среда, 19 июня 2019 г.

Ինչ պատճառ էլ ասեի, նա մնալու էր իր կարծիքին (596-րդը)


Վերջապես, երեկոյան մոտ հասա տեղ։ Տուն չգնացի, այլ միանգամից գնացի Մուսիին տեսնելու, սեղմեցի դռան զանգը։
-          Ո՞վ է,- ներսից լսվեց կանացի ձայնը։
-          Ես եմ, երևի չեք ճանաչում ինձ, Մուսիին կուզենայի տեսնել,- և մինչ բացատրում էի, թե ում եմ ուզում տեսնել, երևաց քնատ ու դեռ արթնանալու ճիգ անող ինքը՝ Մուսին։
-          Բարև ձեզ,- բարևելու հետ սկսեց աչքերը տրորել ձյունաճերմակ ու փափլիկ ձեռքերով։
-          Բարև։ Չե՞ս օգնի, ուզում եմ սոցիալ մտնել, սակայն հազիվ թե կարողանամ նորմալ խոսել։
-          Կօգնեմ, բայց արդեն աշխատանքային ժամն ավարտվել է, եկեք վաղը, միասին կգնանաք։
-          Իսկ որտե՞ղ է հիմա սոցիալի շենքը,- հետաքրքրվեցի ես։
-          Այս դիմացի շենքն է, բայց արդեն փակ է, իսկ քիչ ներքևում ֆրաու Շուլցն է ապրում,- բացատրեց Մուսին։
-          Դե լավ, մինչ վաղը,- մաղթեցի ես և տխուր վերադարձա։ Դրսի դուռը բացելիս՝ մի բան ընկավ գլխիս, ճչացի, սատկած մուկը գլխիս վրայից ընկավ ոտքերիս առաջ։ Վերև նայեցի, երկրորդ մուկը պարզապես ճզմվել էր դռան վերևի անկյունում, և որտեղի՞ց էին հայտնվում այդքան շատ մկներ, այն էլ, ոչ թե դռան ներքևից, այլ վերևից։ Ամեն անգամ երկար փնտրում էի, այդպես էլ չգտնելով հանելուկը, լուռ քաշվում էի իմ անկյունը՝ տհաճ զգացողությամբ, որից երկար ժամանակ կորցնում էի ախորժակս։ Մի կերպ մկներից ազատվելով՝ երկար ժամեր նստում էի բազմոցին, նայում լուսամուտից դուրս, որտեղից երևում էր մի պատառիկ ամպամած երկնքից։ Ուզում էի շարժվել, բայց չէի կարողանում վեր կենալ և մնում էի նստած այնքան ժամանակ, մինչև պարզապես դուրս էի փախչում շնչելու համար, նորից ակամա քայլերն ինձ տանում էին դեպի անտառ, ուր լռությունը խոսում էր բնության լեզվով, և հաճախ անտառի միակ ունկնդիրն էի դառնում։
Հաջորդ առավոտյան նորից գնացի սոցիալ։ Մինչև մտնելը, սկզբում գնացի Մուսիի հետևից։
-          Բարի առավոտ,- դռնից դուրս գալով՝ մաղթեց նա։
-          Բարև, նորից քունդ խանգարեցի,- փորձեցի արդարանալ՝ նկատելով նրա ճմրթված դեմքը։
-          Ո՛չ, պետք է արթնանայի այսպես թե այնպես,- պատասխանեց նա, ապա հարցրեց,- Ի՞նչ խնդիր է սոցիալի հետ ծագել։
-          Մի անգամ Դավիթն ինձ ասել էր՝ սոցիալն այլևս տեղ չունի նստելու, ես էլ հավատալով մի քանի ամիս չեմ ներկայացել նրան, հիմա խնդիր ունեմ սոցիալի հետ։
-          Ի՞նչ խնդիր է։
-          Գումար չի փոխանցել իմ հաշվին։
-          Ոչ ոքի հավատալ պետք չէ, Դավիթին՝ առավել ևս, նա կարող է նայել աչքերիդ ու ստել, ստելը նրա հոբին է,- ասաց Մուսին, սկսեց ծիծաղել,- Իր ասելով՝ ինքն արդեն պետք է Քյոլնում լիներ, երևի ձեզ էլ է նույն բանն ասել։
-          Այո, ինձ էլ է մի քանի անգամ ասել՝ առաջարկելով իր բնակարանի կահույքը։ Իր սուտն իր գլխին, եթե այն չի վնասում ինձ, բայց արի ու տես՝ վնասում է։
