четверг, 27 июня 2019 г.

Մուսիի կինը (596-րդը)


Դասերը սկսվում էին հաջորդ օրը։ Նորից պետք է դասի գնայի։ Ինչպես արդեն նշել եմ, իմ ամենաչսիրած զբաղմունքն էր, և այն բերել էի մանկությունից, եթե հաշվի առնենք նաև, թե որքան անընդունակ աշակերտ էի էրիթրացիներից, աֆղաններից և պարսիկներից հետո՝ այս դեպքում անտեսելով արաբներին։
Երկու շաբաթյա դադարից հետո, առաջին օրը դասի էին եկել աֆղան ամուսինները և  երիտասարդ աֆղանը, իհարկե նաև ես։
Ընդմիջումից հետո, եկավ նաև Մուսին՝ կնոջ հետ։ Նրանք իրենց հետ բերել էին ութ ամսական որդուն։ Այդ փոքրիկի աչքերը կանաչ էին, ինչպես զմրուխտը։ Նա զարմացած, երկար նայում էր շուրջը։ Մայրը նրան դրեց հատակին, միացավ դասին՝ նստելով իմ կողքի աթոռին։
-          Բարև ձեզ։
-          Բարև, Մուսիի կի՞նն եք,- հարցրի, չնայած մի անգամ տեսել էի նրանց միասին մարկետում։
-          Այո, երեխաները փոքր են, ամեն անգամ չեմ կարողանում մասնակցել դասերին,- բողոքեց նա։
-          Քանի՞ երեխա ունեք։
-          Երեք։
-          Քանի՞ տարեկան եք։
-          Քսանվեց, մեզ մոտ վաղ են ամուսնանում։ Մեծ աղջիկս արդեն երկրորդ դասարան է։
-          Մի տեսակ ստացվում է՝ ծնվել եք ամուսնանալու համար։
-          Ոչ, նաև միաժամանակ բարձրագույն եմ ավարտել։ Անկեղծ՝ չեմ դժգոհում, ես երիտասարդ կլինեմ, երբ իմ երեխաները կյանք կմտնեն։
-          Մի կողմից լավ է, մյուս կողմից էլ, մինչև նրանք մեծանում են, մեզանից բան չի մնում։
-          Դուք ինչպե՞ս եք,- հարցրեց նա ցածրաձայն, քանի որ դասատուն դասը սկսել էր։
-          Շնորհակալ եմ, լավ։
-          Ձեր աղջկան բարևեք, նա մեզ շատ է օգնել։
-          Որտեղի՞ց գիտեք իմ աղջկան,- զարմացա ես։
-          Մուսին ձեզ միասին տեսել էր պատշգամբից և ճանաչել էր նրան։ Ճամբարում միասին էինք։
-          Նա պատմում էր չեչեն ընտանիքի մասին, պարզվում է՝ դուք եք այդ ընտանիքը։ Անպայման կբարևեմ։
-          Մենք պարտական ենք նրան, երեխան գրկին, ինքն էլ հյուծված, ոչ ոքի չէր մերժում։
-          Այո, եթե հարցն առողջությանն էր վերաբերվում, ինչպե՞ս մերժեր։
-          Այստե՞ղ եք եղել արձակուրդներին։
-          Այո, եթե հաշվի չառնենք հարցազրույցի գնալը։
-          Ձեզ  հիմա են կանչել, իսկ մեզ վաղուց արդեն մերժել են,- ակամա տխեց նա։
-          Ի՞նչ տարբերություն, վաղուց մերժվել, թե մի քանի ամիս առաջ կամ հետո։
-          Այո, բայց ինձ համար չեմ մտածում, պարզապես դժվար կլինի երեխաների հետ։ Շատ եմ անհանգստանում նրանց համար։
Երբ մեր զրույցը քաղցրացավ, դասատուն հայացքով հասկացրեց՝ լռել և մենք լռեցինք։

Комментариев нет:

Отправить комментарий