մենք ևս լրացրինք շարքը։ Շարքի առջևում կանգնած տղամարդն ուշադիր նայեց ինձ, ապա հերթից դուրս եկավ, մոտեցավ․
-          Բարև ձեզ,- բարևեց ռուսերենով։
-          Բարև,- ուրախացա ես,- Ի՞նչ ազգ եք։
-          Ադրբեջանից եմ, իսկ դու՞ք։
-          Հայաստանից եմ։
Այդ լսելով՝ մեզ մոտեցավ նստարանին նստած երիտասարդ կինը։
-          Բարև ձեզ, նույնպես բարևեց ռուսերենով, ապա ժպտալով հարցրեց,- Իսկ դուք հայերեն խոսու՞մ եք։
-          Իհարկե խոսում եմ,-  պարզվեց իմ պատասխանը բավականին ուրախալի էր նրա համար։
-          Վաղու՞ց է՝ այստեղ եք։
-          Ոչ, մի քանի օր է։
-          Փաստորեն, նոր եք տեղափոխվել։ Քաղաքու՞մ եք։
-          Ո՛չ, ինչ որ գյուղում։ Արենիր է կոչվում։
-          Ա՜, կտրված գյուղ է, ո՛չ խանութ ունի, ո՛չ դպրոց, ո՛չ էլ բուժկետ,- կարծես հիասթափվելով իմ բնակատեղից՝ տխրեց նա, ապա ավելացրեց,- Մի ժամանակ ես այդ գյուղի հարևան գյուղում էի ապրում։ Նույնպես ոչինչ չկար։
-          Իսկ հիմա՞։
-          Հիմա ոչ, առանձին եմ՝ քաղաքին մոտիկ։
-          Ինչ արած, գուցե մի օր էլ ինձ կհաջողվի,- նրա հետ տխրեցի նաև ես։
-          Մենա՞կ եք, թե ընտանիքով։
-          Մենակ եմ։
-          Երևի ձեր ընտանիքը մնացել է հայրենիքում։
-          Ո՛չ, այստեղ մենակ եմ՝ մի աղջիկ ունեմ․․․
 Դժվար կլինի ձեր համար։
-          Դժվարությունները մարդու համար է, քանի որ մարդն՝ ինքն է ստեղծում այն,- փիլիսոփայեցի ես։
-          Այո, լավ միտք է,- ոգևորվեց նա,-  Անունս Անյա է, իսկ ձեր ձեռքի համար չէի՞ք տա, ես էլ իհարկե իմ սիրով կտայի,- ասաց նա, այնուհետև մենք փոխանակեցինք մեր հեռախոսի համարները։
-          Ջուլի՜,- լսվեց Ֆաթիմայի ձայնը, նա արդեն իջնում էր երկրորդ հարկից, հասկացրեց՝ արդեն գնում է մյուս կանանց հետ։
-          Ո՞վ է նա,- զարմացավ Անյան։
-          Արենիրում միասին ենք ապրում։
-          Ի՞նչ լեզվով եք շփվում իրար հետ,-ավելի զարմացավ հայրենակիցս։
-          Ոչ մի, հայացով ու ձեռքերի օգնությամբ։
-          Ինչպե՞ս կարելի է։ Ինձ էլ մի ուրիշ ընտանիքի հետ էին տեղավորել, բայց նույն ազգից, չդիմացա, տեղափոխվեցի ուրիշ տեղ։
-          Վա՞տ էր։
-          Ո՛չ, բայց նրանք արդեն ընտանիք են։ Ես ո՞վ էի այնտեղ: Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը մի անհատ է, որքան էլ ազուլ լինենք, և չպետք է նման կերպ բոլորին խառնել իրար՝ առանց հաշվի առնելու կրոնն ու լեզուն և ընդհանրապես, - վրդովվեց նա։
-          Այո՛, այդպես ավելի ճիշտ կլիներ, բայց ցավոք որոշողը մենք չենք, մենք ընդամենն այդ որոշմանը ենթարկվողն ենք։
Դուրս եկավ աշխատակիցը, կարդաց  Անյաի ազգանունը։
-          Էլի կտեսնվենք,- ասաց նա և ներս մտավ։
Վերջինը ես էի, ստացա ողջ ամսվա համար նախատեսված՝ երկու հարյուր ութսուն երեք եվրո և մի քանի ցենտ գումարը։
Քայլում էի սոցիալից դուրս եկող ազուլների հետևից՝ հայացքով փնտրելով Ֆաթիմային։  Քիչ հեռվից երևաց կարմիր ավտոբուսներով կանգառը։ Այն ինձ ոգևորեց, բայց Ֆաթիմային կանգառում չգտա։ Մնացի նստած նստարանին։ Առավոտվա կարմիր ավտոբուսի տեղը կանգնեց մինիբուսը, նայելով համարին՝ ուրախացած նստեցի, իհարկե ոչ այն օտար կացարանը վերադառնալու ուրախությամբ, այլ կանգառում սառած ոսկորներս ավտոբուսի մեջ տաքացնելու հույսով։
Մնացի ոտքի վրա, անմիջապես հենված դռանը, քանի որ դպրոցականներն արդեն տեղավորվել էին։
Մութ էր, երբ ավտոբուսը հասավ Արենիրի կանգառը։ Հոգնությունը թույլ չտվեց ընթրել, ուստի տապալվեցի անկողնուն մինչև հաջորդ առավոտ։

Комментариев нет:

Отправить комментарий