воскресенье, 23 июня 2019 г.

Երկար ամիսներ ես ալբանացի էի(596-րդը)


Ավտոբուսը շարժվեց։ Այն երկար գնաց, բայց քաղաքից դուրս չեկավ, կանգ առավ կարմիր, մեծ շենքի բակում, որի ճակատին փակցված էր Գերմանիայի զինանշանը։ Բոլորն ավտոբուսից իջան, ես էլ նրանց հետ, և ոչ թե իջնում էի, այլ կարծես կրկնում էի նրանց յուրաքանչյուր քայլը։ Մեզ մոտեցան համազգեստով երկու ծառայողներ՝ նախ ցուցամատով հաշվեցին մեզ, ապա հրահանգեցին շարվել շենքի մուտքի մոտ՝ միայնակները մի կողմի վրա, ընտանիքները մյուս։ Բնականաբար, սկզբում ընտանիքներին ներս թողեցին, այնուհետև միայնակներին՝ փաստաթղթերն ու պայուսակները կրկնակի ստուգելուց հետո։ Հերթով ներս մտնելով՝ բոլորս հայտնվեցինք երկրորդ հարկի մեծ, կարմիր սրահում, այնտեղ արդեն սպասում էին ուրիշ շատ ազուլներ։ Մենք էլ կարգապահորեն նստեցինք պատի երկայնքով շարված աթոռներին։  Թվում էր՝ այնտեղ յուրաքանչյուրն աշխատում էր թաքուն շնչել, որպեսզի չխախտեր տիրող լռությունը։
Ճամբարի բակից ինձ հետ ավտոբուս նստած կինը քաշվել էր մի անկյունում, կարծես փորձում էր մնալ աննկատ, սակայն շուտով դուռը բացվեց, երևաց փարթամ միրուքով թարգմանիչը։ Նա կարդաց հերթական ազգանունը, նրան մոտեցավ անկյունում ծվարած կինը։ Թարգմանիչը մի քանի հարց տվեց նրան, այնուհետև կինը երկյուղած դուրս եկավ սենյակից՝ հետևելով թարգմանչին։ Քիչ հետո նորից բացվեց դուռը, երևաց հիսունի մոտ մի այլ տղամարդ, մոտեցավ, անծանոթ լեզվով դիմեց ինձ։ Ես ոտքի կանգնեցի և որպես պատասխան պարզապես նայեցի նրան։
-          Դուք Ալբանիայից չե՞ք,- այս անգամ նա դիմեց գերմաներենով։
-          Ո՛չ,- ոչ պակաս զարմացած պատասխանեցի նրան։
-          Իսկ որտեղի՞ց եք,- նա էլ իր հերթին չթաքցրեց զարմանքը։
-          Հայաստանից եմ։
-          Իսկ ինչու՞ են ձեզ գրանցել որպես ալբանացի,- շարունակելով զարմանալ՝ ուսերը թոթովեց ու գնաց՝ առանց պատասխանի սպասելու, որը բնականաբար չունեի։
Մի առ ժամանակ մնացի նստած՝ հետևելով դուրս ու ներս անող ազուլներին և հաճախ կիսաբաց դռնից երևացող  հերթական  թարգմանչին։ Արդեն նախկին համարվող երիտասարդ մի զույգ, միշտ նստած էր սենյակում։ Նրանք բացահայտ քմծիծաղում էին՝ հայացքով ուղեկցելով մոլորված ազուլներիս, իսկ երբեմն պարզապես բարձր ծիծաղում։ Թվում էր՝ նրանց հատուկ դրա համար էին նստեցրել այնտեղ։ Իհարկե ինքս էլ էի վատ  զգում, քանի որ նրանց հայացքին արժանանում էի նաև ես՝ որպես ազուլ։
Նորից բացվեց դուռը, երևաց միջին տարիքի մի տղամարդ, կարդաց իմ անունը։  Ոտքի կանգնեցի, հուշիկ քայլերով մոտեցա նրան՝ աշխատելով սխալ թույլ չտալ, որպեսզի չարժանանամ անծանոթ զույգի քննադատական հայացքներին ու քմծիծաղին, սակայն չգիտեմ թե որքանով այն ինձ հաջողվեց։
