четверг, 13 июня 2019 г.

Նա չէր համակերպվում իմ տեղափոխման հետ (596-րդը)


Որքան էլ սիրելի է հարազատը՝ ժամանակի հրամայականով նա դառնում է ինքնուրույն՝ այն կարող է լինել նրա կարիերան կամ պարզապես աշխատանքը, ընտանիքը։ Ահա պատճառներ, որոնցով մյուս հարազատն ակամա մղվում է ետ և մնում որպես բարեկամ։։ Ահա՛, այդ բարեկամի կարգավիճակում  էի, այդ հարազատը ես էի, քանի որ Մանեն պետք է մեկներ իր քաղաքն ու իր տունը։
Դուրս եկանք վաղ առավոտյան: Պետք է Մանեին օգնեի, որպեսզի երեխաների հետ տեղ հասներ։  Ճանապարհը երկար էր ու դժվար, քանի որ երկու փոքրիկ երեխաները լացում էին միաժամանակ, ուտել էին ուզում միաժամանակ, սակայն ճանապարհի ողջ ընթացքում  երբեք քնել չուզեցին միաժամանակ, և դա ամենցանկալին էր մեզ համար։
Ես գրկել էի փոքրիկ Հելենին։ Ճանապարհի ոլորաններում հազիվ էի կարողանում պահպանել հավասարակշռությունս, որպեսզի երեխայի հետ չհայտնվեինք ավտոբուսի հատակին։ Մանեն պահում եր Էռնայի անվասայլակը, մեծ ճիգ գործադրելով կտրուկ շրջադարձերում և ընդհանրապես։
Հիմնականում և առհասարակ մեծ խնդիրները լուծվում են մեծ քաղաքներում։ Քանի որ մենք՝ ազուլներս միշտ մեծ խնդիրներ  ենք ունենում, և պատահաբար Մանեի հետ միասին հայտնվել էինք ավելի մեծ քաղաքում, ուստի նրա որոշմամբ, թե խորհրդով միանգամից  չմեկնեցինք Հախենբուրգ, այլ նախ մտանք քաղաքապետարան, և ա՜յ քեզ անակնկալ։ Այնտեղ էին հավաքվել  շատ ազուլներ։ Ես էլ իմ կողմից միացա նրանց։
Ֆաթիման կանգնած էր պատի տակ։ Նա մտահոգ ու հոգնած տեսք ուներ։ Մոտեցա, բարևեցի։
-          Բարև,- պատասխանեց նա, և մենք գրկախառնվեցինք։
Կա բաժանում, որն արժևորում է անձին, և, ահա, որոշ ժամանակ հետո հասկացա՝ աղմուկը մանրունք էր, իսկ գուցե այն պարզապես աղմու՞կ չէր, որ սղոցում էր իմ նյարդերը։ Գուցե ի՞նքս էի իմ խնդիրը։ Գուցե։
Կարևորը Ֆաթիման ևս հասկացել էր՝ հին ընկերները անփոխարինելի են։
-          Ինչպե՞ս ես,- հետաքրքրվեցի ես։
-          Լավ եմ, բայց այդպես էլ ինձ ու որդուս չմիացրին, և ահա այսպես ապրում եմ, մի օր այնտեղ մի օր  այստեղ, կյանքս հիմնահատակ ավիրվեց,- հազիվ արտաբերց նա, սկսեց լաց լինել։
-          Որդիդ միացա՞վ կնոջ հետ։
-          Այո, անհնար էր չմիանալ, երեխա կար արանքը։
-          Իսկ քեզ ընդունե՞ց հարսդ։
-          Այո, որդիս պարտադրեց,- պատասխանեց Ֆաթիման, և նրա պատասխանից կաթում էր տխրությունն ու ափսոսանքը,- Երկու թոռ ունեմ,- ասաց նա և բացեց հեռախոսը, ցույց տալով երկու նորածիններին։ Նրա հայացքը մեծ կարոտով ու սիրով շոյեց այդ փոքրիկների պատկերները և այնքան զգուշությամբ անջատեց հեռախոսը, կարծես վախենալով կորցներ նրանց այնտեղից,- Ջուլի՛, ետ արի միասին ապրենք այնտեղ,- դիմեց նա ինձ, հեռախոսը խնամքով ետ դնելով պայուսակը և կարծես անզորությունից լռեց և օտարի պես մի կողմ քաշվեց։ Ինձ էլ մնում էր քաշվել մյուս կողմը և սպասել հերթի։ Ակնհայտ էր՝ նա չէր համակերպվում իմ տեղափոխման հետ։

Комментариев нет:

Отправить комментарий