пятница, 28 июня 2019 г.

Ճանապարհնե՜ր, ճանապարհնե՜ր․․․(596-րդը)


Տուն մտնելով՝ հավաքվեցի, որպեսզի հաջորդ օրը մեկնեի Մանեի մոտ, քանի որ իսկապես լինում էին պահեր, կարծես աշխարհի բոլոր քարերը կախ էին ընկնում սրտիցս և անկարող էի մենակ քարշ տալ այդ ծանրությունը։ Թվում էր՝ օդը կոկորդիցս ներքև չէր իջնում, և ուր որէ մարմինս անշունչ կփռվեր գետնին, իսկ ու՞մ ինչ, թե մի ազուլ էլ պետք է պակասեր աշխարհից։ Ուստի անհայտ ներքնահարկում ամեն անգամ ուժերս հավաքում էի ողջ մնալու, և ստացվում էր, թեկուզ ամեն առավոտ ինձ դուրս էի նետում՝ նորից օդ հավաքելու։
Նույն ճամպրուկը, նույն ճանապարհով քարշ տալով ավտոբուսից ավտոբուս, իսկ հերթական ավտոբուսից էլ գնացք և ահա վերջապես կանգ առա Մանեի դռան առջև։
Ինչպես արդեն նշել եմ՝ բնակարանն անհարմար էր ու փոքր, բայց հարազատ դեմքերի ներկայությունն այն մղում էր ետին պլան և ամիսների լռությունից հետո մենք սկսում էինք շատախոսել։ Ինչպես միշտ, փոքրիկ Էռնան գիրկս էր։ Քիչ հետո արթնացավ նաևՀելենը։ Ինձ մնում էր համակերպվել տրված երջանկությանը՝ թեկուզ շատ հոգնած լինելով։
-          Ինչպե՞ս են գործերդ,- հետաքրքրվեցի, երբ սուրճն արդեն պատրաստ էր։
-          Լավ, բայց մեր փաստաբանը համը հանել է, հիմա մենք սպասում ենք նորից կանչեն հարցազրույցի,- ակամա տխրեց Մանեն։
-          Գոնե նոր բնակարանի հույս կա՞, ախր սա շատ փոքր է,- հոգնությունից հարցրի ես՝ ակամա տենչալով առանձին մի անկյուն՝ գոնե մի պահ հանգստանալու։
-          Չգիտեմ, մեզ նոր բնակարան չեն ուզում տալ։ Ասում են՝ գնացեք գյուղում ապրեք, եթե մեծ բնակարան եք ուզում, դե մենք էլ ինչպե՞ս գնանաք։ Այստեղ աշխատանքի գնալու համար հարմար է՝ գոնե գնացքը մոտիկ է, համ էլ շատ հարցեր կան, ես էլ պետք է աշխատեմ, երեխաներին մանկապարտեզ պետք է տամ, ինչպե՞ս գնանք՝ մեքենա չունենք, իսկ այստեղ՝ գյուղերում ոչ մանկապարտեզ կա, ոչ խանութ, ոչ բուժկետ, ոչ էլ նորմալ տրանսպորտ է աշխատում։։
-          Այո՜, ճիշտ ես, այնտեղ՝ Արենիրում  էլ էր այդպես։
-          Մեր շենքի երկրորդ հարկում մի բնակարան է ազատվում, տեսնենք կտա՞ն մեզ։
-          Մե՞ծ է։
-          Համարյա այս բնակարանի չափ է, բայց երկու ննջարան ունի, դե եթե տան, էլի վատ չէր լինի, գոնե դու քնելու տեղ կունենայիր։
-          Իմ մասին մի մտածիր, ես հյուր եմ գալիս ու գնում։ Պարզապես այս բնակարանը փոքր է ու միշտ ցուրտ, երեխաներն էլ փոքր են, այ դրա համար կուզենայի տային։
-          Սպասում ենք, տեսնենք, ինչ կասեն,- պատասխանեի հետ, Մանեն սկսեց երրեխաներին հագցնել, իսկ նրանք անդադար աղմկում էին ու վազվզում․․․
Հախենբուրգը, ինչպես և Մանդերշայդի փողոցները՝ բավականին թեքություն ունեն, կարծես քաղաքը փռված է տափակ բլրի վրա, բայց կանաչն այնքան խեղդող չէ, ինչպես այնտեղ։ Շենքերը համարյա նույնն են՝ առանց ճարտարապետական ոճի և նույն՝ հազար վեց հարյուրականների ժամանակաշրջանի։ Եվ թվում է Գերմանիան հիմնադրվել է հենց այդ թվերին։ Ինչպես Մանդերշայդում, այնտեղ էլ փողոցները  սալիկապատ ու ասֆալտապատ են  և բարեկարգ։ Մաքրություն, որպես այդպիսին խիստ չէ, պարզապես չկա թափված թուղթ ու պոլիէթիլեն։ Շենքերի լուսամուտներն ու պատշգամբները սևացել են տարներով նստած կեղտ ու փոշուց։ Գերմանիայում ամենուր համարյա այդպես է, քանի որ շենքերից մեծ մասը անբնակելի է, այդ շենքերը պահպանվում են, որպես հուշարձան, իսկ թափուր նոր տները վաճառվում են։ Մանդերշայդը չուներ կենտրոնը խորհրդանշող հրապարակ, ինչպես Հախենբուրգը։ Չուներ մարդաշատ վայր։ Այն զուտ, ինչպես նշել եմ՝ տուրիստներով մի պահ լցվում էր ու դատարկվում, իսկ Հախենբուրգը համեմատաբար մեծ է, ունի փոքրիկ հրապարակ, փոքրիկ, դեղին առյուծի արձանիկով։ Այն գույնով  և ոճոճով չի համապատասխանում շրջապատած շենքերին և հրապարակի քարե գույնին։ Այդ արձանին նայելիս՝ ինձ միշտ թվում է՝ այն շատ հետո, մեկը բերել, գիշերով  թաքուն տեղադրել է այնտեղ, հրապարկը տգեղացնելու։ Այդ հրապարակը տարին բոլոր մարդաշատ է՝ հատկապես շաբաթ և կիրակի օրերին։ Հիմնականում թոշակառու գերմանացիները այցելում են այնտեղ գտնվող  կաթոլիկ և բողոքական եկեղեցիները, ինչպես նաև սրճարան -ռեստորանները, որտեղ հիմնականում մատուցում են սուրճ, թխվածքների տեսականի, իսկ իտալական ռեստորաններում հիմնականում պիցցա։ Այդ փոքրիկ քաղաքում, կարծես մարդիկ բաժանված են խմբերի՝ ազուլները երբեք եկեղեցի չեն հաճախում, քանի որ մեծամասնությունը մուսուլմաններ են։ Նրանց կարելի է հաճախ տեսնել, ինչպես Մանդերշայդում՝ Լիդլ տանող ճամփին և հրապարակին կից ավտոկայանում։
Ճանապարհնե՜ր, ճանապարհնե՜ր՝ ամիսը մեկ կամ երկու անգամ; Անհարմար ու ծանր հոտով ավտոբուսներ, որոնք միշտ գալարվում են ոլորաններով, տանջելով մի քանի մարդկային հոգնած մարմիններ, այդ թվում նաև ինձ, իսկ հոգնության առյուծի բաժինն ընկնում է երեխաներին։ Երբ իմ նստած տեղից երկար հետևում եմ այդ երեխաներին՝ թվում է գոյատևում է ուժեղագույնը, ինչպես Սպարտայի դպրոցում։

Комментариев нет:

Отправить комментарий