понедельник, 3 июня 2019 г.

Բարի Մարկուսը(596)


Մինչ սոցիալ մտնելը, գնացի Կամայի տուն, զանգը տվեցի, ինչպես միշտ, ուշացած ու քնատ նա բացեց դուռը։
-          Ներս եկեք,- ասաց նա և աշխատեց  արթնանալ մինչև վերջ։
-          Չէի ուզում անհանգստացնել, բայց քո օգնության կարիքն ունեմ,- սկսեցի ես։
-          Ինչո՞վ կարող եմ օգնել,- զարմացավ նա՝ կիսախուփ աչքերը լրիվ բացելով։
-          Ուզում եմ սոցիալին խնդրել, որպեսզի ինձ տեղափոխի այնտեղից։
-          Բայց, կարծեմ էլի եք դիմել։ Նրանք պատասխանե՞լ են։
-          Ո՛չ, չեն պատասխանել։ Սոցիալի աշխատողները փոխվել են, կարծում եմ՝ կարելի է մեկ անգամ ևս փորձել, գուցե այս անգամ հաջողվի՞։
-          Այո՛, այդ դեպքում կարելի է փորձել,- համաձայնվեց Կաման, և մենք միասին գնացինք սոցիալ։
Ինչպես միշտ, սոցիալի աշխատողները տեղում էին։ Հակառակ այն երկու կանանց ժամանակների՝ դռան մոտ ազուլները հերթ էին կանգնել՝ յուրաքանչյուրն իր խնդիրով հանդերձ, մենք էլ իմ իմ խնդիրով լրացրինք հերթը։
-          Բարև ձեզ,- անսպասելիորեն հերթին միացավ Անյան։ Ամիսներ առաջ նրա հետ ծանոթացել էի նույն տեղում։
-          Օ՜, բարև,- իսկապես ուրախացա՝ տեսնելով նրան։
-          Ուրախ եմ ձեզ համար, գտնվեց ձեր աղջիկը, և ո՞վ կմտածեր, որ նա այն մարդն է,  ով ինձ և շատերին օգնել է ճամբարում։
-          Շնորհակալ եմ, իսկապես քո արածը մեծ լավություն էր ինձ համար, գուցե մի օր կարողանամ շնորհակալ լինել։
-          Ի՞նչ եք ասում, ես միայն Մանեին փոխհատուցեցի, նա, նորածինը գրկին, ոչ ոքի չեր մերժում, երբ որևէ մեկը թարգմանության կարիք էր ունենում, իսկ այդպիսիները որքան շատ էին՝ թե՛ ադրբեջանցիներ, թե՛ չեչեններ, թե՛ հայեր, թե՛ ռուսներ, թե՛ վրացիներ։
-          Այո՛, մարդկանց օգնել է պետք, առավել ևս, երբ հարցը առողջությանն է վերաբերվում։
-          Գնացե՞լ եք տեսության։
-          Ինչպե՞ս չգնայի, անգամ ինքը մի անգամ եկավ ինձ տեսության։
-          Միայն ուրախ եմ ձեզ համար։
-          Քո գործերն ինչպե՞ս են։
-          Ամուսնանում եմ, բայց, երբ իմացա սոցիալը փոխվել է, եկա լվացքի մեքենա խնդրելու՝ ձեռքով էի լվացք անում և պատկերացնու՞մ եք՝ մի քանի օրվա մեջ նոր սոցիալը տեղադրեց մեքենան։ Նրանք լավն են, մեզ մարդատեղ են դնում, անգամ ժպտում են։
-          Այո՛, նկատել եմ։
Այդ պահին իմ հերթն էր ներս մտնելու, բայց քանի որ Անյան փոքրիկի էր սպասում, ուստի հերթս զիջեցի նրան, այնուհետև ես և Կաման ներս մտանք։
-          Բարև ձեզ,- երկու աշխատակիցները մեր բարևին քիչ չէր պատասխանեցին, նաև ժպտացին մեզ։
-          Բարև, ինչո՞վ կարող ենք օգտակար լիներ,- հարցրեց ժպտադեմ ու բարի Մարկուսը։
-          Եկել եմ խնդրելու, որպեսզի ինձ տեղափոխեք,- Կամայի օգնությամբ պատասխանեցի նրա հարցին։
