воскресенье, 23 июня 2019 г.

Լուսաբացը կնոջ ձեռքով ծեծեց սենյակի դուռը (596-րդը)


Ես մնացի ճամբարում գիշերելու։Մինչ սեղանը հավաքում էի, աֆրիկացի կինը հագնվեց և իմ ներկայությունից ակնհայտ դժգոհած, դուրս եկավ, քանի որ, քիչ չէր բացել էի լուսամուտները, Մանեն էլ անջատել էր այրվող ջեռուցիչները։
 Մանեն պետք է բավականին ճամփա ոտքով գնար առանց անձրևանոցի, ակամա մտահոգվեցի, բայց  քանի որ ոչնչով օգնել չէի կարող, ուստի ինձ մնում էր միայն հեռակա տխրելը։ Տխուր դուրս եկա՝ շրջելով շենքի ներսում՝ իսկապես, վերից վար շենքը մաքրված էր, յուրաքանչյուր սենյակում ապրում էին մեկ կամ մի քանի ազուլներ։ Կային նաև դատարկ սենյակներ։
Շուտ վերադարձա սենյակ, քանի որ հոգնած էի։ Պառկեցի ինձ հատկացված անկողնուն։ Ուշ երեկոյան եկավ աֆրիկուհին՝ հեռախոսն ականջին, քիչ էլ խոսելուց հետո, պատրաստվեց քնելու։ Ապահովության համար, մեծ ու ծանր սեղանը նա քարշ տվեց՝ հենելով դռանը, որպես փականք և մինչև լուսաբաց անուշ քուն մտավ՝ ծածկվելով հավելյալ ծածկոցով, փակելով նաև լուսամուտները, ծածկոցապատելով մահճակալը։ Իհարկե մտավախություն ունեի՝ նա կմիացներ նաև  ջեռուցումը, բայց բախտս բերեց՝ միացրեց միայն իր կողքինը՝ թողնելով ինձ թեթևակի շնչելու հնարավորություն։
Լուսաբացը կնոջ ձեռքով ծեծեց սենյակի դուռը։ Երբ ծանր սեղանը մի կերպ ետ քաշեցի, գերմանուհին, մուտքի մոտ կանգնած, կարդաց իմ անունը և հիշեցրեց սպասելիք հարցազրույցի մասին։ Իհարկե այդ պահին արդեն պատրաստ էի դուրս գալու, չնայած դեռ վաղ էր։
Քիչ ժամանակ ևս սպասելուց հետո, բնականաբար անհանգստացած դուրս եկա բակ՝ այնտեղ սպասող մարդիկ կային, բայց ինչի՞ էին սպասում, անհնար էր իմանալ, քանի որ հարցնել նույնպես անհնար էր, ուստի նորից մոտեցա ներսի փոքրիկ փեղկին։
-          Արդեն ժամը ինն է,- հիշեցրի երեկվա՝ անկողին տվող պահակին։
-          Մի՛ անհանգստացեք, շուտով ավտոբուսը կգա ձեր հետևից,- հուսադրեց համբերատար պահակը և անմիջապես փակեց փեղկը՝ երևի վախենալով իմ հաջորդ անմիտ հարցից։
Դրսում մենակ էի, ինչն  էլ անհանգստացնում էր ինձ, նորից ուզում էի մոտենալ փոքրիկ փեղկին, այդ պահին մյուս շենքից դուրս եկան մի կին և մի երիտասարդ։ Այլևս չհասցրի ձանձրացնել պահակին։ Բակ դուրս եկած տարիքով կինն ու երիտասարդը վատ էին հագնված, նրանք առավոտյան ցրտից դողում էին։
-          Հարցազրույցի՞ եք,- մոտենալով ինձ՝ հարցրեց երիտասարդը։
-          Այո՛։
-          Լավ է,- ժպտաց նա,- Մայրս է, նույնպես հարցազրույցի է, բայց գերմաներեն չգիտի,- շարունակեց նա՝ ցույց տալով արևելյան դիմագծերով կնոջը, որը լուռ սպասումով նայում էր ինձ, կարծես ես էի նրա հարցազրույց վարողը։
-          Բարև ձեզ,-  ձեքռս մեկնեցի կնոջը, նա ուրախացած պատասխանեց։
-          Սալամ ալեյքում։
-          Սիրիաի՞ց եք։
-          Այո,- ավելի շատ գլխի շարժումով հասկացրեց կինը։
Վերջապես երևաց ավտոբուսը, իսկ ես, վերջապես համոզվեցի՝ դեռ չեմ ուշացել հարցազրույցից։ Հետաքրքրին այն էր՝ մինչ այդ, բակում միայն ես էի և մրսող կինը, բայց ավտոբուսը հայտնվելուն պես, դռան մոտ շարվեցին, անգամ ընտանիքավորներ՝ մեծ ու փոքր երեխաների հետ։
Նստատեղերը գրեթե լրացան, քանի որ ավտոբուսը այլ տեղերից էլ էր մարդ վերցրել։ Զարմանալիորեն բոլորն արտաքինով իրար նման էին, բացառությամբ մի քանի աֆրիկացիների, ուստի դժվար էր զանազանել նրանց ազգությունը։

Комментариев нет:

Отправить комментарий