четверг, 16 мая 2019 г.

Ցուրտն ինձ տարավ Սիլվայի բնակարան (596-րդը)


Որքան էլ բողոքեր ու ծանր տաներ երեխաների վերաբերմունքն իր հանդեպ՝ գումար ստանալուց հետո, Ֆաթիման նորից մեկնել էր իր զավակների մոտ, իսկ Սոմալին, սովորության համաձայն, հյուրընկալվում էր ընկերներին։ Նորից հարկում մենակ էի։
Առավոտյան արթնացա՝ սենյակում բավականին ցուրտ էր։ Ստուգեցի՝ ջեռուցում չկար։ Իհարկե, մենակությունն ինձ խուճապի մատնեց։ Հուսահատված ու մրսած բարձրացա երկրորդ հարկ՝ պատճառն իմանալու, թե բողոքելու՝ չգիտեմ։ Սեղմեցի առաջին բնակարանի դռան զանգը՝  երևաց լիքոտ, ցածրահասակ, երեսունն անց մի տղամարդ՝ երեխան գրկին։
-          Hallo,- բարևեցի ես։
-          Կարող եք հայերեն խոսել, մենք հայ ենք, կարծեմ Սիլվան ձեր տուն էր եկել,- պատասխանեց նա։
-          Ուրախ եմ, չգիտեի սա Սիլվայի բնակարան  է, իսկ նա տա՞նն է։
-          Իհարկե, իսկ որտե՞ղ պետք է լիներ։ Նե՛րս եկեք,- առաջարկեց նա։
-          Շնորհակալ եմ, միայն ուզում էի իմանալ՝ դուք նույնպե՞ս ջեռուցում չունեք։
-          Ո՛չ, շենքը գիշերվանից չի ջեռուցվում, երեխաները սառել են, մենք՝ դեռ ոչինչ։
Երբ ներս մտա, նոր հարևանի բնակարանն այնքան էլ ցուրտ չէր, ինչպես ներկայացրեց նա, քանի որ խոհանոցը, առանց դռան, կցված էր  ճաշասենյակին, իսկ այնտեղ միացված էին սալօջախի չորս սալիկները։
-          Բարև ձեզ,- ննջարանից դուրս եկավ Սիլվան։
-          Բարև, ինչպե՞ս եք, եկա՝ իմանալու, ինչու՞ ջեռուցում չկա շենքում,- պատասխանելուց հետո ոտքի կանգնեցի՝ տեսնելով նրա փեշից քարշ եկող փոքրիկ տղային։
-          Նստե՛ք, ու՞ր եք գնում, սուրճ խմեք հետո,- առաջարկեց նա։
Նորից ընկա տեղս, երբ ամուսինը գրկի երեխային բաց թողեց հատակին, ինքը ընկավ իմ դիմացի բազկաթոռին, երեխան չորեքթաթ սկսեց սողալ սեղանի, աթոռի տակով։
-          Սիլվա՛, ինձ էլ սուրճ բեր,- մրմնջաց նա՝ ալարկոտ ու դեռ քունը գլուխը։
Մինչև սուրճ խմելը, նրանց երկու տարեկան որդին հասցրեց մի քանի անգամ սեղանի վրա դրված ափսեից դատարկել կոնֆետները, նորից տեղը լցնել, արդյունքում ամեն ինչ խառնեց իրար՝ միաժամանակ բղավելով մի քանի անհասկանալի բառեր։
-          Խելոք մնա՛,- ավելի բարձր ձայնով բղավեց հայրը և ուժգին մի ապտակ հասցրեց երկու տարեկան որդու դեմքին, այնուհետև, երբ երեխան ձայնը չէր կտրում, նա գրկեց, սկսեց համբուրել նրան։
-          Վաղու՞ց եք այստեղ,- նորից հարցրեցի ես՝ հաստատ իմանալով, որտեղից են եկել։
-          Արդեն երկու տարի է, բայց Հայաստանից չենք եկել,- հպարտությամբ արտաբերեց Սիլվան՝ կարծեմ արդեն ասել եմ
-          Ճիշտն ասաց, մոռացել էի,- արդարացա ես։
-          Ֆրանսիայից ենք եկել։ Այնտեղ  շատ լավ էր, բայց մենք անօրինական մեքենա էինք գնել, երբ վթարի ենթարկվեցինք, հենց այնտեղից էլ փախանք Գերմանիա,- պատմեց կինը։
-          Այնտեղ աշխատու՞մ էիք։
-          Չէ հա, ի՞նչ աշխատել, խի ես աշխատող տղու նմա՞ն եմ,- այս անգամ պատասխանեց ամուսինը՝ մուննաթով։
-          Հաճելի էր ծանոթանալ, բայց դե ես գնամ։
-          Ասում են՝ վաղը կգան կմիացնեն։ Այսօր պետք է մի կերպ դիմանանք,- բացատրեց ամուսինը, իմ դուրս գալուց առաջ։

Комментариев нет:

Отправить комментарий