вторник, 11 июня 2019 г.

Մի փնտրեք մենություն, այն՝ ինքը կգա (596-րդը)


Մի փնտրեք մենություն, այն ինքը կգա, և ահա՛, ինձ համար եկավ՝ պատեր, պատեր, սառն ու անշունչ, օտար ու թաց։ Ներքնահարկում սկսել էի խեղդվել՝ օդ չկար, չկար ջերմություն։ Միտքս կարոտ էր ճչալուն ու գոռալուն, երգելուն ու խոսելուն, բայց իրականությունն այլ էր պարտադրում՝ լռել, խորհել, հիշել, համբերել և ըստ այդմ չխելագարվել, պարզվեց վերջինն ամենադժվարն էր։
Հեռուստացույցը հաճախ էր խափանվում, մնում էի երկա՜ր ժամեր լուսամուտից նայելով դուրս, որտեղից այս անգամ, հիմնականում, երևում էին պարզապես բարձիթողի աճած ծառերը՝ արգելք հանդիսանալով արևի ժլատ շողքերը խոհանոց թափանցելուն։
Իմանալով իմ հիվանդության մասին, իսկ գուցե նաև տեղափոխությանս առիթով, ինձ տեսության եկավ Մանեն։ Նա եկել էր երեխաների հետ, իսկ իմ բնակարանը, հիմնականում կարող էր լավագույն դեպքում ծառայել, որպես գինու մառան՝ ոչ ավելին։ Որպես իմ միակ հարազատները թե Գերմանիայում, թե ողջ աշխարհում՝ գիտակցաբար անհանգստանում էի նրանց առողջության համար, առավել ևս, եթե հաշվի առնենք փոքրիկ Հելենն ընդամենը մի քանի ամսեկան էր։  Այո՛, կան մարդիկ, որ սիրվում են առանց պատճառի։ Եվ ահա Մանեն և փոքրիկներն այդ մարդիկ էին ինձ համար։ Նա  երկու փոքրիկների հետ մի քանի տրանսպորտ փոխելով դժվարությամբ էր հասնել  բնության այդ գողտրիկ անկյունը, որտեղ պահ էր մտել փոքրիկ, լեռնանիստ քաղաքն իր բարեխառն եղանակով։
Որքան էլ կյանքը տհաճ անկնկալներ մատուցեր ինձ, իմ հարազատների հետ հանդիպումը նկատելի փոխեց աշխարհը։ Իսկ երեխաների աշխարհ գալը փոխվել էր նաև իմ ներաշխարհը։ Եվ ահա նրանք իմ հարկի տակ էին, այդ անշուք ու թաց հարկի։ Նրանց համար դողում էի ամեն վայրկյան՝ վախենալով՝ կարող են մրսել ու հիվանդանալ։
Այդ երկու օրերը ինձ իսկապես մարդ էի զգում՝ իմ հարազատներն իմ հարկի տակ էին՝ թեկուզ ներքնահարկի։ Մանեն ամենուր իմ միտքն էր, իմ ձեռքն էր։ Նա փորձում էր նման կարճ ժամանակում գեթ մի փոքր մեղմացնել իմ խնդիրները, որոնք անզոր էի լուծելու ինքնուրույն։ Ի վերջո նրա միջոցով պարզվեց՝ սխալ նամակ եմ հանձնել բժշկին, բնականաբար և սխալ դեղեր եմ ընդունել այդ օրերի ընթացքում։
Իհարկե բժիշկն ուրախացավ, տեսնելով ինձ թարգմանչի հետ, նաև ինձ համար հեշտ եղավ բացատրելու թյուրիմացությունը։ Այսպիսով, լացը, հուզմունքը և լեզվի չիմացությունն ինձ ստիպեցին քսան օրից ավել կուլ տալ սխալ հաբեր, որը և կարող էր չլինել իմ կյանքում։

Комментариев нет:

Отправить комментарий