среда, 26 июня 2019 г.

Խուճապը ստիպում է սխալ որոշում կայացնել (596-րդը)


Իրավունք չունեի բացակայելու Մանդերշայդից, և այդ իրավունքը փոխվել էր վախի՝ ես վախենում էի սոցիալից։
Հաջորդ առավոտյան ճամփա ընկա։ Արդեն ծանոթ, Գերմանիայի ճանապարհները հիմնականում անցնում էին անտառներով և ահա անտառամիջյան  ճանապարհներից մեկում անսպասելի կանգ առավ գնացքը, բոլորը դուրս նայեցին։ Իհարկե ես ոչ միայն դուրս նայեցի, այլև նայելու հետ մեկտեղ, ճամպրուկս քարշ տալով մոտեցա ելքին։ Մի ակնթարթում աշխարհը ցրտեց և մտովի ինձ համարեցի արդեն կորած ու անհայտ։ Ուզում էի դուրս գալ ու փախչել կանգնած վագոնից, բայց ու՞ր, չէ որ բոլորը հանգիստ էին տանում գնացքի խափանումը, չգիտեմ․․․ գուցե մենակությու՞նն էր իմ սարսափի ակունքը։ Գուցե։ Ցանկանալով անհետանալ ստեղծված իրադրությունից՝ առաջ էի մղվում՝ քարշ տալով ճամպրուկս։ Գուցե իմ խուճապը տեղի՞ն չէր, բայց նախազգացումս տեղը տեղին էր։ Հայտարարվեց՝ ճանապարհի խափանման պատճառը հրդեհն է: Հետևաբար, ցանկացողները պետք է լքեին գնացքը, եթե չէին ուզում նորից վերադառնալ Կոբլենց։
Որքան էլ սխալված չլինեի, երևի բոլորից առավել էի սարսափում, քանի որ առանց այդ էլ ուշ էի դուրս եկել Հախենբուրգից։ Թվում էր՝ գնացքը խափանվել է՝ գողանալու իմ մնացած ժամանակը, որպեսզի ի վերջո հայտնվեմ դրսում, ավելին՝ անտառում։ Դուրս եկա, քայլեցի՝ չիմանալով, որ կողմ գնալ, այնուհետև նորից, առանց մտածելու, նստեցի նույն գնացքը, և այն ըստ հայտարարության ետ էր դառնում Կոբլենց։ Տեղս չէի գտնում, մտածելով․ « Ասենք թե հասա Կոբլենց, այնուհետև ու՞ր, ո՞ր կողմ, չէ՞ որ օրը վերջանում է», բայց հանկարծ գնացքը նորից կանգ առավ, քարշ տալով ճամպրուկս՝ շտապեցի դուրս նետվել և ինչպիսի՜ հաջողություն՝ ստացվեց։ Գնացքը շարժվեց, իսկ ես մնացի բոլորի հետ կանգնած կանգառում։ Պատահած անհաջողությանը հետևեց հաջողությունը։ Չէր անցել վայրկյաններ, երբ հաղորդեցին եկող՝ հաջորդ գնացքի մասին։ Բոլոր ուղևորների հետ ես էլ նստեցի։
-          Գնացքը շարունակում է ճանապարհը,- արված հայտարարությունից հետո գնացքը շարժվեց։ Ինձ մոտ  շատ հազվադեպ է պատահում  չսխալվելը, ահա այդ հազվադեպերից մեկը, որն ինձ փրկեց անմիտ վերադառնալուց դեպի մեծ քաղաք, այն ինչ, մինչև Վիտլիխ մնացել էր ընդամենը մեկ կանգառ։ Ահա՛, թե ինչպես է խուճապը ստիպում մարդուն սխալ որոշում կայացնել, իսկ հաճախ այն կարող է փոխել մարդու ողջ կյանքը, իհարկե ոչ նման դեպքում։
Օրվա ճամփորդությունը սկզբից էլ, կարծես ինձ տանում էր դեպի ոչ մի տեղ, սակայն, որքան էլ մոլորյալ լինեի, հերթական ավտոբուսն ինձ հասցրեց Մանդերշայդ, երբ օրն արեն թաղվել էր մայրամուտում։ Ինչպես միշտ, վախվորած բացեցի դուռը։ Սկզբում վերև նայելով՝ մուկ չընկավ գլխիս, այնուհետև ներս մտա։ Որոշ ժամանակ մնացի լուսամուտի մոտ կանգնած, ապա կուչ եկա երկտեղանոց հնամաշ բազմոցին, այդպես էլ քնեցի։

Комментариев нет:

Отправить комментарий