пятница, 14 июня 2019 г.

Գոյություն ունի մի քանի մարդկային տեսակներ, որը ստեղծել է ինքը՝ մարդը (596-րդը)


Մարդու ստեղծած օրենքը, վեր է մարդուց, եթե այդ մարդը, բացի օտար լինելուց, նաև  ցածր է օրենք ստեղծողից թե՛ ռասսայով, թե՛ մարդկային չափանիշներով, որոնք նույնպես հնարել է մարդը։ Ահա, այս դեպքում ես պատկանում էի այդ ցածր ու ենթակա մարդկային տեսակին, երբ ներս մտա մատնահետք տալու։
Մատնահետք վերցնողները երկու տղամարդիկ էին՝ կիսազինվորոկան համազգեստով։ Նրանք եկել էին Թրիրից։ Ավելի տարիքովը նստած էր համակարգիչի առջև, իսկ  երիտասարդ զինվորականը՝ ռետինե ձեռնոցներով իմ տասը մատները հերթով սկսեց սեղմել սարքին։
Այդ պահին օրենքը ինձ հետ խոսում էր հզոր տերության անունից՝ կարծես բացատրելով ինձ իմ տեղը և ով լինելը։ Տվյալ դեպքում, անգամ  596-րդ  չէի, այլ տասը մատնահետքեր, որոնցով ներկայանում էի այդ երկրին։
Դուրս եկա նսեմացած ու պլան կատարած բանվորի պես։ Թեթևություն զգալու փոխարեն՝ մի այլ ծանրություն ինձ հետ տարա այդ շենքից, և այն ճզմում է ինձ մինչև այսօր։
Մենք ճանապար ընկանք։ Փոքրիկ Էռնան վատ տարավ ճանապարհը՝ մի քանի անգամ սրտխառնոցով ու անդադար լաց լինելով։ Հելենը ուտել էր ուզում, նույնպես ողջ ճանապարհին լաց էր լինում։ Միայն վերջին ավտոբուսի մեջ երկու երեխաներն էլ, հոգնած ու սոված, քնեցին մեր գրկում, իսկ մենք հաճախ ձգվում էին, որպեսզի երեխաներին վայր չգցեինք։
Մանենեի բնակարանն առաջին հարկում էր, բայց ոչ ներքնահարկ, թեկուզ այնտեղ ամառ թե ձմեռ  պետք է հագնված լինել, որպեսզի ապրողը չհիվանդանար։ Երբ ներս մտանք, բնակարանի  ծանր օդը դիպավ մեր դեմքին։
-          Տեսնու՞մ ես՝ խոնավության առումով այնքան էլ տարբերությություն չկա այս ու քո բնակարանների միջև, բայց, որպես բնակելի տեղ, քեզ տրամադրված տունն իսկապես ներքնահարկ է, իսկ սա պարզապես առաջին հարկ է,- բացատրեց Մանեն։
-          Գուցե,- տարակուսանքով համաձայնվեցի, ապա «ճարտարապետի» աչքերով նայեցի Մանեին տրամադրված բնակարանի կառուցվածքին՝ այն բաղկացած էր երկու սենյակներից՝ ճաշասենյակի որոշակի մասը հատկացված էր խոհանոցին՝(այն կառուղվել էր ծատ հետո), իսկ խոհանոցից ավելի փոքր ու անհարմար բաղնիք-զուգարանն էր։ Այն գտնվում էր անմիջապես մուտքի մոտ։ Ննջարանում հազիվ էին տեղավորվել մահճակալն ու պահարանը, իսկ այդ երկուսի արանքում խցկված էր երեխայի օրորոցը։
-          Մեր առաջին բնակարանն ավելի վատն էր՝ այն ընդհանուր մի սենյակ էր, քաղաքի ծայրամասում,- վերհիշեց Մանեն։
-          Հիմա գո՞հ ես։
-          Համեմատաբար այո, քանի որ ճամբարում ոչ թե վատ էին պայմաններն, այլ անմարդկային։
-          Ինչու՞։ Առանձին չէ՞ր ձեր սենյակը։
-          Ո՛չ, սկզբում մի ադրբեջանցի ընտանիքի հետ էինք, իսկ երբ Էռնան ծնվեց, իսկ Մաքսիմը հիվանդության պատճառով ընկավ հիվանդանոց, նրանք ինձ տեղավորել էին մի երիտասարդի հետ, այդ պատճառով երեխային կրծքով կերակրել չկարողացա, որն այդպես էլ սրտիս դարդ մնաց։
-          Կերակրելիս, այդ երիտասարդին ասեիր՝ դուրս գնա՛։
-          Ոչինչ չէի ասում, իսկ երեխան գիշերուզօր աղիքների պատճատով չէր հանգստանում։
-          Հետո ի՞նչ արեցիր։
-          Ոչինչ, այդպես մնացի, մինչև Մաքսիմը եկավ, և մեզ տեղափոխեցին առանձին տնակ, բայց արդեն ուշ էր, ես կաթ չունեի։
-          Վատ հիշողություն է, բայց լինում է վատից վատը։ Փառք տանք Աստծոն, որ ամեն ինչ գոնե այսպիսի ավարտ ունեցավ։
-          Այո, հիմա ես աշխատում եմ մոռանալ անցյալի մղձավանջը։
-          Երբ աշխատում ես, ոչինչ չի ստացվում, պետք է պարզապես չհիշել,- փորձեցի ոչ հաճելի հիշողությունը եզրափակել փոքրիկ խորհրդով, թե որքանով ստացվեց՝ չգիտեմ։

Комментариев нет:

Отправить комментарий