понедельник, 17 июня 2019 г.

Մարդը՝ ինքն է իմաստավորում կամ իմաստազրկում վերուստ տրված կյանքը (596-րդը)


Անիմաստ օրեր  չեն լինում՝ անգամ ակնթարթներ։ Մարդը՝ ինքն է իմաստավորում կամ  իմաստազրկում վերուստ տրված այդ անգին նվերը, որը տիեզերքի համար ակնթարթ է լոկ և ահա տիեզերային այդ անփոխարինելի նվերը համարյա բոլոր ազուլները սպառում էին ճանապարհներին, կանգառներում, ավտոբուսներում, իսկ եթե կոնկրետ Մանդերշայդում, ապա մասնավորապես սուպերմարկետներ տանող  ճամփին։ Ես էլ այդ զանգվածի մի մասնիկն էի կազմում, որպես թե՛ քայլող թե՛ ուղևոր։
Դավիթն արդեն վերադառնում էր գնումներ կատարած՝ ծանր տոպրակը ուսից կախած․
-          Բարև ձեզ, բավականին ժամանակ է չենք տեսնվել,- մոտենալով, ասաց նա։
-          Էս ճամփեն է մերը, ու՞ր ենք գնում, որ հանդիպենք։
-          Դուք էն ասեք, նոր բնակարանին հարմարվե՞լ եք- հետաքրքրվեց նա։
-          Չհարմարվեմ, ի՞նչ պիտի անեմ։
-          Այո, այստեղ միայնակների հարցը լուրջ է, նրանք հիմնականում մի քանի հոգով են ապրում։ Ձեր բախը բերել է՝ ականջդ դինջ ապրում եք։
-          Այդ իմաստով, այո։
-          Քույրս  է եկել, իրիկունը կգաք  կծանոթանաք,- ասաց Դավիթը։
-          Լավ է, էլ մենակ չես լինի։
-          Նա հյուր է, շուտով պիտի ետ գնա, եկել է մայրիկի գերեզմանին։ Մաման այստեղ է թաղված՝ Քյոլնում։
-          Գուցե դու՞ք եք առաջներում Ռադայի բնակարանում ապրել։
-          Այո,- մի տեսակ հայացքը փախցնելով՝ պատասխանեց նա։
-          Ցավում եմ՝ ձեր մայրիկի համար։
-          Դե առայժմ, իսկ երեկոյան համեցեք մեր տուն, կզրուցենք,- նորից կրկնեց հայրենակիցս, և մենք բաժանվեցինք։
Օրվա երկրորդ կեսին գնացի պոլիկլինիկա։ Ինչպես միշտ, այնտեղ մարդաշատ էր՝ բոլորը գերմանացիներ էին, միակ ազուլն էի հերթի մեջ, և այդ փաստն ավելի ճնշող էր ինձ համար, բայց որքան էլ ճնշեր, պետք է ներս մտնեի, երբ հերթն ինձ հասներ։  Այդ օրը, հիմնականում բողոքումէի օդի անբավարարությունից, սակայն որքան էլ տքնեցի ոչ ոք չհասկացավ իմ «բողոքի լեզուն»։ Բժիշկը խորհուդ տվեց հաջորդ անգամ թարգմանչի հետ գնալ։ Թեկուզ համաձայնվեցի, բայց ու՞մ հետ գնայի։ Գերմաներենը  չհասկանալուց ավելի բարդ խնդիր էր թարգմանիչ գտնելը։ Այդ պահին հիշեցի Դավիթին, քանի որ, երբ Մուսիին խնդրեցի, ասաց՝ աշխատանք է գտել և չի կարող գալ։ Երեկոյան, ավելի շուտ թարգմանիչ գտնելու փափագով, քան հրավիրված լինելու պատրվագով գնացի Դավիթին և նրա քրոջը հյուր։

Комментариев нет:

Отправить комментарий