вторник, 11 июня 2019 г.

Խաբուսիկ էր ամեն ինչ (596-րդը)


Նա եկավ խոստացած ժամին։
-          Հալլօ, ինչպե՞ս եք։
-          Լավ, շնորհակալ եմ։
-          Գիտեք՝ բնակարանը դեռ պատրաստ չէ, իսկ այստեղ մնալ, այլևս չեք կարող, մի քանի օր ևս պետք է ապրեք ուրիշ հյուրանոցում, մինչև նոր բնակարանը պատրաստ լինի,- այս ամենը հեռախոսով թարգմանեց Մանեն, ինչպես և շատ դեպքերում էր անում, ուստի ինձ մնում էր ենթարկվել նոր փոփոխությանը, թե տեղափոխությանն, արդեն միևնույն էր։
Նոր հյուրանոցը գտնվում էր քաղաքի կենտրոնից հեռու։ Այն երկհարկանի սեփական տուն էր։ Տան տերերն ամուսիններ էին։ Նրանք ապրում էին երկրորդ հարկում, իսկ առաջին հարկը ծառայում էր, որպես վճարովի հյուրանոց։ Բնակարանը մաքուր էր, կահավորված ժամանակակից ու հարմարավետ ոճով։ Քանի որ հոգնությունը միշտ ինձ հետ քարշ էի տալիս, ուստի իրերս տեղավորելուց հետո, ցանկացա մի քիչ հանգստանալ։ Բազմոցի բարձերից անտանելի հոտ էր փչում՝ այն հին էր ու բազում գլուխներ էին անցել նրա վրայով և թվում էր՝ այդ բարձերը ջուր էին աղերսում, թարմանալու համար։ Մաքրությունը խաբուսիկ էր ու մակերեսային, բայց հաղթեց իմ հոգնությունը և պատշգամբից երևացող փարթամ կանաչը, իսկ նրա մեջ մխրճված էին իրարից հեռու գունավոր տանիքները։ Այնտեղ խաղաղ էր, և այդ տունը մնաց իմ հիշողության մեջ, որպես կենարար ուժ տվող, այնտեղ, այն հեքիաթային լռության մեջ, որտեղ խոսում էր միայն բնությունը, ինձ ներշնչեց ավարտելու կիսատ մնացած գործը, որով խանգարվել էր Ռադայի հանգիստը։
Լրանում էր չորորդ օրը։ Քիչ ուշացած եկավ տիկին Շուլցը։
-          Բնակարանում դեռ կիսատ աշխատանք կա, բայց գնանք ծանոթացեք։
Նրա առաջարկությունը չէր կարող ինձ չուրախացնել, և րոպեներ հետո մեքենան կանգ առավ մեկ հարկանի, առանց բարձր տանիքի տան դիմաց։ Իհարկե սկզբում կարծեցի այդ բնակարանից ինչ որ հատված է հատկացված ինձ, իսկ գուցե ամբո՞ղջը։ Բայց, երբ տիկին Շուլցն անցավ տան հետևի մասը, սկսեց իջնել մամռակալած, տարիներով չմաքրված աստիճաններով, ես էլ հետևելով նրան՝ սիրտս սկսեց արագ աշխատել։ Նորից ափսոսանքը ճզմեց հոգիս։ Նա բացեց նույն կերպ տարիներով փակ մնացած, սարդոստայնի մեջ խճճված դուռը։ Սառն ու ծանր օդը խփեց իմ դեմքին, իսկ գուցե նաև Շուլցի՞։ Գուցե։
Աստիճանները շարունակվեցին դեպի ներքև նաև ներսում։ Դրսի և ներսի աստիճանները միասին կազմում էին տասնչորսը, այնուհետև մտանք սալիկապատ նեղ ու մութ միջանցքը։ Սառը օդին ավելացավ ցուրտը։ Նեղ միջանցքում երեք դուռ կար՝ մեկը տանում էր լոգարան, մյուսը փոքրիկ ննջարան, իսկ երրորդը խոհանոց, այն պետք է ծառայեր նաև որպես հյուրասենյակ, որքան էլ մի քանի խոհանոցային պարագաներից զատ, ոչինչ չէր կարող տեղավորվել այնտեղ։ Իհարկե, առաջին հերթին կացարան էի փափագում, որպես մարդ, բայց ամենուր և ամեն անգամ ստանում էի այն, որպես ազուլ, իսկ ազուլն ազուլ է՝ առանց անունի, առանց անձնական կյանքի, նա թիվ է, քանակ, իմ դեպքում 596-րդը, որը ոչ մի կերպ չէր ուզում զիջել իմ անհատականությանը։

Комментариев нет:

Отправить комментарий