-          Ինչպե՞ս։
-          Անցած անգամ նրա պատճառով ստախոս դուրս եկա բժշկի մոտ, խոստացավ ու չեկավ թարգմանելու, հիմա էլ սոցիալի պահով։
-          Ի՞նչ լեզվով։
-          Բնականաբար գերմաներեն։
-          Գերմաներե՞ն, ասելն էլ լավ չլինի, բայց նա գերմաներեն միայն «հալլոն» գիտի,-  կիսատ ժպտաց Մուսին։
-          Կարո՞ղ ես սոցիալին ասել՝ այստեղ եմ եղել, պարզապես չեմ այցելել նրան, քանի որ առիթ չի եղել, իսկ ավելի ստույգ տեղը չգիտեի,- առիթից օգտվելով՝ խնդրեցի չեչեն «հայրենակցիս»։
-          Իհարկե կգամ ու կասեմ, միայն թե  լվացվեմ, քնած էի:
Ուրախացա և մնացի այնտեղ, մինչև նա ետ եկավ՝ բավականին թարմացած, աչքերը լրիվ բացված:
Տիկին Շուլցը տեղում էր: Մեր բարևին պատասխանեց սառը և ավելի սառը մի հայացք նետեց ինձ վրա, ես էլ մեղավոր աշակերտի պես գլուխս կախեցի՝ ձեռքս բռնած իմ ավարտած և արդեն թարգմանված վեպը, որով ուզում էի նրան ասել, թե տեղում եմ լինում, պարզապես չեմ երևում և ընդհանրապես առիթ չի լինում։
-          Ես նրա գումարը փոխանցել եմ, թող կեսօրից հետո գնա ստանա,- առանց իմ կողմը նայելու՝ միանգամից դիմեց Մուսիին, իսկ նա, որպես թարգմանիչ, փոխանցեց  ինձ, ապա նայեց ձեռքիս թղթապանակին,- Ի՞նչ է դա։
-          Ուզում եմ ասել՝ այստեղ եմ եղել, ահա փաստը, այդ ընթացքում մի ամբողջ վեպ եմ ավարտել։
Տիկին Շուլցը տեղից վեր կացավ, մոտեցավ, վերցրեց այն և ուշադիր թերթեց՝ առանց կարդալու։
-          Այն հրատարակելուց հետո պետք է ամսեկան հաշվետվություն ներկայացնեք ինձ,- հրահանգեց նա՝ վերադարձնելով թղթապանակը, նորից նստեց տեղը։
-          Անշուշտ։ Շնորհակալ եմ,- , մինչև իմ պատասխանելը, նա խորացավ համակարգիչի մեջ, իսկ մեզ մնում էր դուրս գալ այնտեղից, քանի որ այլևս չնայեց մեր կողմը։
-          Կուզենայի ասել, թե ինչու՞ չեմ այցելել սոցիալ, բայց նա թույլ չտվեց,- բողոքեցի թարգմանչիս, երբ արդեն դրսում էինք։
-          Ինչ պատճառ էլ ասեք, նա մնալու է իր կարծիքին, այնպես որ եկեք գնանք օգնեմ գումարն ստացեք,- անսպասելիորեն առաջարկից բավականին փոխվեց տրամադրությունս, բայց երբ Մուսին ստուգեց, պարզվեց գումար չկա իմ հաշվին,- Երևի դեռ չի նստել գումարը, միանգամ էլ կեսօրից հետո կգաք,- ափսոսանքով ասաց  նա։
-          Շնորհակալ եմ,- ավելի տխրեցի ոչ այնքան գումարը չլինելու համար, որքան նորից պետք է սոցիալ մտնեի և նորից տքնեի ինչ որ բան հասկացնելու իմ չիմացած գերմաներենով, ուստի վերադարձա գլխահակ ու մտքերով տարված։ Սակայն ինձ օգնեց դուրս գալ տանջող մտքերից ցանկապատի այն կողմից հանկարծ ինձ վրա հաչացող շունը, որից ոչ միայն ուշքի եկա, այլ վախից սկսեց ձեռքերս դողալ։ Նրա հաչալն այնքան սարսափելի չէր, որքան ցանկապատի մյուս կողմից ինձ վրա կախված մեծ գամփռի գլուխը՝ երախը բացած։

Комментариев нет:

Отправить комментарий