-          Բարև ձեզ, դուք հա՞յ եք,- հարցրեց տղամարդը հայերենով։
-          Այո։
-          Իսկ ինչու՞ են ձեզ գրանցել որպես ալբանացի։
-          Ի՞նչ իմանամ,- պատասխանեցի՝ կիսահուսահատված ու հիասթափված, ուսերս վեր քաշելով, հիշելով ճամբարի ալբանացի սեքյուրիթիին։
-          Եկե՛ք ինձ հետ,- առաջարկեց նա, ես ուրախացած հետևեցի նրան, իհարկե դուրս գալուց՝ թաքուն մի հայացք գցելով տարօրինակ զույգի կողմը՝ նրանք իրար ականջի քչփչում էին։ Առանց մտածելու, թե ուր կարող էր առաջնորդել այդ տղամարդը, դուրս նետվեցի՝ կարծես փրկվելով մեծ աղետից։
-          Աշխատեք չլարվել,- խորհուրդ տվեց թարգմանիչը, երբ մոտեցանք երրորդ հարկի դռներից մեկին։
Ներսում նստած էին երկու հոգի։ Երիտասարդը դուրս եկավ, մնաց գերմանուհին։ Նա, առանց մեր կողմը նայելու, պատասխանեց մեր բարևին, այնուհետև նստեցի թարգմանչի ցույց տված աթոռին։
Ըստ գերմանացի կնոջ՝ այն իմ փոքր հարցազրույցն էր, որին ամենաքիչն էի սպասում, որքան էլ Թրիր գնացած լինեի հենց այդ նպատակով։
-          Ձեզ լա՞վ եք զգում,- հարցրեց գերմանուհին։
-          Այո։
-          Պատրա՞ստ եք պատասխանել տրվող հարցերին։
-          Այո։
Լսվող հարցերն օտար չէին՝ նրանք իմն էին, իմ կյանքի մասին, սակայն խառնում էի ու խառնվում, ինչպես բոլոր դեպքերում, իսկ պատասխանից հետո, վախեցած նայում էի իմ կողմը չնայող կնոջը, իսկ նա կլանված էր համակարգչով։
Տիրեց լռություն, այնուհետև թարգմանիչը  շշուկեվ հուշեց․
-          Կարծում եմ այստեղ վերջացրինք։
-          Ուրիշ տե՞ղ էլ կա,- ավելի վհատվեցի, քանի որ լարվածությունից արդեն սպառվել  էի։
-          Այստեղ սպասեք, մինչև ձեզ կկանչեն,- առաջարկեց թարգմանիչը, երբ ինձ ուղեկցեց երկրորդ հարկի մի այլ մեծ սրահ, որտեղ գերակշիռ գույնը նույնպես  կարմիրն էր, բայց այն հարուստ էր գրքերով ու ամսագրերով։
Սրահում, աթոռին կուչ էր եկել, առավոտյան Թրիրից ինձ հետ ավտոբուս նստած կինը՝ նա ավելի վհատված տեսք ուներ, քան առավոտյան։ Ինձ տեսնելով՝ փորձեց ձգվել, սակայն որքան էլ աշխատեց ժպտալ, չկարողացավ։ Նրա աչքերը ակնթարթորեն լցվեցին ու դատարկվեցին արտասունքով, սակայն բառ անգամ չկարողացավ արտասանել, միայն  ձեռքի շարժումով հասկացրեց հարցը․
-          Վե՞րջ։
-          Ո՛չ,- պատասխանեցի նրան, ինքս էլ ոչ պակաս ընկճված։ Այնուհետև մեր երկուսի լեզվի չիմացությունը տևական ժամանակ մեզ գամեց աթոռներին՝ յուրաքանչյուրիս սրահի տարբեր անկյուններում։

Комментариев нет:

Отправить комментарий