пятница, 7 июня 2019 г.

Գնչուհի Ռադան (596-րդը)


Իրերը, նոր սոցիալի օգնությամբ, բարձրացրինք երկրորդ հարկ։ Նոր բնակարանում ինձ դիմավորեց ոչ մեծ ցանկությամբ հյուր ընդունելու՝ սևահեր, թխամաշկ, միջին հասակի, խոշոր, նկատելի դուրս ընկած աչքերով, կճատ քթով մի կին։ Նա դեմքը խոժոռեց, ինչն ավելի շատ զզվանք էր արտահայտում, կարծես՝ սոցիալի աշխատողին ենթարկվելու համար դժկամությամբ պատասխանեց իմ բարևին։
-          Ռադա,- ձեռքը մեկնելով՝ արտաբերեց նա՝ հազիվ լսելի ձայնով։
Սոցիալ մտնելու պահից ամեն ինչ կտայի, միայն թե վերադառնայի իմ նախկին տեղը, որտեղ առավոտից իրիկուն կողքի սենյակից լսվում էր Ֆաթիմայի «Ալլահ ակբարն» ու բարձր լացը, բայց այլևս ոչինչ փոխել հնարավոր չէր, պետք է իմ ներկայությունը հարմարեցնեի այդ  կնոջ և նոր սոցիալի հետ։
Ինձ հատկացված սենյակն անմիջապես մուտքին մոտ էր։ Ներս մտնելով այս անգամ կուզենայի պատուհանից դուրս նետվել, թեկուզ ջարդուփշուր լինելով, երբ սենյակում տեսա հիվանդի համար նախատեսված հատուկ մահճակալն ու անվասայլակը։  Այնուհետև, կարծես պատից պոկված վայր ընկած մեծ պահարանը զբաղեցնում էր սենյակի մի մասը, իսկ մյուս անկյունում իր դարը վաղուց ապրած ավելի մեծ պահարանն էր՝ այդ բոլորը հատակի հետ միասին ծածկված էին փոշու և կեղտի հաստ շերտով։ Մի կերպ անցա առաջ, դուրս նայեցի լուսամուտից։ Բացված տեսարանը սփոփիչ չէր՝ բակից հետո Մանդերշայդի գերեզմանատունն էր։
Երբ սոցիալը ընդհանուր սենյակում խոսում էր Ռադայի հետ, հիշեցի գյուղի սենյակի բանալու պատմությունը, նետվեցի դեպի դուռը՝ այն ոչ միայն բանալի չուներ, այլ պարզապես այդ դուռը ծածկելու համար էր՝ առանց կողպետքի։ Անհանգստացած դուրս եկա, դիմեցի սոցիալին․
-          Ինչու՞ դռանը կողպեք չունի։
-          Կտեղադրենք։
-          Ինձ համար գոնե սեղան ու աթոռ տվեք։
Նա միայն գլխով արեց, ապա նորից ինչ որ հրահանգներ տվեց իմ համատեղ կենվորին, իսկ նա պատասխանում էր սոցիալին գլուխը տմբտմբացնելով։
Երբ սոցիալը գնաց, մնացի կանգնած միջանցքում, քանի որ, ոչ այն էր առաջ գնայի, ոչ այն էր ինձ հատկացված սենյակը մտնեի։ Ամենուր անհարմար էր, կեղտոտ ու վանող։
-          Վաղու՞ց եք այստեղ,-  հարցրի Ռադային՝ վերջապես սիրտ անելով առաջ գնալ ընդհանուր սենյակ։
-          Արդեն երկու տարի է,- պատասխանեց նա, ապա արագ մոտեցավ, փոքր սեղանի վրայից վերցրեց դրված գիրքը, եկավ նստեց մեծ սեղանի մոտ,- Աստվածաշունչ եմ կարդում,- ցույց տվեց նա։
-          Քրիստոնեա՞ ես։
-          Այո, արդեն երկու տարի է Եհովայի վկա եմ։
-          Իսկ դրանից առա՞ջ։
-          Դրանից առաջ, մուսուլման էի՝ Կոսովոն հիմնականում մուսուլմանների երկիր է։
-          Իսկ ընտանի՞քդ։
-          Ընտանիքս մուսուլման է, բայց ամուսինս չցանկացավ ինձ հետ ապրել։ Երկու որդի ունեմ, նա մի օր նրանց վերցրեց և հեռացավ ինձանից։
-          Ափսո՜ս,-  ծոր տվեցի ակամա,- Նրանք Կոսովոյու՞մ են։
-          Ո՛չ, այստեղ՝ Գերմանիայում են։
-          Դիմի՛ր, թող օրենքով երեխաներիդ վերադարձնեն քեզ։
-          Ամուսինս «սեքյուրիիթի» է, նա ոստիկանությունից պահանջել է, որպեսզի ինձ մոտիկ չթողնեն երեխաներին, իսկ ես չեմ կարող օրենքը խախտել։ Սպասում եմ դատարանի որոշմանը։
-          Կարծում եմ՝ պետք է որ մոր օգտին կայանա որոշումը,- իմ կողմից փորձեցի քաջալերել նրան։
-          Կարո՞ղ ես քո համակարգչից մտնել նրա սայթը։
-          Ու՞մ,- անկնկալի եկա լսածից։
-          Ամուսնուս։
-          Իսկ ինչու՞ դու չես մտնում քո հեռախոսից,- նկատելով ձեռքի բավականին թանկ հեռախոսը՝ արդարացիորոն հարցրեցի ես։
-          Նա ինձ արգելափակել է,- պատասխանեց Ռադան և սկսեց լաց լինել, այդ լացը նման էր վտարվածի և անտեսվածի, բայց ոչ տառապածի։
Բացեցի նրա ամուսնու էջը՝ երկու գեղեցկադեմ, սևաչյա պատանիները նստած էին հսկա՝ ոչ պակաս գեղեցիկ տղամարդու գիրկը՝ այսպիսին էր Ռադայի ամուսնու էջի լուսանկարը։ Նա կարոտած երկա՜ր նայեց, ապա մատով շոյեց նկարը։
-          Նա ինձ լքեց հանուն մյուս կանանց։

Комментариев нет:

Отправить комментарий