воскресенье, 2 июня 2019 г.

Ֆաթիման և Սոմալին (596-րդը)


«Ռամադանն» սկսվել էր, երբ զավակների մոտից վերադարձավ Ֆաթիման։ Նա իր ներկայությունն զգացնել էր տալիս,  հիմնականում լսվող լացի ձայնով, իսկ երբեմն էլ տողորման ձեռքին, երբ նստում էր ընդհանուր սենյակում՝ անդադար աղոթք մրմնջալով։ Այդ կնոջ հավատքը նման էր տառապանքի։ Ինձ համար ցավալի էր տեսնել այդ ամենը։ Նրա օրերն անցնում էին սպասումով, որին սփոփում էր սրտաճմլիկ լացն ու աղոթքը։ Ֆաթիմայի շուրթերը սմքել էին, դեմքը դալկացել էր։ Առաջին օրերի Ֆաթիմայի ստվերն էր մնացել։ Նա ընտանիքի միությունն էր ուզում։ Ահա՛, նրան երջանկացնելու միակ միջոցը, որն անտեսել էին իրավասուները դեռ ճամբարից՝ բաժանելով  զավակներից, ում  համար նա հասել էր Գերմանիա։
Առավոտից երեկո, Ֆաթիման սնվում էր միայն աղոթքով, օր-օրի գունատվում էր ու հալումաշ լինում։ Նա սնվում էր, երբ համարյա օրը մթնած էր լինում։ Ուտում էր արագ ու շատ։ Այնուհետև նորից մտնում էր սենյակը, որին հետևում էր բարձր լացը։
Սոմալին ընկերների մոտից վերադարձավ միայն երկու ամիս հետո։ Թակեց իմ դուռը, տխուր ինձ մեկնեց մի նամակ, սկսեց լաց լինել։ Խափանված ջեռուցման համար սոցիալը նրանից գանձել էր 286 եվրո և մի քանի ցենտ։
-          Ինչ՞ է պատահել,- զարմացած նայեցի նրան։
-          Դու ես ասել, որ ես եմ խափանել ջեռուցումը,-մի կերպ հասկացրեց նա՝ ապա անսպասելի  խուժեց սենյակը՝ ցույց տալով կարգավորիչը։ Հասկանալով ասելիքն՝ ավելի զարմացա, քանի որ ոչ ոքի հետ խոսք անգամ չէր եղել  այդ մասին, եթե անտեսենք, նրա՝ իմ սենյակը գրավելու փաստը։
-          Ո՛չ,- պարզապես պատասխանեցի նրան, քանի որ ավելին բացատրել անկարող էի, իսկ նա իր հերթին անկարող էր հասկանալ։
 Եկավ  Ֆաթիման։
-          Դու՞ ես սոցիալին ասել, ես եմ փչացրել ջեռուցումը,- այս անգամ Սոմալին  դիմեց  Ֆաթիմային արաբերեն։
-          Նրանք ուզում էին ինձանից գումար գանձել, ես էլ ասացի, որ Սոմալին էլ է փչացրել,- պատասխանեց նա։ Ֆաթիմայի պատասխանից վեճը բորբոքվեց իրենց մայրենի լեզվով՝ արաբերենով, այս անգամ՝ ոչ իմ մասնակցությամբ, ուստի փակվեցի սենյակում։  Վեճից հետո Սոմալին նորից ծեծեց իմ դուռը։
-          Ասա՛ սոցիալին՝ ես չեմ փչացրել,- երբ դուռը բացեցի, աղաչական դիմեց նա, լաց լինելով։
-          Կփորձեմ,- ավելի շատ գլխի շարժումով հասկացրի նրան, իսկ նա, երեխայի պես ուրախացած, ժպտալով գնաց։
Որքան էլ իմ բախտակիցները նյարդացնեին իրեց հեռախոսացրույցներով, միևնույն ժամանակ հասկանում էի՝ նրանք ելքից ելք էին որոնում՝ միանալու հարազատներին, ուստի հանդուրժելը դառնում էր իմ միակ ելքը, քանի որ ինքս էլ ավելի լավ վիճակում չէի։

Комментариев нет:

Отправить комментарий