-          Ինչու՞,- զարմացավ նա։
-          Դե՜, այնտեղ ինձ մենակ եմ զգում, երկու մուսուլման կանանց հետ ինչ ընդհանուր բան կարող եմ ունենալ, առավել ևս մենք իրար լեզու չենք հասկանում, իսկ նրանցից մեկն ամբողջ օրը բարձրաձայն աղոթում է ու լաց լինում՝ «Ալլահ ակբար» կանչելով։ Մարդը կարող է խելագարվել այնտեղ։
-          Այո՜,- ծոր տվեց նա, իսկ մյուս աշխատակիցը միայն լսում էր և գլուխը տարուբերում՝ միաժամանակ ինչ որ թղթեր դասավորելով։
Երբ տիրեց լռություն, հուսահաված նայեցի Կամային, բայց անսպասելի, Մարկուսը վերցրեց հեռախոսը, սկսեց զանգահարել։ Մի քանի րոպե խոսելուց հետո հայտնեց՝  ասելով․
-          Ձեզ կտեղփոխենք երկու շաբաթ հետո,- լսածից համրացա, իսկ Կաման զարմանքից  բացականչեց անգլերենով, ապա նայեց ինձ՝ հայերենով․
-          Օ՜, ինչ լավ է։
-          Իսկ չե՞ք ասի, թե որտեղ,- հետաքրքրվեցինք մենք, հարցը տվեց Կաման։
-          Մանդեղշայդ։
-          Դա քաղա՞ք է, թե գյուղ,- նորից հարցրեց Կաման։
-          Փոքրիկ քաղաք է, այստեղից տասնհինգ րոպե ճանապարհ է, երկու ժամը մեկ ավտոբուս է աշխատում՝ անգամ շաբաթ և կիրակի օրերին։
-          Անչափ շնորհակալ եմ,- ուրախացա լսածից։ Անգամ լիաթոք ժպտացի, Կաման էլ նույն զգացումով միացավ ինձ։
-          Իսկ ե՞րբ եք կարգավորելու հարկի ջեռուցումը, այն միշտ աշխատում է,- իհարկե միաժամանակ չմոռանալով ևս մեկ անգամ հիշեցնել անտեղի շռայլվող ջեռուցման մասին։
-          Այն կարգավորիչներ ունի,- պատասխանեց Մարկուսը՝ ձեռքով ցույց տալով պտտելու ֆունկցիան։
-          Ո՛չ, կարգավորիչները տեղադրված չեն եղել հենց առաջին օրվանից,- առիթից օգտվելով պատասխանեցի՝ միաժամանակ կատարելով Սոմալիի խնդրանքը։
-          Իսկ ինչու՞ է այդ Սոմալեցի կինը փչացրել կարգավորիչները,- վրդովվեց մյուս  աշխատակիցը՝ անունը չեմ հիշում։
-          Նա չէր կարող բոլորը փչացնել, դրանցից մեկն էլ իմ ձեռքի մեջ է մնացել պտտելիս։
-          Ինչպե՞ս հասկանալ,- զարմացավ նա։
-          Կարծում եմ՝ այն պարզապես տեղադրված չի եղել, ինչպես դռների բռնակները, որոնք հետո տեղադրեց գյուղապետը, իսկ Սոմալիից անտեղի եք գումար գանձել։ Դա ֆիրմայի թերացումն է եղել։
Երկու աշխատակիցներն իրար նայեցին, ապա վրդովված սկսեցին իրար մեջ քննարկել խնդիրը, իսկ մեզ մնում էր հրաժեշտ տալ նրանց, որքան էլ այդ երկու բարի մարդիկ լավ տպավորություն թողած լինեին մեզ վրա։
-          Որքա՜ն լավ կլիներ, եթե հենց սկզբում էլ նրանք լինեին ձեր սոցիալը, գուցե այնտեղ չհայտնվեիք,- երբ դուրս եկանք, ասաց Կաման՝ հիացած սոցիալի լավ վերաբերմունքից, ես էլ իհարկե կրկնակի երջանկացած էի և երջանկությունից                                       համրացած՝ միայն գլխով հավանություն էի տալիս նրա խոսքերին։

Комментариев нет:

Отправить комментарий