четверг, 27 июня 2019 г.

Դասերն ավարտվեցին (596-րդը)


Երկրորդ օրը, ուղիղ մեկ ժամ ուշացած՝ դասարան մտավ սոմալեցի մի երիտասարդ՝ առանց լվացվելու, քունը դեռ գլուխը։ Կարծես դեռ տքնում էր արթնանալ՝ աշխատելով բացել կիսախուփ և ուռած աչքերը։ Նստեց ամենավերջում, անտարբեր նայեց այս ու այն կողմ։ Դասատուն ստիպված էր նրան տալ իր գիրչը, իսկ տետրի հարցն ավելի լուրջ եղավ, ես էլ ստիպված էի հրաժեշտ տալ իմ տետրի մի քանի թերթերի, բայց դեռ չէինք սկսել գրել, երբ նա տեղից վեր կացավ, ալարկոտ ուղղվեց դեպի դուռը։ Դասատուն զարմացած նայեց նրան, իսկ նա իր հերթին բռնեց փորը՝ ծամածռելով դեմքը։ Դասատուին մնում էր գլխի շարժումով համաձայնվել, և նույն պահին նա աշխուժացած լքեց դասարանը։ Առաջին և վերջին անգամ տեսա նրան դասարանում, բայց հաճախ տեսնում էի խանութի ճամփին՝ նույն գզգզված ու անլվա տեսքով։ Թվում էր՝ նա այդպիսին ծնվել էր և դեռ չէր հասցրել արթնանալ։
Դասերը տևեցին երկու ամսից ավել։ Այն բոլորի համար  մի տեսակ երկար թվաց։ Վերջին օրերին դասերին համարյա միշտ ներկա էինք լինում մի քանի հոգի։ Դասերն արդեն վերջանում էին։ Դասատուն կարևոր հայտարարություն արեց, որից ոչինչ  չհասկացա, ուստի դիմեցի չեչենուհուն։
-          Ի՞նչ է ասում նա։
-          Նա ասում է՝ քանի որ սկսվել է «Ռամադանը», ուստի դասերն ավարտվում են քսանվեցին, այսինքն մի քանի օր ավելի վաղ, քան պետք էր,- բացատրեց նա։
-          Դու ամբողջ օրը տանն ես, որտեղի՞ց ես սովորել գերմաներենը,- հետաքրքրվեցի, քանի որ իսկապես հետաքրքիր էր ինձ համար, չէ՞ որ ես էլ էի տանը շատ կարդում և վերջապես ամեն օր դասի էի գնում․․․
-          Աղջիկս դպրոց է հաճախում, դե ես էլ օգնում եմ նրա տնային աշխատանքներին, բայց կարծում եմ՝ դեռ այնքան էլ լավ չգիտեմ, խոսելու համար փորձ է հարկավոր, իսկ փորձի համար մարդիկ, որպեսզի հնարավոր լինի շփվել։
-          Իսկ հաջորդ դասերը ե՞րբ են սկսվելու,- իմ խնդրանքով դասատուին հարցրեց նա։
-          Ստույգ չեմ կարող ասել, բայց երևի սեպտեմբերի կեսերից,- պատասխանեց դասատուն, սկսեց  բարձր ծիծաղել։
-          Վաղը, երեկոյան համեցեք մեզ մոտ՝ Ռամադանին մասնակցելու, մենք շատ ուտելիք ենք պատրաստելու,- չեչենուհին դիմեց դասատուին, նա էլ իր կողմից սիրալիր ժպտաց և համաձայնվեց։ Իհարկե հոգուս խորքում ես էլ չէի հրաժարվի, բայց պարզվեց գտածս «բարեկամները» դեռ օտար էին։
Երբ դասն ավարտվեց, ներկա գտնվողներն իրար հրաժեշտ տվեցին, մինչև հաջորդ դասերի սկսվելը, այսինքն սեպտեմբեր ամիսը։ Չնայած ոչ ոքի հետ չէի մտերմացել, բայց բաժանումը տխրեցրեց ինձ։ Գուցե մշտական ուղեկից մենակությու՞նն էր, որ վաղուց ծանր նստած էր սրտիս վրա։ Գուցե։

Комментариев нет:

Отправить комментарий