воскресенье, 2 июня 2019 г.

Միայն սառը մտածել՝ ահա ելքը (596-րդը)


Սոմալին խոհանոցում հաճելի բույրով ճաշ էր պատրաստում, այնուհետև նա և ֆաթիման ընթրեցին միասին։ Իհարկե ես էլ սիրով կհամտեսեի, բայց չհյուրասիրեցին։
Հերթական սառնամանիքը գիշերը տանիքները պատել էր եղյամով։ Օրը կիսաամպամած էր։ Երբ արևը ծիկրակում էր ամպերի տակից, տանիքները դառնում էին արձաթափայլ, թվում էր այն սառնություն էր սփռում շուրջը, և ծխնելույզները ստիպված սկսում էին ծխալ։ Ծուխն ուղիղ բարձրանում էր այնքան, մինչև անհետանում էր երկնքի անսահմանությունում։ Հեռվից երևում էր արահետով քայլող մենավոր ճամփորդը, իսկ նրան ուղեկցում էր փոքրիկ, հավատարիմ շնիկը։
Այս ամենն իմը չէր, այն երևում էր միայն լուսամուտից, իսկ իմ իրականությունն այլ էր՝ այն Ֆաթիմայի շարունակական բարձրաձայն լացով նամազն էր, Սոմալու ականջ ծակող հեռախոսազրույցն էր, և վերջապես իմ տաղտկալի կյանքն էր, որում, ինչպես ճամբարում ուտելն ու նստելն էր, իսկ ամիսը մեկ անգամ մթերքով լի ծանր տոպրակները դեպի Արենիր քարշ տալն էր։ Միապաղաղը միապաղաղության հետևից ընթանում էր ինձանից գողանալով հետաքրքրությունը, ավյունը, աշխատասիրությունը և ամենասարսափելին՝ ինձ պարգևելով ֆիզիկապես տկարությունը։ Ահա այն ամենը ինչին ձգտել եմ երեկ և հասել եմ այսօր, այս օտար մենաստանում․․․ սա էր իմը և այն կոչվում էր կյանք․․․
Շարունակում էի դիտել լուսամուտից, երբ թակեցին սենյակի դուռը։
Սոմալին էր։ Նա խախտել էր Ֆաթիմայի նամազը, և նրանք միասին եկել էին ինձ մոտ՝ նորից Սոմալիի ձեռքին թուղթ կար։
-          Սա ի՞նչ է,- հարցրեց Ֆաթիման՝ ցույց տալով այն, իսկ Սոմալին թուղթը տվեց  ինձ։
Ես, բան հասկացողի պես վերցրի, բայց երկար ուսումնասիրելու հարկ չեղավ, քանի որ այդ թղթից հաճախ ստանում էի բժշկից։
-          Դու պետք է այս թղթով դեղ վերցնեիր դեղատնից,- բացատրեցի նրան, նա  կլորացած աչքերով , բայց գոհ նայեց ինձ՝ ուրախանալով, որ այդ թուղթը գումար գանձելու համար չէր։
Սոմալիին հասկացնելուց հետո,նորից Ֆաթիման վերադարձավ իր նամազին, իսկ Սոմալին պատրաստվեց քաղաք գնալ դեղերի հետևից։ Նա հագնվելուց հետո, բազմոցին նստած սպասում էր մեքենայի։ Իհարկե իմ մեջ զարմանում էի, թե ինչպես այդ կինը, որ բառ անգամ չգիտեր գերմաներեն, միշտ կարողանում էր գտնել մեկին, ով հանձն էր առնում օգնել, բայց միայն շատ հետո հասկացա՝ նրան ցանկացած հարցում օգնում էին ընկերները, որոնց մոտ նա հյուրընկալվում էր ամիսներով։ Իմանալով Սոմալիի մեքենայով քաղաք գնալու մասին՝ շտապելով նրան միացավ նաև Ֆաթիման։
Այլևս դուրս չնայեցի, ամեն օրվա պես մխիթարվելու։ Մենակ մնալով, փորձեցի սառը դատել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Քանի որ, որքան էլ ցածր լիներ իմ կարգավիճակը տվյալ երկրում, այն իմ կյանքն էր և միակը վերուստ տրված, և  չէի կարող սպառել վերուստ տրված միակ կյանքը լուսամուտից դուրս նայելով կամ օտար մի կնոջ տառապանքն ունկնդրելով նամազի տեսքով, ուստի նրանց գնալուց հետո, նույնպես  որոշեցի քաղաք մեկնել՝ իհարկե ավտոբուսով։

Комментариев нет:

Отправить комментарий