четверг, 6 июня 2019 г.

Իմ վերադարձը չուրախացրեց նրան (596-րդը)


Կամային գտա տանը։ Նա արդեն արթնացել էր։
-          Եկել եմ խնդրելու, որպեսզի նորից միասին գնանք սոցիալ,- ասացի ես։
-          Դեռ չե՞ս տեղափոխվել։
-          Ո՛չ, չէ որ հիվանդանոցում էի։ Այնտեղից զանգել եմ քեզ։ Այսօր եմ այնտեղից դուրս եկել։
-          Ի՞նչ էր պատահել։
-          Ինչպես միշտ, լավ չէի զգում, պարզվեց՝ իսկապես հիվանդ եմ։
-          Ի՞նչ հիվանդ ես։
-          Ասացին՝ ասթմա ունեմ, էլի մի քանի հիվանդություններ, որոնցից բան չեմ հասկանում։
-          Լավ չէ,- մրմնջաց նա,- Ես հիմա, մի քանի րոպե սպասեք,-  ասաց նա և անցավ մյուս սենյակը։ Իսկապես, մի քանի րոպե հետո ետ եկավ  հագնված։- Գնացի՞նք։
Միասին մտանք սոցիալ՝ տեղեկացնելու իմ՝ հիվանդանոցում գտնվելու մասին։ Ինչպես միշտ, աշխատակիցները մեզ դիմավորեցին ժպիտով՝ պատասխանելով նաև մեր բարևին, այնուհետև Մարկուսը վերցրեց հեռախոսը, որքան հասկացանք, սկսեց խոսել իմ ապագա սոցիալի հետ, որից հետո մեզ փոխանցեց հետևյալը․
-          Մեզ ասացին՝ այնտեղ դեռ սենյակը պատրաստ չէ, ուստի մենք ձեր հետևից՝ Արենիր կգանք վաղը չէ մյուս օրը։
-          Ասացեք խնդրեմ, իսկ լա՞վ տեղ է այնտեղ,- Կամայի միջոցով նորից հետաքրքրվեցի ես։
-          Բավականին, այն փոքրիկ տուրիստական քաղաք է, կարող եմ ասել՝ ձեր բախտը բերել է։
-          Այնտեղ, բնակարանում մենա՞կ եմ ապրելու։
-          Ո՛չ, միայնակների համար շատ դժվար է առանձին բնակարան գտնելը, ուստի դուք ապրելու եք կոսովոցի մի կնոջ հետ։
-          Իսկ այդ կոսովոցի կինը քրիստոնյա՞ է,- հիշելով ֆաթիմայի անվերջանալի լացն ու նամազը՝ հետաքրքրվեցի ես։
-          Այո,- վստահաբար պատասխանեց սոցիալը, և մենք համոզված ու խաղաղված վերադարձանք։
Հարկում Ֆաթիման մենակ էր։ Նա առանց գլխաշորի էր։ Բավականին հմայիչ կին էր, եթե անտեսենք լացից կարմրած և ուռած աչքերը։ Տեսնելով ինձ՝ մնաց նույն տրամադրությամբ, այսինքն իմ վերադարձը չուրախացրեց նրան։
-          Այստեղ մենակ եմ մնում, ոչ ոք չի ուզում հասկանալ և օգնել ինձ՝ միանալու իմ որդու հետ,ու՞մ դիմեմ՝ ասա՛,-  լաց լինելով սկսեց նա։
-          Ի՞նչ իմանամ,- տարակուսած ուսերս վեր քաշեցի, քանի որ իսկապես անզոր էի՝ այդ հարցում անգամ նրան քաջալերելու։
-          Այսքան երկար որտե՞ղ էիր,- նրա հարցն անսպասելի էր ինձ համար, քանի որ իր ներկայությամբ էր շտապ օգնությունն ինձ տարել հիվանդանոց։
-          Հիվանդանոցում, իսկ ի՞նչ կա։
-          Իսկ գուցե աղջկադ մո՞տ էիր,- թերահավատորեն շարունակեց նա։
-          Ո՛չ, հիվանդանոցում էի։
Մեր՝ լեզվի չիմացությունը թույլ չէր տալիս ավելի օբեկտիվ բացատրելու և բացատրվելու, ուստի նա երկար նայեց ինձ, անցավ իր սենյակը, փակվեց, սկսեց աղոթել, որին հետևեց բարձր ձայնով լացը։ Երկար աղոթքից հետո նորից  ծեծեց իմ սենյակի դուռը։
-          Դու իսկապե՞ս հիվանդանոցում էիր,- կրկնեց նույնը հարցը, բայց ավելի անհանգիստ ու նյարդային։
-          Այո՛, և վաղն էլ այստեղից դուրս եմ գալիս,- այս անգամ նյարդերս տեղի տվեցին։
-          Ու՞ր, քեզ տեղափոխե՞լ են,- անակնկալի եկավ խեղճ կինը, որը նաև նրա երազնքն էր։
-          Ուրիշ քաղաք, ասում են՝ այստեղից հեռու է, բայց ավտոբուս կա, եթե ցանկանաս հյուր արի։
Նա այլևս չպատասխանեց, միայն գլխով արեց և փակվեց սենյակում մինչև հաջորդ առավոտ։

Комментариев нет:

Отправить комментарий