вторник, 18 июня 2019 г.

Ամենակարողը (596-րդը)


Բնակարանի տարբերությունը մեծ էր՝ առաջին անգամվանից, երբ ինձ այնտեղ տարավ Ռադան և այդ օրվա, երբ կամավոր ինքս էի հյուր գնացել։ Այն բավականին լուսավոր էր, արևկող ու մաքուր, հարմարավետ էր ամեն առումով՝ ի տարբերություն այն բնակարանի, որտեղից ըստ կոսովոցու, մի քանի շաբաթ առաջ էր Դավիթը տեղափոխվել։
Վերջապես քույրը ծխախոտն անջատեց, ոտքի ելավ։
-          Առաջացեք,- ասաց նա և մոտեցավ ձեռքով բարևեց,- Բարև ձեզ, անունս Լալա է, սուրճ կխմե՞ք։
-          Ուրախ եմ, բայց սուրճի սիրահար չեմ, իսկ այսօր բացառություն կանեմ,- համեստացա ես,- Բայց շատ թույլ,- պատասխանեցի, անդադար հազալով, քանի որ քույր ու եղբայր ծխում էին  միաժամանակ։
-          Դե ինչ, ձեր նոր տեղը հարմա՞ր է, Դավիթը պատմել է ձեր մասին,-  Հարցրեց Լալան, դեմքը խոժոռելով անցավ խոհանոց, քիչ հետո երեք բաժակ սուրճ դրեց սեղանին։
-          Չէի բողոքի, եթե այնտեղ օդ լիներ շնչելու, միշտ խեղդվում եմ, և ամեն երեկո թվում է՝ վերջին անգամ եմ քնում, բայց հրաշագործ Աստծո ողորմածությամբ առավոտներն արթնանում եմ։ Հիմա ուզում եմ այս ամենը պատմել բժշկին, բայց չեմ կարողանում, գուցե օգնե՞ս թարգմանելու հարցում,- դիմեցի Դավիթին, իմանալով՝ նա չորս տարի է, ինչ ապրում է Գերմանիայում և ըստ իրեն՝ կարող եմ ամեն հարցով դիմել։
-          Խնդիր չկա, կգամ, կթարգմանեմ,- հստակ խոստացավ հայրենակիցս, միաժամանակ վառելով հաջորդ ծխախոտը։
-          Երկա՞ր ես հյուրընկալելու եղբորդ,- հարց տվեցի Լալաին, երբ  նստեց սրճելու, իսկ Դավիթը դուրս եկավ պատշգամբ։
-          Չգիտեմ, այ ցավդ տանեմ, ոնց մնամ, այնքան շատ գործեր կան՝ խանութներ ունեմ, թողել եկել եմ։
-          Իսկ հիմա ո՞վ է աշխատեցնում խանութները՝ խանութն այնպիսի բան է, որ չես կարող միանգամից փակել։
-          Մորաքույրս է, նա էլ առանց ինձ չի կարողանում, այնքան կապված ենք իրար հետ։
-          Այդ դեպքում իսկապես երկար մնալ չես կարող։
-          Ձեր գործերն ինչպե՞ս են,- հետաքրքրվեց Լալան,- Հարցազրույց տվե՞լ եք։
-          Ո՛չ, սպասում եմ, արդեն բավականին ժամանակ է։
-          Մենք վերջացրինք, երեկ ես հարցազրույցի էի Թրիրում,- անսպասելի ասաց Լալան։
-          Հյուրերը նույնպե՞ս հարցազրույց են տալիս,- զարմացա ես։
-          Ի՞նչ հյուր, այ ցավդ տանեմ, եկել հանձնվել եմ, բայց սա իմ տեղը չէ,ետ կգնամ։
-          Շուտով տեղափոխվելու եմ Քյոլն, այնտեղ տուն ունեմ,- պատշգամբից ներս մտնելով ասաց Դավիթը և խոսքի արժեքն իմացողի պես թինկ տվեց բազմոցին։ Իհարկե հոգուս խորքում, բացի զարմանալուց նաև նախանձեցի իմ ամենակարող հայրենակիցներին։
-          Իսկ ինչպե՞ս ես կարողացել, ես մի թարգմանիչ գտնել չեմ կարողանում, իսկ դու  մեծ քաղաքում տուն ունես, քրոջդ ես բերել։
-          Դե մի բան գիտենք էլի, որ կարողանում ենք,- մի տեսակ հայական մունաթով պատասխանեց նա, որը նշանակում էր՝ կասկածու՞մ ես։
-          Երկար ժամանակ է տիկին Շուլցին չեմ տեսել, պետք է նաև սոցիալ մտնեմ, ասացի ոտքի կանգնելով։
-          Ի՞նչ սոցիալ, համարյա սոցիալ չկա այստեղ,- ձեռքը թափահարեց Դավիթը։
-          Ինչպե՞ս թե չկա, իսկ տիկին Շու՞լցը։
-          Սոցիալի շենքը վաճառել են, իսկ սոցիալը տեղափոխվել է ուրիշ տեղ, երբ գնում ես Շուլցի մոտ, նա էլ ուղարկում է գլխավորի մոտ՝ Վիտլիխ, այնպես որ նա կարևոր մարդ չէ։
-          Չգիտեի,- անակնկալի եկած՝ ուսերս թոթովեցի ես։ Իհարկե նորությունը սրտովս էր, ուստի բացի հավատալուց նաև դադարեցի հետաքրքրվել սոցիալի նոր իրավունքներով և տեղով։

Комментариев нет:

Отправить комментарий