воскресенье, 30 июня 2019 г.

Փաստաբանը մերժեց (596-րդը)


-          Մի շաբաթից կգա՞ս Կոբլենց,- տանից դուրս գալուց հարցրեց Մանեն։ Նրա հարցին  արձագանքեց իմ մշտական զարմանքը։
-          Ինչի՞ համար։
-          Պետք է քեզ համար փաստաբան գտնենք,- Իհարկե  տխրեցի, քանի որ ես էլ պետք է ընկնեի նման քաշքշուկների մեջ, ինչպես բոլոր ազուլներ՝ բացառությամբ սիրիացիների և մի քանի այլ մուսուլմանների, որոնք Գերմանիայի կողմից ստացել էին բոլոր արտոնությունները։
-          Կգամ,- համաձայնվեցի և դուրս եկա։

Միշտ մենակ էի, բնականաբար և հոգով մոլոր, ուստի յուրաքանչյուր ավտոբուսից հետո, մի քանի ժամ կանգառում կորցնելը ինձ համար դարձել էր սովորական, միաժամանակ անտանելի այդ սովորականը։
Տեղ հասա, երեկոյան վեցից հետ։ Ուզում էի խանութ գնալ՝ մի քանի ուտելիք գնելու, քանի որ առավոտից ոչինչ չէի կերել, բայց երբ անձրևներից մամռակալած աստիճաններով վերջապես իջա ներքնահարկ, ինչպես ամեն անգամ, ախորժակս կորցրի, քանի որ այնտեղից  փչում էր անտանելի տիղմահոտը։ Ներս ընկա, տապալվեցի անկողնուն մինչև հաջորդ առավոտ։
Առավոտյան արթնացա ծանրացած գլխով, թմրած թևերեվ, ուռած աչքերով։ Երերալով հասա լվացարան, երկա՜ր լվացվեցի, դուրս եկա՝ րոպե առաջ ներկայանալու սոցիալին։ Ինչպես միշտ, ֆրաու Շուլցը տեղում էր։ Նա, մաստակը ծամելով, գլուխը բարձրացրեց համակարգիչից։
-          Հալլօ,- տեսնելով ինձ՝ արտաբերեց նա,- Ի՞նչ կա։- Իհարկե ուրախացա նման հարցից, քանի որ, դա նշանակում էր՝ «ամեն ինչ կարգին է»։
-          Ոչինչ, պարզապես եկա ներկայանալու,- անկապ պատասխանեցի նրան։
-          Չուզ,- անմիջապես հետևեց ֆրաու Շուլցի պատասխանը, որն էլ ինձ դուրս մղեց գրասենյակից։
Որքան էլ կոպիտ կամ անտարբեր լիներ ֆրաու Շուլցի վերաբերմունքը, միևնույն է՝ գոհ էի մնում միայն նրա համար, երբ խնդիրներ չէին ծագում իմ կողմից, թեկուզ թյուրիմացաբար, ինչպես լինում էր երբեմն։ Ուրախացած դուրս եկա, ուղղվեցի հիվանդանոց։ Պետք է անցնեի հեթրական բուժզննումը, բայց այն փակ գտնելով, վերադարձա։
Վաղ առավոտյան զանգահարեց Մանեն․
-          Ե՞րբ կարող ես գալ Կոբլենց,- Իհարկե սպասում էի նման հարցի, բայց չգիտես ինչու՞ նորից տհաճություն զգացի պարտադրված լինելուց։
-          Ազատ եմ, քամու պես, տես թե քեզ ե՞րբ է հարմար։- Իմ անտեր վիճակը վերագրեցի ազատության, և այն ինձ համար իհարկե այլ հասկացություն ուներ։ Նա նշեց  հանդիպման ժամը, իսկ տեղն ինձ համար միայն կայարանն էր, քանի որ ցանկացած քաղաք ինձ համար կայարան էր՝ Կոբլենցը նույնպես։
Առաջին անգամ ճանապարհ էի դուրս գալիս առանց ճամպրուկի։ Ինձ զգում էի ինչպես ճախրող թռչուն։ Ավտոբուսից հետո նստեցի գնացք և ընդամենը մեկ ժամ հետո Կոբլենցի կայարանում էի։ Դեռ նոր էի մտել սպասասրահ, երբ զանգ եկավ հեռախոսի վրա։ Մանեն էր։ Դուրս եկա հակառակ կողմից՝ նա շտապում էր դեպի իմ կողմը։ Իհարկե ուրախալի էր ինձ համար, քանի որ միշտ չէ, երբ առաջին անգամից կարողանում էի գնալ ճիշտ ուղղությամբ։
-          Բարև, որքան հեշտ գտանք միմիյանց,- ուրախացա՝ տեսնելով նրան։
