суббота, 22 июня 2019 г.

Նամակը (596-րդը)


Առավոտյան նորից գնացի՝ ներկայանալու սոցիալին։ Մանրիկ քայլերով մոտեցա  կիսաբաց դռանը։
-          Հալլո,- գլուխը համակարգչից բարձրացնելով՝ արտասանեց  նա, ապա հարցական նայեց ինձ, ես էլ վախվորած մի քայլ ևս առաջ գնացի։
-          Ամեն ինչ լա՞վ է,- արտասանեցի հարցը։
-          Այո,- պատասխանեց նա և շարունակեց իր գործը։ Ես էլ իմ ցտեսությունն արտասանեցի, դուրս եկա։
Բացի աղբամանից՝ չունեի նաև անձնական փոստարկղ, ուստի ներս մտնելուց, մի դեղին ծրար գտա դռան տակից ներս շպրտված՝ տիկին Շուլցը-տան տիրուհին այդպես էր փոխանցում իմ փոստը։
Ծրարը նման չէր մինչ այդ ստացած բոլոր նամակներին։ Այն ինձ համար տարօրինակ թվաց։ Բացեցի, սակայն այ քեզ անհաջողություն՝ կարդալը կկարդայի, բայց ավա՜ղ, հասկանալ անկարող էի։ Նամակը Թրիրից էր։ Մնում էր նորից դիմել Մանեի օգնությանը, հեռախոսով կարդալ բովանդակությունը, որը իհարկե ինձանից մեծ ջանք էր պահանջում։
-          Այդ նամակը մեծ և փոքր հարցազրույցն է,- անսպասելի եզրակացրեց Մանեն, և ես ավել հուսահատ նամակը մի կողմ դրեցի, մնացի կանգնած պատուհանի առջև, որտեղից երևում էր մթնտած երկինքն՝ անձրևաբեր ամպերով։
Անորոշությունը պատել էր ինձ։ Չէի կարողանում կողմնորոշվել, ինչի՞ց սկսել կամ ինչպե՞ս սկսել։
Երկու շաբաթ դաս չէր լինելու։ Կողմնորոշվելու համար մեկնեցի Մանեի մոտ՝ փարատելու անզորությունս։ Հինգերրորդ տրանսպորտը փոխելուց հետո, վերջապես ծեծեցի նրա դուռը։ Երկու երեխաները միանգամից լաց էին լինում, իսկ Մանեն, ինչպես միշտ հոգնած ու գիշերվա անքնությունից աչքերի տակն ուռած, բացեց դուռը։  Ներս ընկա, կարծես իմ ստացած նամակով Գերմանիայի օրենքն ընկել էր իմ հետևից, որպես օտարականի, բայց նման բան չէր կարող լինել և հանգիստ նստեցի մի քանի սերունդի կողմից դուրս շպրտված և վերջում Մանեին հասած բազմոցին:
Առաջին հերթին, նամակը տվեցի Մանեին։ Նա կարդաց։
-          Նման բովանդակությամբ նամակը հասկանալու համար գերմաներենի այլ իմացություն է հարկավոր,- նամակին ծանոթանալով, ասաց Մանեն,- Շատ բան ասել չեմ կարող, բայց որքան հասկանում եմ՝ սա հարցազրույցի նամակն է։
-          Քանի՞ օրից պետք է այնտեղ լինեմ։
-          Երկու շաբաթ ժամանակ ունես։
-          Ինձ համար այնքան սարսափելի չէ հարցազրույցը, որքան, որ կարող եմ մոլորվել և ժամանակին չհասնել տեղ, իսկ նրանց համար ի՞նչ տարբերություն՝ ինչու՞ եմ ուշացել՝ քնել մնացե՞լ եմ, թե վաղ ծեգին, ժամը հինգին դուրս եմ եկել և մոլորվել,- ինքս ինձանից բողոքեցի Մանեին, կարծես նա ինչ որ կապ ուներ օրենքի հետ։
-          Դա խնդիր չէ, ես կուղեկցեմ քեզ,- պարզվեց՝ անգամ օրենքի հետ կապ չունենալով՝ նա կարող է օգնել ինձ։
-          Սկսեցի վախենալ թե անհանգստանալ՝ ինքս էլ չեմ հասկանում,- շարունակեց տագնապած միտքս։
-          Վախենալու ոչինչ չկա, նրանք էլ սովորական մարդիկ են՝ բարեհամբույր ու հասարակ։ Պարզապես, պետք է հանգիստ վերաբերվել այդ ամենին՝ պարզ իամանլով՝ վաղ թե ուշ յուրաքանչյուրս այդ ճանապարհով  անցնելու է,-   բացատրեց Մանեն,- Դեռ լավ է՝ քեզ նամակ է եկել, հարցազրույցի են հրավիրել, իսկ մեզ մերժեցին՝ անգամ առանց տեղյակ լինելու հարցազրույցի մասին։
-          Ինչպե՞ս,- զարմանքից կլորացան իմ հոգնած աչքերը։
-          Այո, և այդ ամենը փաստաբանի անտարբերության պատճառով,- տխրեց նա՝ նկատելի վրդոհվելով։
-          Եվ հիմա ի՞նչ պետք է անեք,- մոռացած իմ մասին՝ հետաքրքրվեցի անհանգստացած։
-          Նորից փաստաբանի միջոցով հարցազրույց ենք խնդրել։
-          Համաձայնվե՞լ են։
-          Այո, այլապես այժմ չգիտեմ թե որտեղ պետք է լինեինք, դե հայրենիք վերադառնալն անհնար է, այլ երկիր էլ ժամանակ է պահանջվում ընտրելու, գոնե պետական լեզուն գերմաներենը լիներ։
-          Ցավոք, մարդը միայն մեկ կյանք ունի և ինքը՝ մարդն իրավասու չէ այդ միակ կյանքը ճանապարհներին մաշեցնելով անցկացնի, բայց ստացվում է այդ ամենի միջով չանցնելու համար դարձյալ մեծ փորձությունների միջով պետք է անցնել։
-          Այլ ազգերի համար այնքան էլ այդպես չէ, հիմնականում հայերին են մերժում։
Ես  մնացի գլխահակ ու տխուր։ Քիչ անց փոքրիկ  Էռնան բարձրացավ գիրկս։ Փորձեցի միտքս ցրել, խաղալով երեխայի հետ։

Комментариев нет:

Отправить комментарий