понедельник, 27 мая 2019 г.

Բագրատը եկել էր բուժվելու (596-րդը)


Երբ երկու շաբաթվա համար մթերք գնեցի, մի կերպ քարշ տալով՝ հասցրի Կամայի տուն։ Դռան զանգը տվեցի, Ազոն բացեց։
-          Օ՜, բարև ձեզ, արդեն մոռացել ենք ձեր մասին, ներս եկեք,- սկսեց նա, ես էլ ծանր տոպրակները քարշ տվեցի ներս,- Կամա՜, Ջանոնա եկել,- տնով մեկ բղավեց Ազոն։
-          Ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել,-  ննջարանից եկավ Կաման՝ աշխատելով արթնանալ։
-          Բարև ձեզ,- մյուս սենյակից դուրս եկավ անծանոթ, ճերմակած, վաթսունի մոտ մի տղամարդ։
-          Բարև Ձեզ,- պատասխանի հետ հարցական նայեցի Կամային։
-          Հայրս է, մի քանի օր է, ինչ եկել է,- կռահելով բացատրեց նա։
-          Բարև ձեզ, բարի գալուստ,- նորից ձեռքով բարևեցի նրան։
-          Առաջացեք, նստեք,- վերջապես առաջարկեց Ազոն, իհարկե ուրախացա, քանի որ հոգնությունից քիչ էր մնում տապալվեի մուտքի մոտ։
-          Անունս Բագրատ  է,- ներկայացավ Կամայի հայրը և միացավ մեզ։
-          Հյու՞ր եք եկել։
-          Ո՛չ, ի՞նչ հյուր, զոռով տղաներս են ուղարկել այստեղ բուժման,- առանց տրտնջալու՝ պատասխանեց Բագրատը։
-          Իսկ ինչի՞ց եք բողոքում։
-          Քաղցկեղ ունեմ, ինչպես այստեղ եկող շատ հայերի մոտ։
-          Տեսնես ինչի՞ց է,- մտահոգվեց Կաման,- կարծես ողջ հայ ժողովուրդն է տառապում այդ հիվանդությամբ։
-          Էկոլոգիայից, սնունդից, ատոմակայանից։ Մի թիզ երկիր է, ծայրից ծայր մի քանի հոգի թունավորում են հանուն անձնական գրպանի,- վրդովվեց Բագրատը,- սովետի վախտով լավ չէ՞ր։
-          Մի՞թէ այդ ամենը ետսովետական ձեռքբերում է, բոլորն էլ սովետական ժամանակի կառույցներ են, իհարկե բացի սնունդից - նկատեցի ես,- Գուցե հիվանդության խնդիրը հենց սնու՞նդն է։
-          Իսկ ինչու՞ այն ժամանակ այդքան մեծ չէր հիվանդների թիվը,- մտահոգ հարցրեց Բագրատը։
-          Գուցե վերահսկողություն կար,- միջամտեց Կաման։
-          Բնականաբար վերահսկվում էր։ Հազարից մեկն էր հիվանդանում, հիմա յուրաքանչյուր երրորդը,- ասաց Բագրատը, ոտքի կանգնեց,- Գնամ մի հատ ծխեմ։
-          Ի՞նչ իմանանք մեծ էր, թե ոչ, այն ժամանակ գուցե ինտերնետ չկար, պարզապես անտեղյակ էինք։ Հիշեք, տասը տարի ՍՍՀՄ-ը պատերազմեց Աֆղանստանում, քաղաքացին իմացավ այդ մասին միայն նրա փլուզումից հետո,- սա էլ իմ սուբյեկտիվ կարծիքն էր։
-          Այո, ճիշտ է, բայց դե սովետը լավ էր, մեզ վերահսկում էին ռուսները,- շարունակեց Կաման, սուրճը մատուցելով,- Բագրա՜տ արի, սուրճը եղավ։
-          Ջանոն, կարծես քայլող հանրագիտարան լինի,- մեջ մտավ Ազոն՝ արագ կծելով հաց ու պանիրը, այդ ընթացքում մի քանի անգամ լուսամուտից դուրս նայելով, որտեղից երևում էին դպրոցականները։
-          Արդեն եղե՞լ եք բժշկի մոտ,- հետաքրքրվեցի ես։
-          Այո, անգամ սկսել են բուժումը, մնացածը Աստծո ձեռքին է,- այս անգամ Բագրատի խոսքի մեջ մտահոգություն նկատվեց, իսկ հայացքի մեջ սպասում կար։

Комментариев нет:

Отправить комментарий