вторник, 18 июня 2019 г.

Դավիթին երկար սպասեցի (596-րդը)


Առավոտյան, ինչպես պայմանավորվել էինք Դավիթի հետ նախորդ օրը, ավելի վաղ գնացի հիվանդանոց, մնացի մուտքի մոտ՝ սպասելով թարգմանչիս, բայց քանի որ ժամանակը կանգառ չունի, իսկ նրան ընթացք տվողը րոպեներն են, ուստի սլացող րոպեներն սկսեցին ինձ անհանգստացնել, երբ լրացավ պայմանավորված ժամը, իսկ Դավիթը չկար ու չկար։ Ստիպված էի նորից մենակ մտնել բժշկի մոտ։ Քանի որ առանց օդ մարդը չի կարող գոյություն ունենալ, իսկ ես բացարձակապես անզոր էի հասկացնել բժշկին այն, ուստի խնդրեցի բացառության կարգով հեռախոսել Մանեի հետ՝ որպես թարգմանիչ, և ահա պարզվեց՝ իսկապես շատ վտանգավոր է ապրել առանց բավարար շնչելու, ուստի բժշկի կողմից հավելյալ նշանակումներ արվեց։ Նոր դեղահաբեր ավելացան ցանկում, սակայն այդ հաբերը ոչ մի կերպ չնպաստեցին իմ խաթարված շնչառությանը, և նորից մնացի նախախնամության հույսին։
Անցնող օրերի հետ վատանում էր իմ վիճակը, և ամեն ինչում փրկություն էի փնտրում ազատվելու ինձ  կիսախեղդ անող վիճակից։
Գուցե օրենքը վե՞ր է մարդուց, բայց ոչ այն դեպքում, երբ մարդը այդ գրված օրենքի ողորմածությամբ պետք է միշտ փնտրտուքի մեջ մնա՝ անգամ վտանգելով առողջությունը։ Եվ ահա, ամեն Աստծո առավոտ հոգով ու մարմնով փախչում էի  ներքնահարկից՝ անտեսելով սոցիալի և աշխարհի բոլոր օրենքները, պարզապես շնչելու համար, իսկ դրսում բնությունն ինձ համար վեր էր ածվում կանաչ գույնի՝ առանց թթվածնի։ Ինձ համար ամենուր անհետանում էր գեղագիտությունը՝ տեղը զիջելով առարկայականին։
Անվերջ էր իմ փախուստը, փախչում էի ինձ հետևող անօդ տարածությունից ու իմ փախուստի մեջ կար որոնում՝ շնչել ապրելու համար։
Որքան էլ անտանելի լինեին ոլորանները,  ճանապարհ էի դուրս գալիս հույսով՝ ցրվելու և այդպես, ամեն անգամյա ճանապարհն ինձ տանում էր Մանեի տուն, որտեղ երեխաների ներկայությունը ետին պլան էր մղում իմ էությունը, և ես դառնում էի սովորական մարդ, իսկ խռոված թթվածինը վերադառնում էր՝ տարածվելով ամենուր։ Գուցե իսկապե՞ս մարդուն պետք է  նմանակի հետ շփվելը, ապրելու համար։ Գուցե։

Комментариев нет:

Отправить комментарий