-          Արի արագացնենք, Պետերը սպասում է քիչ հեռվում։
-          Նա՞ է քեզ բերել։
-          Այո։
-          Ինչ լավ է, բավականին ժամանակ կշահենք, երեխաները երկար չեն մնա առանց քեզ,- ուրախացա ես, և վազեցինք դեպի երևացող մեքենան։
Պետերը, ոչ այնքան կենսուրախ մարդ էր, որքան հավասարակշռված։ Նա ժպտալով պատասխանեց իմ «Հալլօին», և մենք նրա մեքենայով սլացանք Կոբլենցի փողոցներով՝ փաստաբան գտնելու։
Շենքը, որտեղ մտանք, քաղաքի կենտրոնում էր։ Այն մեկ հարկանի, հին շինություն էր։ Ներսը նույնպես անշուք էր՝ կահույքը հնամաշ։ Մեր գտած փաստաբանը տարիքով  տղամարդ էր, նիհար, բարձրահասակ, շիկահեր, սառը հայացքով։ Փաստաբանի մոտ մտանք միայն ես և Մանեն, իսկ Պետերը մնաց նախասրահում։
-          Հալլօ,- բարևելուց հետո առաջացանք։
-          Հալլօ, նստեք,- պատասխանեց ֆաստաբանն, ապա լսեց իմ պատմությունն, ավելի ստույգ պատճառը, այնուհետև մերժողաբար տարուբերեց գլուխը,- Գիտեի ձեզ արդեն մերժել են։ Ներեցե՛ք, բայց ես միայն մերժված գործեր եմ վերցնում, որոնք շտապ են, իսկ ձեր դեպքում չեմ կարող, դիմեք ուրիշ փաստաբանի։
-          Իսկ ինչու՞ սկզբից այդպես չէիք ասում, երբ հեռախոսով խոսում էիք։ Մենք բավականին երկար ճանապարհ ենք անցել, երկու փոքր երեխաներին տանն եմ թողել։ Նորից որտեղի՞ց այսքան կարճ ժամանակում, նման մեծ քաղաքում փնտրենք ու փաստաբան գտնենք,- տեղին վրդովեց Մանեն։
-          Ցավոք, ոչնչով օգնել չեմ կարող, բոլոր հայերին մերժում են, ահա՛, տեսեք, թե որքան գործ է հավաքվել գլխիս՝ բոլոր այս գործերը մերժված հայերինն են,- պատասխանեց նա՝ ցույց տալով շարված գործերը։- Ձերը վերցնեմ, որպես ի՞նչ։
-          Ինչու՞ են հայերին մերժում,- անսպասելիորեն հարց տվեց Մանեն, որից փաստաբանը մի պահ նայեց մեր մերժված դեմքին, ապա պատասխանեց։
-          Որովհետև հիմնավոր պատճառ չեն ներկայացնում։ Պատճառները նեղ անձնական են, ուստի և մերժվում են։
Նրա պատասխանից մենք մնացինք լուռ ու գլխիկոր, քիչ հետո Մանեն նորից դիմեց նրան․
-          Հիմա մենք ու՞ր գնանք։ Ստացվում է՝ այսքան ճանապարհն անտեղի՞ ենք եկել։
-          Ո՛չ, անտեղի չեք եկել։ Կարող եմ ուրիշ փաստաբանի հասցե տալ, ազգությամբ թուրք է, հուսով եմ՝ ձեզ չի մերժի։
-          Տվե՛ք,- կարծես մի բան ունենալու համար ի միջիալյոց արտաբերեց Մանեն, և մեզ մերժող գերմանացի փաստաբանը տվեց թղթի մի կտոր՝ վրան գրված թուրք փաստաբանի հասցեն։ Իհարկե դուրս եկանք անտրամադիր։ Պետերը տեսնելով ոտքի կանգնեց։
-          Ինչ որ բան այն չէ՞։
-          Նա մեզ մերժեց, մեր գործը չվերցրեց,- ավելի շուտ բողոքեց Մանեն, քան պատասխանեց նրա հարցին։
-          Հիմա ի՞նչ պետք է անենք, ե՞տ գնանք,- զարմացավ Պետերը։
-          Ո՛չ, նա մի հասցե տվեց, ասաց այդ փաստաբանն ազգությամբ թուրք է,- պատասխանի հետ Մանեն հասցեն տվեց Պետերին։ Նա աչքի տակով նայեց հասցեին․
-          Սա մոտերքում է, նույնպես կետրոնում է։
Մանեի ընտանիքի բարեկամ Պետերի բացատրելուց հետո, նորից նստեցինք նրա  մեքենան և  տևական ժամանակ ընթանում էինք Կոբլենցի փողոցներով։

Комментариев нет:

Отправить комментарий