четверг, 20 июня 2019 г.

Նորից դասի գնացի(596-րդը)


Հերթական անգամ այցելեցի տիկին Շուլցին։ Այդ օրն այնտեղ շատ մուսուլման ազուլներ կային  հավաքված։ Նրանց հետ սիրով զրուցում էր Շուլցը։ Մնացի դռանը կանգնած՝ սպասելով իմ հերթին։ Ականջիս հասնող կցկտուր խոսակցություննեից հասկացա՝ ազուլները նույնպես դպրոցի համար էին եկել, ես էլ ոգևոևվեցի, նրանցից հետո նույնպես ներս մտա։
-          Հալլո,- առաջինը բարևեց տիկին Շուլցը։
-          Հալլո, ե՞րբ են սկսվում դասերը,- հարցրի՝ դռնից մի քայլ առաջ գնալով։
-          Երկուշաբթի կգաք սոցիալ, ինքս ձեզ կուղեկցեմ դասարան,- պատասխանեց նա, և ես ոչ այնքան ուրախացած, որքան գոհ, հերթական անգամ սոցիալին ներկայանալու համար, դուրս եկա։
Վերադարձա։ Դուռը բացելիս լսվեց մկան ծվվոցը։ Մի պահ մնացի կանգնած, ապա նայեցի դռան հետևը, որտեղից լսվում էր ձայնը՝ երկու մուկ իրար վրա սեղմվել էին դռանը։ Մեկը վիրավոր էր, քանի որ անզգույշ էի բացել դուռը, իսկ մյուսը ճիգ էր գործադրում փախչել։ Ես էլ, արդեն գործին վարպետացած, վազեցի աստիճաններով ներքև, վերցրի երկար պոչով խոզանակը և տուր թե կտաս մկներին։ Հերոսաբար պայքարում, ուժերի անհավասարության պատճառով հաղթեցի ես, այնուհետև ավելի մեծ դժվարությամբ նետեցի աղբամանը։ Ներս մտնելով նորից ախորժակս կորցրի մինչև հաջորդ առավոտ։
Տիկին Շուլցը, ինչպես խոստացել էր ցույց տալ դասարանը, միջանցքից պարզապես մատնացույց արեց վեր տանող աստիճանները։ Այն վերջին՝ երրորդ հարկն էր՝ թեք պատերով, մեծ սրահում շարված սեղանների շուրջը նստած էին տասնյակից ավելի ազուլներ։ Չմոռանամ  նշել՝  նորից միակ քրիստոնյան ես էի, եթե անտեսենք դասատուին։ Դասատուն փոխվել էր։ Ազգանունը Բլումլայն էր՝ երեսուն տարեկան, բարձրահասակ, սև մազերով, ոչնչով աչքի չընկնող արտաքինով կին էր։
Նստեցի վերջին աթոռին՝ Մուսիի կողքին։ Դասարան մտավ Դավիթը, մի թարս հայացք նետեց ինձ վրա, ընդհանուր բարևեց, որպես թարս հայացքին պատասխան, նրա բարևին չպատասխանեցի, նա անցավ նստեց առաջին նստարանին։ Դասն սկսվեց։
Դասատուն խոսում էր արագ՝ սղելով հիմնականում «ր» և «ղ» տառերը։ Իհարկե նրան հասկանալն ինձ չէր հաջողվում, ուստի ստիպված էի նորից դիմել Մուսիի օգնությանը։
-          Ինչի՞ մասին է խոսում։
-          Նա ասում է՝ մենք պետք է գիրք գնենք սովորելու համար,- դաստուի երկար խոսակցությունից նա ինձ համար թարգմանեց միայն մեկ նախադասություն։ Իմ մեջ ստեղծելով տպավորություն, թե որքա՜ն ավել բառեր են օգտագործում գերմանացիները մեկ նախադասություն ասելու համար, բայց հետո պարզվեց՝ դա այդպես չէր։
Մուսուլմանները նույնպես քիչ թե շատ հասկացան լսածը, համաձայնվեցին գիրք գնել, բայց որտեղի՞ց և ինչպե՞ս, պարզվեց՝ այն արդեն կարևոր չէր։ Բոլորը դասատուի հետ միաժամանակ խոսում էին իրենց մայրենի լեզվով, իսկ ինձ մնում էր, միայն շուրջս նայել՝ համակերպվելով մեղվի բզզոց հիշեցնող ժխորին։
Ընդմիջումից հետո Դավիթը մոտեցավ դասատուին, շշնջաց նրա ականջին՝ հիմնականում ձեռքերի օգնությամաբ, երբ դասատուն գլխի շարժումով համաձայնության նշան արեց, նա դուրս եկավ։ Այլևս նրան դասերին չտեսա, բայց նրա կարգավիճակն ինձ և շատերի համար նախանձելի էր թվում, քանի որ, իր ասելով, ուներ իրավունք և ազատ էր տնօրինելու իր կամքը, իսկ նա իր կամքն այդ պահին թելադրեց, որպեսզի այլևս դասի չներկայանար։
Քանի որ դասերը շաբաթական երկու անգամ էին՝ շաբաթվա առաջին և վերջին օրերին, ուստի հաջորդ անգամն արդեն ես դասգիրք ունեի։ Իհարկե ոչ առանց Մանեի օգնությամբ: Նա միանգամից պատվիրել էր Մանդերշայդի հասցեով։ Գիրք ունենալն ինձ համար մեծ առավելություն էր մյուսներից, սակայն հետո պարզվեց՝ այն շատ թանկ էր ազուլի գրպանի համար, որի համար վճարել էր Մանեն։

Комментариев нет:

Отправить комментарий